Լրահոս
Օրվա լրահոսը

Սերմից է ծնվում վաղվա բերքը

Հուլիս 30,1998 00:00
sermer

Բայց՝ ոչ մարդասիրական օգնության ժամկետանց սերմերից

Գյուղատնտեսական գաղութացում

Օրեր առաջ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Պտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Ար. Նազարյանը բողոքում էր այն երեւույթի դեմ, որ մենք կամաց-կամաց դառնում ենք շուկա՝ արտասահմանյան սերմերի համար, որոնք հիբրիդներ են, հիբրիդային առաջին սերունդ, որը կցանվի միայն մեկ տարի, իսկ հաջորդ տարի նորից կախյալ վիճակի մեջ ենք հայտնվելու։ Նա այս երեւույթը բնորոշեց իբրեւ գյուղատնտեսական գաղութացում։ Այսօր Ագրոարդի աշխատողների արհմիության Էջմիածնի տարածքային խորհրդի նախագահ Վալտեր Ասատրյանը մեզ տրամադրեց սերմերի այս գեղեցիկ, փայլուն ու գայթակղիչ փաթեթները եւ պարզաբանեց.

– Այս սերմերը (լոբու, սիսեռի, վարունգի, կաղամբի) ես վերցրի Էջմիածնի ՄԱԿ-ի գրասենյակից, որպեսզի իմ տնամերձ հողամասում փորձեր դնեմ, իբրեւ բազմամյա գյուղատնտես։ Նրանք սիրով ինձ հատկացրին 220 դոլարի արժողությամբ սերմ։ Ցավոք սրտի, երկու անգամ ցանելուց հետո ոչ մի հատիկ չծլեց։ Պարզվեց, որ բոլոր սերմերը ժամկետանց են։

Ժամկետանց, ոչ ծլունակ սերմերի մասին պարզաբանումներ խնդրեցինք գյուղնախարարության Սերմնաբուծության, բուսաբուծության եւ տնկարանային տնտեսության վարչության պետ Ալֆրեդ Խաչատրյանից։

Միլիոն 600 հազար նախշուն փաթեթ

Պարոն Խաչատրյանի ասելով, երկու տարի է, ինչ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հումանիտար օգնության կարգով բանջարեղենի սերմեր է բերում։ Նախարարությունը 19.11. 97 թ. թվագրությամբ նամակ է ստացել, որ այդ սերմերը բերվելու են, իսկ 1998 թ. մարտի 29-ին տեղյակ է պահվել, որ սերմերը ստացված են։ Ըստ մարզերի կազմվել է նվիրատվության բաշխման պլան, մշակվել վերահսկման մեխանիզմ։ Նախարարությունը թույլ է տվել, որ իր համակարգի պահեստներում պահվեն այդ սերմերը։ Սերմերը տեսակավորելուց ու անալիզ անելուց պարզվել է…

– Պարզվեց, որ բոլոր սերմերը 95 թ. ստացված սերմեր են. պարզապես գունավոր, զիզի-բիզի թղթերով քողարկված խաբեություն է։ Ես միանգամից հրաժարվեցի, ասելով, որ այդպիսի սերմ չեմ ընդունում։ Նախարարությունը նամակ է հղել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Թոմաս Բիրաթին, տեղեկացրել, որ ոչ կոնդիցիոն սերմանյութի քանակը ենթակա է ոչնչացման։ Նամակը գրվել է ճիշտ ժամանակին՝ 5.03.98 թ.։

Ձրի ապրանքը չի ծլի

Տեսակավորելուց հետո 15 հազար փաթեթ համարվել է ծլունակ, եւ նկարված այս փաթեթները դրանք են։ Այսինքն՝ սերմ, որը ցանում ես, բայց չի ծլում։ Ագրարագյուղացիական միությունը սկսեց զբաղվել այս գործով, հեռուստատեսությամբ ելույթներ ունեցան, կարծիքներ հայտնեցին։

– Մեր նախարարության դռները դրանից հետո ջարդում էին՝ թե սերմ տվեք։ Իրենց փտած ապրանքը բերում են, թե՝ ձեզ նվեր։ Նվիրատվությունը տեսել են Ալավերդիում՝ սեղանիկի վրա։ Մարդի՛կ, մի՛ գնեք այս փայլուն փաթեթները։

Մերը լավն է, բայց մի քիչ՝ թանկ է

Ըստ պարոն Խաչատրյանի, սերմնաբուծությունն այն բնագավառն է, որտեղ մենք ուժեղ ենք, որին մեծ ուշադրություն է դարձվում։ «Սորտսերմբանջար» ՓԲԸ- ում վաճառվում են տեղական սերմեր, որոնք էժան են, իսկ Բանջարբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտում ստանում են էլիտա սերմ, որը թանկ է։ Ինչպես բոլոր, այնպես էլ՝ այս դեպքում՝ թանկից էժանը չկա։

Գ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031