Յուրաքանչյուր լեզվաբան առանց ավելորդ ջանքերի ձեզ կապացուցի, որ ստուգաբանությունն ու զգացմունքայնությունն անհամատեղելի երեւույթներ են։Կուզեք՝ եղածն ընկալեք իբրեւ չար կատակ, սակայն ռոմանտիզմն այստեղ այլեւս տեղ չունի։ Եվ նույնիսկ սիրո պես ազնվագույն զգացմունքն իր մեկնությունը կգտնի միանգամայն այլ շեշտադրությամբ։ Պարզվում է, որ «սեր» բառը հնդեվրոպական նախալեզվի բայարմատ է, որ սկզբնապես նշանակել է ոչ այլ ինչ, քան «պառկել»։ Իսկ ահա նույնքան գրավիչ «ընտանիք» բառը շատ ավելի պարզ կառուցվածք ունի եւ ձեւավորվել է «տանիքի տակ», «նույն հարկի տակ» իմաստից։ Իհարկե, կարելի է սիրել եւ ընտանիք կազմել առանց այս ամենն իմանալու, ինչը հազարամյակներ շարունակ արվել ու արվում է։ Նույն կերպ ամուսնության ծեսն իր արարողակարգային մանրամասներով ոչ միշտ է բացատրելի ու ընկալելի։ Բայց միթե դա խանգարում է, որ նվազագույնը տարին մեկ անգամ մեր բակում էլ հարսանիք լինի ու նորանոր զույգեր լրջորեն նախապատրաստվեն մի բարձի ծերանալու համար։ Սակայն արի ու տես, որ նույնիսկ այս դեպքում կողմնակի միջամտությունները դարձյալ անխուսափելի են, եւ իրենց հետեւողականությամբ լեզվաբաններին չեն զիջում վիճակագիրները՝ համառորեն հաշվելով նորապսակների կոտրած ափսեներն ու փոխանակած մատանիները։
Հեռուն չգնանք, որովհետեւ հենց հայերիս համար կան որոշակի թվային տվյալներ։ Եթե լավատեսորեն ընդունելու լինենք այն փաստը, որ ներկայումս երկրագնդի վրա ապրում են 5,5-6 միլիոն հայեր, ապա համաձայն վիճակագրական պնդումների, յուրաքանչյուր օր աշխարհում միջին հաշվով 300 հայ է ամուսնանում, կամ այլ կերպ ասած՝ 150 զույգ։ Դա նշանակում է, որ 1 տարվա ընթացքում յուրաքանչյուր 50 հայից մեկը համարձակություն է ունենում իր կյանքի կարեւորագույն քայլերից հերթականը կատարել, որի արդյունքում ամուսնացող հայերի թիվը տարեկան կազմում է շուրջ 110 հազար (55 հազար երջանկության հավատացող զույգեր)։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե հատկապես ե՞րբ են սիրում ամուսնանալ մեր հայրենակիցները։
Պատմությունը պնդում է, որ դարեր առաջ Հին Հայաստանում ամենաշատ հարսանյաց հանդեսներ տեղի էին ունենում օգոստոսին։ Եվ դա ամենեւին էլ տարօրինակ չէր։ Պարզապես հեթանոս հայերի մոտ նոր տարին սկսում էր Նավասարդի 1-ին, որը համապատասխանում է այսօրվա օգոստոսի 11-ին։ Մեր նախնիները խմբվում էին Բագրեւանդի դաշտում եւ այնտեղ նշում տարվա սկիզբը։ Նրանք համոզված էին, թե հենց այստեղ են հավաքվում հայոց բոլոր աստվածները։ Եվ երիտասարդ տղաներն ու աղջիկները հիմնականում ամուսնանում էին այդ տոնական օրերին, զոհեր էին մատուցում աստվածներին՝ խնդրելով հավերժական դարձնել նորաստեղծ օջախի ծուխը։ Հին հայկական սովորույթներից կան բաներ, որոնք պահպանվել են մինչեւ օրս։ Օրինակ, ընդունված էր հարսանիքներ անել բերքահավաքից հետո։ Ու թեեւ այսօր քաղաքաբնակներն, ասենք, բերքահավաքին սպասելու լուրջ պատճառներ չունեն, բայց աշնան ու ձմռան ամիսներին ամուսնական ծեսեր կատարելու սովորույթը ուժը չի կորցրել։
Չափազանց տարածված է այն համոզմունքը, թե հարսանիքները կարելի է անել միայն այն ամիսներին, որոնց անվան մեջ «ր» տառ կա։ Բնականաբար, ավանդույթը համապատասխանաբար արգելք է դնում մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսների վրա։ Արդյունքի թվային նկարագիրը բավականին հետաքրքիր է։ Այժմ յուրաքանչյուր 100 ամուսնությունից 50-ը տեղ է ունենում նոյեմբեր, հոկտեմբեր եւ հունվար ամիսներին, իսկ ամենաքիչը՝ ամռանը։ Ի դեպ, այս առումով ամենաանհաջող ամիս կարելի է համարել հուլիսը, որին յուրաքանչյուր 1000 ամուսնությունից հազիվ մեկն է բաժին ընկնում։ Այն, որ հայերը հարսանիքները կատարում են հատկապես շաբաթ օրերին, որեւէ խորհրդավոր ենթատեքստ չունի։ Պարզապես հաշվենկատությունը ստիպում է լիարժեք օգտագործել երկու հանգստյան օրերը։ Հեռվից հարս բերելու դեպքում նրանք հեշտությամբ խախտում են այդ կարգը։
Կարդացեք նաև
Իսկ վերջում, կրկին վերադառնալով լեզվաբաններին, արժե բոլոր ապագա փեսաներին հիշեցնել տարբեր լեզուներում «կին» բառի իմաստները։ Լատիներեն «ֆեմինա» նշանակել է «սնուցող», հին հնդկերենով՝ «ստրի»՝ «արտադրող», գերմաներեն «վայբ»՝ «տքնող», չինարեն «ներս»՝ «տանը մնացող», անգլերեն «լեդի»՝ «հացթուխ», հունարեն «պոպնիա»՝ հզոր եւ նաեւ՝ «միասին լուծը քաշող»։ Այնպես որ, ընտրություն կատարելիս նախապատրաստվեք նաեւ այս դերերին։
ԱՆԻ ԵՍԱՅԱՆ