Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԾԻՔԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 30,1998 00:00
Vladimir Movsisyan

«Ասել եմ արդեն. 95, 96 թթ. եւ 97 թ. 2,95 դրամի պահանջը ան-օ-րի-նա-կա՛ն է»

Նախորդ տարիներից ոռոգման ջրի վարձերի պարտքի խնդիրը վերջին ամիսներին «Առավոտի» ուշադրության կենտրոնում է։ Մենք այս «մթնեցված» (իմ կարծիքով) հարցի շուրջ հրապարակել ենք գյուղնախարարության ջրային տնտեսության ու մելիորացիայի վարչության պետ Ռազմիկ Գրիգորյանի, «Ոռոգում» պետական ՓԲԸ տնօրեն Մամիկոն Գասպարյանի տեսակետները։ Հրապարակումներում հռետորական հարց է հնչել. ո՞րն է կառավարության 201 որոշմամբ գյուղացիներին «պետական-ֆինանսական աջակցությունը», եթե գյուղապետարանները այս կարեւոր լծակն օգտագործում են ամեն չնչին տեղեկանք տրամադրելու դեպքում իսկ, եւ նույնիսկ բաժանվում են ծանուցագրեր՝ դատական սպառնալիքով։ Հարցը պարզեցնելու, հստակեցնելու եւ վերջնական պատասխան ստանալու ակնկալիքով դիմեցի գյուղնախարար Վլադիմիր Մովսիսյանին։

-Պրն Մովսիսյան, պետությունը գյուղացիներից պահանջը դադարեցրե՞լ է։

-Բոլոր այն պարտքերը, որոնք գոյացել են 1995, 1996 եւ 1997 թվականներին էլեկտրաէներգիայի դիմաց, այսինքն՝ այն 2,95 դրամի դիմաց, որը կազմում է 7 միլիարդ 488 միլիոն դրամ, երկարացված են 5 տարով, վարկ է ձեւակերպված մեր ձեռնարկությունների հաշվին։ Եթե գյուղացիները պարտքեր ունեն իրենց գյուղապետարաններին՝ 1997 թվականի 3 դրամի շրջանակներում, դա իրենց խնդիրն է, մենք գործ չունենք։ Մենք ինֆորմացիա չունենք, թե ներքին ցանցերի համար գյուղերում ով ում ինչքան է պարտք։ Եթե գյուղապետերը հավաքում են 1995, 1996 թթ. պարտքերը…

-Գյուղի հետ առնչվող բոլոր մարդկանց հուզող ու հետաքրքրող երկու գլխավոր հարցերից այս կարեւորագույն խնդիրը վերջնականապես լուծված ու պարզեցված համարենք, եւ իբրեւ վերջին ակորդ, վերջին կարեւոր շեշտ, եզրափակիչ խոսք ընդունենք գյուղնախարարի պնդումը։

-1995,96 թթ. ընդհանրապես պարտքեր չկա՛ն, չե՛ն կարող լինել, որովհետեւ 1995 եւ 96 թթ. ոռոգման ջրի վարձերը ոչ թե գյուղապետարաններն են գանձել, այլ մեր ներքին ցանցի կազմակերպությունները, որոնք արդեն լուծարված են։ Եթե լուծարված են, ուրեմն պարտք մնալ չեն կարող։ 1995 եւ 1996 թվականների պարտքերը երկարաձգված են, 1997 թվականի 2,95-ի պարտքը եւս երկարաձգված է 5 տարով։

-Իսկ եթե գյուղապետարանները հավաքում են ջրի վարձի պարտքե՞րը։

-Իրավո՛ւնք չունեն։ Դա գողությո՛ւն է, անօրինականությո՛ւն է։

-Դուք կարո՞ղ եք սա հեռուստատեսությամբ հայտարարել։

-Ասել եմ արդեն, սրանից մեկ ամիս առաջ. 1995, 1996 եւ 1997 թթ. 2,95-ի պահանջը ա՛ն-օ՛-րի՛-նա՛- կա՛ն է։ Այսպե՛ս։ Կտրո՛ւկ եւ ճշգրի՛տ։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031