Լրահոս
Օրվա լրահոսը

…ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Հուլիս 30,1998 00:00
dimum boxoq

 Բարեգործության փոխարեն ձեր գործով զբաղվեք

ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին ուղղված 16-րդ թաղամասի 33 շենքի 22 բնակիչների դիմումի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շինարարության վարչության պետ պրն Գագիկ Խաչատրյանի կողմից պատասխան է տրվել, որ բեռնատար վերելակի համար համայնքի թաղապետի տեղակալ պրն Սարիկյանը խոստացել է ընդառաջել եւ առաջիկայում հարցը կլուծի։ Գտնում ենք, որ մեր դիմումին, ըստ էության, ընթացք չի տրվել, լուծված չեն դիմումում առաջ քաշված հարցերը, ուշադիր խորամուխ չեն եղել դիմումի էության մեջ, թեեւ քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Հայկազ Ավետիսյանը եղել է տեղում ստուգման համար, բայց նա զբաղվել է աչքակապությամբ, եւ որ հարցի օբյեկտիվ լուծման համար չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ։ Քաղաքացիների իրավունքների եւ օրենքով պահպանվող շահերի խախտումներ ծնող պատճառները ժամանակին ի հայտ բերելու եւ վերացնելու փոխարեն, Հ. Ավետիսյանը լռության է մատնել իր աչքով տեսածը՝ 6-րդ հարկի բնակչի կողմից ջրի խողովակի կտրելը, որի հետեւանքով ընկել է ջրի ճնշումը։ Համաձայն չենք դիմումի առթիվ ընդունված որոշմանը, ուստի այդ որոշումը գանգատարկում ենք ձեզ ներքոհիշյալ պատճառաբանություններով.

Մեր դիմումի հիմնական խնդրանքը ուղղված էր նրան, որպեսզի շենքի մեծ վերելակի համար հատկացվի 90 մետր կաբել, որը մեկ տարի առաջ գողացված է եղել։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ շենքը 16 հարկանի է, ունի 500-ից ավելի բնակիչ։ Եղել են դեպքեր, երբ շենքում մարդ է մահացել, եւ չկար հնարավորություն դիակը վերեւի հարկ բարձրացնել եւ իջեցնել, անատոմիկումից է կատարվել հուղարկավորությունը։ Մարդիկ բնակարան են վաճառում, բնակարան են գնում եւ ի վիճակի չեն իրենց կահույքը վերելակով իջեցնել կամ բարձրացնել, իսկ փոքր վերելակի մեջ հազիվ 3 հոգի է տեղավորվում։ Թաղապետի տեղակալ Սարիկյանը զանգահարեց եւ ասաց, որ ունեն 240 մետր կաբել եւ, որ 90 մետր խոստացավ հատկացնել մեր շենքին։ Պրն Սարիկյանը քաղաքապետարանի կոմունալ վարչության պետին նույնպես խոստացել էր, որ մեր շենքին առաջիկայում կհատկացվի այդ չարաբաստիկ 90 մետր կաբելը։

Ասպետին ոչ վայել կեցվածք Սարիկյանի կողմից։ Շենքի փոքր վերելակը աշխատում է։ 13 տարվա շենքում առ այսօր ոչ մի վերանորոգում չի կատարվել, շենքը չի շահագործվել, հարկերը չեն ներկվել։ Համայնքի բյուջեն հաստատելիս ինչո՞ւ հաշվի չեն առնվում համայնքի բնակչության կենսական շահերը կամ այն համայնքի ղեկավարի կողմից տնօրինվելով, ինչո՞ւ դրանց նպատակային օգտագործումը չի ապահովվում։ Ինչո՞ւ համայնքի ղեկավարի իրավասության շրջանակում միջոցներ չեն ձեռնարկվում պաշտպանելու համայնքի բնակիչների իրավունքները եւ օրինական շահերը։ Աջափնյակ համայնքի ավագանին իրավազոր էր ստուգելու ցանկացած բյուջետային գործողություն, պահանջել հաշվետվություններ ծախսումների վերաբերյալ, արդյոք համայնքի ավագանին օգտվե՞լ է իր իրավազորությունից, համայնքի ավագանուն եռամսյակը մեկ բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ ներկայացվա՞ծ են, թե՞ ոչ, եւ, վերջապես, 1997 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն, բյուջետային տարին ավարտվելուց հետո, հաջորդ բյուջեի եռամսյակային կատարման վերաբերյալ հաղորդման հետ միասին ներկայացվա՞ծ է, թե՞ ոչ, եւ եթե ներկայացված է եղել, ապա համայնքի ավագանին բյուջեի կատարման վերաբերյալ կարող էր անցկացնել աուդիտ եւ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել իրավասու մարմիններին։

Աուդիտ ա՞նց է կացվել, թե՞ ոչ, այլապես լուրեր են պտտվում, իբր թե 1997-ին, այն էլ դեկտեմբեր ամսին, թաղամասում եղել են ասֆալտապատման աշխատանքներ, 16-րդ թաղամասում իբր թե կառուցվել է հասարակական զուգարան եւ այլն։ Ոմն Մկրտչյանի ուսման վարձն է 500 դոլար, որը համայնքի հաշվից փոխանցվել է Հ. Աճառյանի անվան համալսարան: Համայնքի բյուջեի միջոցները տնօրինելով, ինչո՞ւ չի ապահովվել դրանց նպատակային օգտագործումը, ինչո՞ւ չի կազմակերպվում մեր եւ այլ շենքերի հիմնական եւ ընթացիկ նորոգումը։ Հորդառատ անձրեւի եւ ձյան պայմաններում մեր շենքի տանիքը վնասվել է, եւ անձրեւաջրերը հոսում են մարդկանց բնակարանները՝ ավերելով, փչացնելով դրանք։ «Աջափնյակ» համայնքում արդեն մեկուկես տարի է, ինչ իրարանցման, տենդի մեջ են «աշխատանքները» լավացնելու համար, բայց դա միայն իրարանցում է եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում ապացուցել է լոկ իր անպետքությունը կամ նույնիսկ անօգտակարությունը։ Որպես իրարանցում, այսօր նա մեզ տալիս է աշխատանքի երեւութականություն՝ իրականում շփոթ մտցնելով, տարակուսանք առաջացնելով տեղական ինքնակառավարման հորձանուտ ընկղմված բնակչության մեջ։ Տեղական ինքնակառավարման ըստ ամենայնի խաթարման եւ ամորֆության հետեւանքով չի կատարվում բնակչության հանդեպ Ձեր պարտքը՝ բնակչությանը պաշտպանության տակ չառնելով, դուք հիշեցնում եք հնավաճառների, քանզի դեռ լուռ հանդուրժում ենք տեղական ինքնակառավարման գաղափարի եւ սկզբունքների, դրանք կարգավորող օրենսդրական դաշտի կամայական եւ, որքան էլ տարօրինակ է, իրավական այլասերումն ու խեղաթյուրումը, բնակչության իրավունքների ոտնահարումը։

Մեր խնդիրների վերաբերյալ 27.02.1998 թվականի 36 թվակիր դիմումը գտնվում է «Աջափնյակի թաղապետարանում», որին առ այսօր պատասխան չի տրվել, թեեւ պարտավոր էին մեկ ամսվա ընթացքում պատասխանել դիմողին: Համայնքի ղեկավարը արհամարհել էր դիմումի կապակցությամբ Երեւանի քաղաքապետի՝ իրեն ուղղված գրությունը, ինչպես նաեւ կառավարության կողմից ուղղված գրությունը, այն է՝ քննարկել եւ տեղյակ պահել դիմողին (համապատասխանաբար Կ-41 12.02.98 թ. եւ 00272 17.02.98 թ.)։ Նմանօրինակ խնդիրների վերաբերյալ թաղապետարանի անգործությունը բնակիչներիս կողմից գնահատվում է որպես անտրամաբանական եւ բյուրոկրատական, տեղական իշխանությունների չկամության, անճարակության, իսկ վատագույն դեպքում՝ բյուջետային ֆինանսական միջոցների ապօրինի յուրացում։ Ի դեպ, բնակիչներիս հուզող մեկ այլ խնդրի մասին եւս. Ո՞ւմ կողմից է ղեկավարվում համայնքային ենթակայության 16-րդ թաղամասի ոռոգման, ջեռուցման ցանցերի շահագործումը, ինչո՞ւ 16-րդ թաղամասում չկա ոռոգում, ջեռուցման խողովակներն արդեն որերորդ տարին է՝ տեղադրվել են, ինչո՞ւ հսկայական ծախսերից հետո չկա ջեռուցումը, մինչեւ ե՞րբ է 16-րդ թաղամասում տիրելու, իշխելու համատարած խավարը, ինչո՞ւ չի լուծվում այդ հսկա թաղամասի բակային լուսավորության հարցը՝ համայնքի միջոցների հաշվին, ինչո՞ւ ամառվա այս տապին, շոգին չի գործում երեխաների համար լողավազանը, որը գտնվում է բարվոք վիճակում, ինչո՞ւ օրերով ջուր չկա եւ ջուր չեղած օրերի համար ի՞նչ սակագնով բնակիչը պետք է վճարի ջրի վարձը։

Խնդրում ենք, պատասխանեք, օրվա մեջ քանի՞ ժամ ջուր պետք է ունենա բնակիչը եւ քանի՞ ժամվա համար որքա՞ն նա պետք է վճարի, իսկ ջուր չունեցած օրերի կամ ժամերի համար նո՞ւյնպես բնակիչը պետք է վճարի եւ որքա՞ն։ Համոզված ենք, որ իսկական ժողովրդավարությունը պետք է ենթադրի օրենքների դիկտատուրա եւ ոչ թե ամենաթողություն կամ բարձիթողի վիճակ։ Քանի որ մեր 10.02.98 թվականի դիմումին, ըստ էության, ընթացք չի տրվել, վերստին խնդրում ենք Ձեզ ուշադիր խորամուխ լինել դրանց էության մեջ։ Եվ քանի որ դիմումին ընթացք տալու համար անհրաժեշտ է հատուկ ստուգում, ուստի հարկ է աշխատողներին ուղարկել ստուգման եւ ձեռնարկել հարցի օբյեկտիվ ու օպերատիվ լուծման միջոցներ։

ԱՂԱՍԻ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Հ. Գ. Առ այսօր թաղապետարանի կողմից ոչ մի պատասխան չի եղել, իսկ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բարեկարգման վարչության կողմից 07.07.98 թ. ստացել ենք գրություն, որը չի համապատասխանում իրականությանը, որով խուսափել են դիմումին որոշակի ընթացք տալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031