Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՓՈՂ ՍՏԱՆՈՒՄ

Հուլիս 30,1998 00:00
finans

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պրն Գալոյանին նրա «Tacis-ը լիազորված է հայտարարել» հոդվածի համար, քանի որ այն լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ոչ միայն պատասխանել հարցադրումներին, այլ մեկ անգամ եւս պարզաբանել Հայաստանում Եվրամիության Tacis տեխնիկական օգնության ծրագրի գործունեության որոշ հարցեր։ Իր հոդվածում պրն Գալոյանը բարձրացնում է բազմաթիվ տարաբնույթ հարցեր, որոնք, կարծում եմ, հոդվածագրի նման, Tacis ծրագրին անտեղյակ շատերին են հետաքրքրում։ Սկսեմ առավել հեշտ հարցերից։

Նախեւառաջ, պրն Գալոյանը, ըստ ամենայնի, մասամբ վերարտադրելով Tacis-ի համակարգման կենտրոնի (ՀԿ) կողմից պատրաստված տեղեկանքը, իր դժգոհությունն է հայտնում որոշ տվյալների բացակայության կապակցությամբ։ Միանգամայն իրավացի հարցադրում է, եւ ինչ խոսք, հարկ է պատասխանել։ Պետք է նշեմ, որ հատկապես վերջին տարվա ընթացքում ՀԿ-ն տարբեր առիթներով եւ բազում գերատեսչությունների համար պատրաստել է տարբեր կտրվածքի մեծ թվով տեղեկանքներ, այնպես որ, դժվար է կողմնորոշվել, թե հատկապես ո՞ր տեղեկանքի մասին է խոսքը։ Չեն բացառվում նաեւ հնարավոր վրիպումները, որոնց համար հայցում եմ Ձեր ներողամտությունը եւ հաճույքով լրացնում դրանք։

Սկզբում կուզենայի բերել որոշ լրացուցիչ պարզաբանումներ։ Նախ, այն բոլոր դեպքերում, երբ խոսքը վերաբերում է միջպետական ծրագրերի ֆինանսավորմանը, որտեղ այլ երկրների հետ ներգրավվում է նաեւ Հայաստանը, ապա մեզ մոտ իրականացվելիք ծրագրի ֆինանսավորման չափաբաժինն առանձնացնել հնարավոր չէ։ Օրինակ, եթե TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի համար առանձնացված է 10 մլն Էքյու, ապա ոչ ոք, թերեւս բացի ծրագիրն իրականացնող եվրոպական ընկերությունների, գլխավոր հաշվապահներից, տեղյակ չէ յուրաքանչյուր մասնակից երկրին հատկացվող կոնկրետ թվերին։Երկրորդ, որոշ, հատկապես «Ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում իրականացվող ենթածրագրերում, հաճախ հնարավոր չէ նշել ծրագիրն ընդունող կողմը, քանի որ դա կարող է լինել լրագրողների խումբ, որի համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ։ Երրորդ, եթե խոսքը մի շարք սեմինարների մասին է, ապա չկա կոնկրետ ղեկավարություն։

9. Ժողովրդավարություն։ Վերից-վար (աջակցություն խորհրդարանին), արժեքը՝ 150.000 էքյու։

10. Պառլամենտական ընտրություններ։ Մամուլի կոորդինացում, ընդունող կողմը՝ լրագրողներ։

13. Աջակցություն խորհրդարանականներին, արժեքը՝ 72.000 էքյու։

14. Մամուլի կոորդինացման եւ աջակցության կենտրոն, ներգրավված էին լրագրողներ 13 պետություններից։

15. Անդրկովկասի մամուլի ծառայություն, լրագրողներ Անդրկովկասից։

18. Երիտասարդ քրիստոնյաների ասոցիացիայի զարգացում, ստացող՝ Հայաստանի երիտասարդ քրիստոնյաների ազգային ընկերակցություն։

20. Խորհրդարանական կոնֆերանս, սեմինարների շարք խորհրդարանի համար։

21. Դասընթացներ ԱԺ պատգամավորների համար, սեմինարների շարք խորհրդարանի համար։

41. Միջուկային միջոցների անվտանգություն, խորհրդային միջուկային ռեակտորների անվտանգության համակարգի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, անկախ ռեակտորի գտնվելու երկրից։

71. Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկ. գործողության պլան-բիզնես պլանի մշակում բանկի համար, արժեքը՝ 249.780 էքյու։ Մասնակցել են համապատասխան կազմակերպություններ 11 երկրներից։

78. Պետական կառավարման վերափոխում, Պետական կառավարման բարեփոխումների գծով հանձնաժողովի նախագահ Ա. Ղազարյան։

Հուսով եմ, որ կարողացա պատասխանել պրն Գալոյանին հուզող հարցերին։ Ինչ վերաբերում է ՀԿ-ի համար «պարզ տրամաբանական հաշվառումների դասավանդման կուրսերի կազմակերպման» անհրաժեշտությանը, ապա չեմ կարող համաձայնվել պրն Գալոյանի կարծիքի հետ, սակայն լիովին եւ մշտապես ողջունում եմ լրացուցիչ ուսումնառության հնարավորությունը։ Չեմ կարող նաեւ համաձայնվել տեղեկանքի վատ հայերեն լեզվի հետ (ի դեպ, դատելով հոդվածից, պրն Գալոյանը եւս հեռու է Բակուր Կարապետյան լինելուց)։ Համենայնդեպս, եթե նույնիսկ ընդունելու լինենք այդ մեղադրանքը, ապա դրա կապը Tacis-ի «Օտար լեզվի վերապատրաստման ծրագրի» հետ միանգամայն անհասկանալի է։ Պրն Գալոյանն իսկապե՞ս ենթադրում է, որ եթե մեկը կաղում է հայոց լեզվից, ապա մեկ ուրիշը չպետք է այլ լեզու սովորի։

Ինչ վերաբերում է պրն Գալոյանի այն հայտարարությանը, թե ԱԺ նախկին նախագահ Բ. Արարքցյանը տեղյակ չէ «Աջակցություն խորհրդարանականներին» ծրագրին, պետք է հայտնեմ, որ տվյալ ծրագրով զբաղվում էին պրն Ավոյանը, որն այն ժամանակ, որքան հիշում եմ, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր եւ արտաքին կապերի բաժնի պետ Կ. Ղազարյանը։ Ավելին, ես անձամբ ներկա եմ եղել պրն Արարքցյանի հետ վերը նշված ծրագրի ղեկավար Մաքս Գունելի հանդիպմանը։ Կարծում եմ, սա պարզապես թյուրիմացություն է։ Իսկ այժմ ամենակարեւորի մասին։

Իր հոդվածում պրն Գալոյանը բազմիցս կրկնում է միեւնույն հարցը, «ո՞վ է ստանում այս կամ այն ծրագրի համար հատկացված գումարները»։ Երեւի նկատի ունի, թե հայկական կազմակերպություններից ո՞րն է ստանում ֆինանսական հատկացումներ, մի բան, որ խորաթափանց հոդվածագրին չի հաջողվում բացահայտել։ Մեկ անգամ եւս ներկայացնեմ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է իր աշխատանքում Tacis ծրագիրը։ Tacis-ը անհատույց կերպով ֆինանսավորում է Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը՝ երկիրը դեպի շուկայական տնտեսության կառուցում եւ ժողովրդավարական հասարակության ստեղծում տանող ճանապարհին։ Իսկ դա ամենից առաջ եւ առնվազն նշանակում է, որ՝

ա) Հայաստանի վրա չի դրվում որեւէ ֆինանսական պարտավորություն կապված Tacis-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ.

բ) ծրագրի ֆինանսավորումը ստանում է ծրագիրն իրականացնող եվրոպական ընկերությունը եւ ոչ թե հայկական կողմը։

Պարզեցված արարողակարգը հետեւյալն է։ Tacis-ն առաջարկում է ՀՀ կառավարությանն անվճար ձեւով օգտվել խորհրդատվական ծառայություններից այն բնագավառներում, որոնց զարգացումը Հայաստանում համարվում է առաջնահերթ։ Այն ոլորտների թիվը, որոնց զարգացմանը Tacis-ը պատրաստ է ֆինանսապես աջակցել, բավականաչափ ընդգրկուն է։ Դրանք են՝ պետական կառավարման համակարգը, (կենտրոնական եւ տեղական մարմինների մակարդակով), պետական ֆինանսների համակարգը, մասնավոր սեկտորի զարգացումը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները (էներգետիկան, տրանսպորտը, ջրամատակարարումը), կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, կրթական բնույթի հարցեր եւ այլն։

Բնականաբար, Tacis-ը չի ֆինանսավորում այնպիսի բնագավառների զարգացումը, ինչպիսին ռազմական շինարարությունն է։ Գործնականում դա տեղի է ունենում հետեւյալ կերպ։ Հայաստանը ծրագրի հայտ է ներկայացնում այս կամ այն բնագավառի համար, որը հաստատվում է ազգային համակարգողի կողմից (ի դեպ, Հայաստանում Tacis ծրագրի ազգային համակարգողն է Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Է. Մուրադյանը, համաձայն ՀՀ վարչապետի 28.05.98 թ. թիվ 282 որոշման), եւ համապատասխան հաստատումն ստանալուց հետո հանրապետություն են ժամանում փորձագետներ, որոնք հայկական կոնկրետ գերատեսչությունների հետ մշակում են տվյալ ծրագրի տեխնիկական առաջադրանքը։ Այն ստորագրվում է ծրագրի հայտը ներկայացրած ընդունող (հայկական) գերատեսչության կողմից։ Դրան հետեւում է ծրագրի իրականացման իրավունքի համար հայտարարվող մրցույթը, որին իրենց կողմից մշակված տեխնիկական եւ ֆինանսական առաջարկներով մասնակցում են շահագրգռված եվրոպական կազմակերպությունները։

Այնուհետեւ հրավիրվում է գնահատման հանձնաժողովի նիստ, որին ձայնի իրավունքով մասնակցում է նաեւ հայկական կողմի ներկայացուցիչը։ Հիմնվելով մրցույթի արդյունքների վրա, Եվրահանձնաժողովը պայմանագիր է ստորագրում ընտրված եվրոպական ընկերության հետ, որը Հայաստանում պետք է իրականացնի տվյալ ծրագիրը։ Ծրագրի համար առանձնացված գումարը ստանում է կապալառուն, այն է՝ եվրոպական ընկերությունը։ Դեպքերի բերումով, Tacis ծրագրի հետ աշխատում եմ ՀՀ-ում ծրագրի հիմնադրման առաջին օրից, ուստի եւ ինձ իրավունք եմ վերապահում հայտարարել, որ Tacis-ի թերություններին ծանոթ եմ շատ ավելի լավ, քան որեւէ մեկը Հայաստանում, եւ ինչո՞ւ միայն Հայաստանում։ Այդ թերությունները թե՛ թվով բավականին շատ են եւ թե՛ բնույթով բավականին լուրջ։

Աշխատանքային տեմպերը խիստ դանդաղ են, բյուրոկրատիզմը մեծ տեղ է գրավում, չկա բավարար ճկունություն ընդունող երկրների նկատմամբ, բավարար չափով չեն մշակված տեխօգնության տրամադրումից հետո ֆինանսական միջոցների հատկացման մեխանիզմները, տեղացի մասնագետները վատ են ներգրավված, երբեմն օտարերկրյա փորձագետների արհեստավարժությունը կաղում է, պատահում են նաեւ պարզապես անբարեխիղճ մարդիկ… Այս բոլորից հետո հարց է առաջանում, թե ո՞վ է վերահսկում իրականացվող ծրագրերը։ Ֆինանսավորման եւ հաշվետվությունների ներկայացման տեսակետից՝ միայն ու միայն Եվրամիությունը։ Հայկական կողմը ծրագրերի գործընթացը վերահսկում է համաձայնեցված եւ ստորագրված տեխնիկական առաջադրանքի միջոցով։ Վերջինիս բոլոր կետերը պետք է իրականացվեն կապալառուի կողմից (եվրոպական կողմ)՝ որակով եւ ժամանակին։ Ծառացած ցանկացած խնդիր քննության է առնվում, երբեմն խիստ լուրջ։

Անհրաժեշտության դեպքում ներգրավված փորձագետները կարող են փոխվել, իսկ ծրագրի վատ ընթացքի դեպքում այն կարող է նույնիսկ դադարեցվել։ Այստեղ կարեւորը կողմերի պարտավորությունների անթերի կատարումն է։ Հատկապես այդ նպատակի համար կազմվում եւ ներկայացվում է, այսպես կոչված, նախնական հաշվետվություն, որը ծրագրում նախատեսում է հնարավոր փոփոխություններ։ Ծրագրի էության, նպատակների, խնդիրների եւ պարտականությունների հստակ պատկերացման, թե՛ իր եւ թե՛ կապալառուի նկատմամբ խստապահանջության դեպքում հայկական կողմը կարող է լիովին վերահսկել ծրագիրը, քանի որ նրա ձեռքում են բոլոր այն լծակները, որոնցից կախված է տվյալ ծրագրի հաջողությունը կամ ձախողումը։ Դա նշանակում է, որ այս կամ այն ծրագրի արդյունավետությունը կախված է հայկական կողմի եւ կապալառուի միջեւ համագործակցության աստիճանից։

ԿՈՐՅՈՒՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ աշխատանքների համակարգման բաժնի (Tacis-ի համակարգման կենտրոնի) պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031