ՀՀ մաքսային վարչության նոր պետ Հուսիկ Գեւորգյանը խոստացել էր լրագրողներին հանդիպել եւ արած-դրածի մասին խոսել պաշտոնավարության երրորդ ամսում։ Սակայն արդեն նրա մասին հնչում ու հրապարակվում են կարծիքներ, ընդ որում՝ իրարամերժ. ըստ մի գործարարի՝ «ՄՎ նոր պետը կարգին տղայա», ըստ ՀՀ մաքսային վարչության առաջին պետի՝ «գործին անտեղյակ» մեկը։ Թե որ տեսակետն է իրականությանն առավել մոտ՝ փորձեցի ինքս էլ պարզել։
Տեղեկանք. Հուսիկ Գառնիկի Գեւորգյանը ծնվել է 1955 թվականին, Երեւանում։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։ 1976-80 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում, 1980-92 թթ.՝ ՆԳ համակարգում (թե որպես ինչ՝ չի ասում)։ 1992-94 թթ.՝ հարկային տեսչությունում, իսկ 1994-98 թթ.՝ ՆԳ եւ ԱԱ նախարարության՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետն էր։ Այժմ (արդեն 20 օր) ՀՀ մաքսային վարչության պետ է եւ չի բացառում, որ որոշ դրական տեղաշարժեր կարող է անել։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Հաճելի զրույց՝ ոչնչի մասին
Քանի որ պրն Գեւորգյանը առայժմ պաշտոնական որեւէ տվյալ չի ցանկանում հրապարակել, մեր զրույցը մաքսային համակարգին հարակից (նույնիսկ՝ շատ հարակից) թեմաների շուրջ էր։ Մասնավորապես, ՀՀ ՄՎ նախկին պետի այդ պաշտոնը զբաղեցնելը կապվում էր անմիջականորեն վարչապետի հետ։ Արդյո՞ք իրեն էլ նույն ձեռքը չի նշանակել. «Ես վարչապետին նախկինում ճանաչել եմ միայն հեռուստացույցով։ Առաջին անգամ, այսպես ասած, ձեռքը սեղմել եմ իմ նշանակման ժամանակ, երբ հետս հարցազրույց ունեցավ»։ Թե որքան է իր աշխատավարձը, նոր պետը չգիտեր, քանի որ դեռ չէր ստացել։ Ի տարբերություն իր նախորդի՝ պրն Գեւորգյանը մտքերը բավական հստակ ու տրամաբանված էր ձեւակերպում, բավական լուրջ ծրագրերից էր խոսում ու նաեւ հումորի սիրահար էր երեւում։ Է՜հ, Տե՜ր Հուսիկ, Տե՜ր Հուսիկ Զրույցին փոքր-ինչ մասնագիտական երանգ տալու համար փորձեցի ճշտել, թե ինչու բիզնեսմեն Տեր Հուսիկի՝ Գերմանիայում Հայաստան բերելու համար նախատեսված 7 մեքենաներն այնտեղ կես ժամում են ձեւակերպել, իսկ մեր մաքսայինում 3 օր ու գիշեր է հարկ եղել դրանք օրինականացնելու համար։ Պրն Գեւորգյանը զարմացավ. «Տեր Հուսի՞կն ինչու է դժգոհ։ Ինքը չի՞ պատգամավոր, իրենց օրենքներով չե՞նք մենք աշխատում։ Հետո մի հարցնող լինի՝ այդ ի՜նչ միջոցներով եք գնել այդ 7 մեքենաները, Տե՛ր Հուսիկ»։ Իրո՛ք, մի հարցնող լինի… Այն էլ ասեմ, որ…
Կարդացեք նաև
Երեկ, ուշ երեկոյան, ՄՎ պետը հանդիպեց Հայաստանի խոշոր ներմուծողներին։ Հանդիպումն ուներ երեք հիմնական նպատակ. ծանոթացնել նրանց 98-ի առաջին կիսամյակին արձանագրված կողմնորոշիչ գների ցանկին (որոնց հիմքը մաքսային հայտարարագրերն են)։ Ապա՝ տեղեկացնել ներմուծողներին, որ նման հանդիպումները պարբերաբար կկազմակերպվեն, եւ բիզնեսմենները հնարավորություն կունենան ՀՀ առաջին մաքսավորին ներկայացնել այդ համակարգում իրենց նկատած խախտումները, չարաշահումները, դրամաշորթության դեպքերը։ Եվ երրորդ՝ պրն Գեւորգյանը նրանց հիշեցրեց, որ բոլորը օրենքի առաջ հավասար են, եւ ոչ մեկին որեւէ արտոնություն տալ չի պատրաստվում։ Հայրենական արտադրողին աշխատելու հնարավորություն տալը, նրան մրցունակ դարձնելն ու պետբյուջեն համալրելը նոր պետն իր «սրբազան պարտքը» համարեց։ Ինչ վերաբերում է մաքսային համակարգը վերազինելուն, մաքսանենգության դեմ պայքարի նոր հնարավորություններին, պրն Գեւորգյանն ունե՛ր ծրագրեր, որոնք հրապարակելը վաղ համարեց։
Հետաքրքիր մանրուքներ
Պրն Գեւորգյանը մինչեւ համակարգի ֆինանսական վիճակին ծանոթանալն իր աշխատասենյակի համար գնումներ չի արել, եւ թե՛ հեռուստացույցը, թե՛ սառնարանը, թե՛ գրենական պիտույքները բերել է տնից։ Իր գլխավերեւում էլ կախել է ՀՀ նախագահի գունավոր լուսանկարը՝ համոզված, որ պետական յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատասենյակում դա պարտադիր ատրիբուտ է։ Հուսիկ Գեւորգյանն անչափ շատ է գնահատում Հովհաննես Թումանյանին (հատկապես՝ «Հառաչանքը») եւ Ավետիք Իսահակյանին (հատկապես՝ «Աբու Լալա Մահարին»), սիրում է հայկական ժողովրդական երգեր։ Մեկ-մեկ էլ ինքն է երգում, թեեւ դժգոհ է իր ձայնային տվյալներից։ Չի հագնում «Պիեռ Գարդեն» ֆիրմայի կոստյումներ։ Չունի մեքենա, քանի որ վարել չգիտի (բայց մեքենա գնելու գումար ունի եւ չտես չէ)։ Մի խոսքով, աշխարհիկ կյանքով ապրող, «կյանքը կարճ է եւ ամեն ինչ պետք է փորձել ու հասցնել» սկզբունք ունեցող մաքսային վարչության պետ է։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ. Գ. Մաքսային համակարգին առավել խոր ու հանգամանալից կանդրադառնանք, երբ պրն Գեւորգյանը կտիրապետի համակարգի ամեն «ծակուծուկին»։ Իսկ դա, ինչպես ինքն է ասում, տեղի կունենա 3 ամիս անց։