Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Մկրտչյան. «Հեղաշրջում անող տղամարդը ես չեմ»

Հուլիս 30,1998 00:00
pastaban

Երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները մեկնաբանելու համար դիմեցի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի ռեկտոր, նախագահի էքս-թեկնածու Յուրի Մկրտչյանին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ընդունելության քննություններ են ընթանում, քաղաքական մեկնաբանությունները տեղափոխեցինք ուսանող-դասախոս հարթություն։ Արդյունքում նախագահ Քոչարյանի ստուգման գրքույկում հայտնվեցին «2», «3» եւ «4» գնահատականները։

– Լրացավ նախագահի 100 օրը, ինչպե՞ս եք գնահատում այդ շրջանում արված քայլերը։

– Ժողովուրդը ընտրեց նախագահ, որ ուշադրություն դարձնի սոցիալական վիճակին, այն պետք էր կտրուկ բարձրացնել, մանավանդ, նախագահի ծրագրում կային թեզեր արդյունաբերության վերականգնման մասին։

– Սոցիալական հարցում ի՞նչ գնահատական եք նշանակում նախագահին։

– Այդ հարցում՝ «2»։

– Փաստորեն, նա «լիկվիդ» մնաց։ Իսկ ներքին քաղաքականության առումո՞վ։

– Քաղաքական կուսակցությունների համախմբման առումով նոր նախագահը անում է նոր քայլեր եւ դա խրախուսելի է։ Չնայած այդ կուսակցությունները, որ նա ցանկանում է միացնել, ըստ էության, փոքր կուսակցություններ են եւ, եթե անգամ կազմակերպվեն որպես քաղաքական ուժ, չեն կարողանա դիմադրել սոցիալ-տնտեսական ուժերին։ Ժողովուրդը եթե մնաց սոված, կարող է խելագարվել եւ ընդվզել։

– Կարծում եք՝ Ռուսաստանի օրինակը կկրկնվի՞։

– Ոչ միայն կարող է կրկնվել, այլ կրկնվել շատ ավելի վատ ձեւով։

– Եվ դա, իհարկե, կլինի աշնանը…

– Չեմ կարող ասել՝ աշնանը թե ձմռանը, եթե այսպես շարունակվի, դա կլինի շուտ։

– Կուսակցությունների հետ տարած աշխատանքից գո՞հ եք, «լավ» նշանակե՞նք։

– Չէ՛, «բավարար»։ Հիմա արտաքին քաղաքականության մասին։ Իմ նախընտրական ելույթներից հետո, վերջիվերջո, սելը տեղից շարժվեց, եւ նախագահն ընտրեց այն քաղաքականությունը, որը կոչվում է «ակտիվ դիպլոմատիա»։ Շատ կարեւոր է, որ Հայոց դատի խնդիրը մտցվեց օրակարգ։ Արտաքին գործոց նախարարությունում կադրերն էլ շատ թե քիչ փոխվեցին։ Դա էլ տվեց իր արդյունքը։ Բայց այս հարցում էլ պետք է ասեմ, որ ԱԳՆ-ում մարդկանց պետք է փոխարինեն ոչ թե մարդկանցով, այլ դիվանագետներով։ Մենք ունեինք սիրողական նախարարություն։ Ցավալի է, որ դուրս մնաց Րաֆֆի Հովհաննիսյանը, վատ է, որ չենք հրավիրել Յուրի Բարսեգովին, Ռուսաստանի՝ Հայաստանում նախկին դեսպան Ստուպիշինին։ Իսկ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականությունը «4» եմ գնահատում։

– Կոնյակի գո՞րծը։

– Դա սպեկուլյատիվ մի ակտ է, որը կապված է ԱԺ-ի, կառավարության եւ ոչ միայն Կոնյակի գործարանի հետ։ Այս գործը կբացահայտվի մի քանի տարի հետո։

– Ո՞վ կբացահայտի։

– Կբացահայտեն իշխանության եկած նոր, մաքուր ձեռքերով մարդիկ։

– Այսինքն՝ Հրանտ Խաչատրյա՞նը։

– Ոչ, իմիջիայլոց ես էլ եմ հայտարարել, որ մաքուր ձեռքեր ունեմ, բայց դա երեւում է գործի ժամանակ։ Հրանտ Խաչատրյանը ունի մաքուր ձեռքեր, բայց նա չունի հայտնաբերելու, բացահայտելու ունակություն։ Մարդ կա՝ մաքուր ձեռքեր ունի, բայց պրոֆեսիոնալ չէ, մարդ էլ կա, որ պրոֆեսիոնալ է, բայց մաքուր ձեռքեր չունի։

– Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Դեմիրճյանի գործունեությունը։

– Նա մի աստղ էր, որ եկավ հեռվից, մի լավ պտույտ տվեց, գնաց։ Նա եկավ կոմունիստներին չեզոքացնելու համար։ Այդ ամենը նախապատրաստված խաղեր էին։ Սցենարներ են գրված. ժամանակին դուրս գալու, ժամանակին, կներեք արտահայտությանս համար, սկելու… Այստեղ կան կապեր, ե՛ւ ԱԺ-ի, ե՛ւ կառավարության մեջ, նրանք էլ գրում են այդ սցենարները։ Եվ ես նույնիսկ հավատացած չեմ, որ Քոչարյանը, որին ես շատ էի հարգում, ինքն էլ արդեն չի մտած այդ կապերի մեջ։

– Մաֆիո՞զ կապերի մեջ։

– Թեկուզ մաֆիոզ կամ կոմերցիոն։

– Նախագահ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ մի հարց բարձրացրեց՝ ո՞վ է այն տղամարդը, որ ուզում է հեղաշրջում անել։ Իրադրությունը շիկացած է, ոչ ոք չի ուզում խոստովանել… Միգուցե այդ տղամարդը դո՞ւք եք…

– Ոչ։ Բայց կարող եմ ասել՝ ով է այն տղամարդը, որ կարող է անել։ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան… Այն բոլոր տղաները, որոնք բերեցին նրան գահին։ Իսկ ես կգամ այն ժամանակ, երբ ընտրության տեխնոլոգիան կլինի անմիջական՝ մարդ-կոմպյուտեր-Ընտրական հանձնաժողով։

Զրուցեց ՎԱՀԱԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031