Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏ ԳՈՄՑՅԱՆԻՆ

Հուլիս 30,1998 00:00
marzpetaran

Հայաստանում եւս վերստուգիչ եւ վերահսկիչ մարմիններ գոյություն ունեն։ Սակայն այս մարմինները կամ դատապարտված են վերահսկելու այն անհատների գործունեությունը, որոնք վեր են օրենքից, կամ վայելում են օրենքից վեր կանգնածների հովանավորությունը։ Մնացածները ցանկության դեպքում էլ չեն կարող յուրացնել վարկերը կամ անօրինական որոշումներ կայացնել։ Վերահսկիչ մարմիններից ամենահնչեղ անվանումը, երեւի, նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությունն է։ Բացահայտ օրինախախտումներին այս մարմինը երբեմն արձագանքել է, եւ, թերեւս, ապագայում էլ արձագանքի։

Մեր ձեռքին պատահաբար հայտնվեց մեկ տարի առաջ վերոնշյալ ծառայության եւ կառավարության աշխատակազմի համատեղ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում կազմված «Քաղաքաշինության բնագավառում Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի փոխհարաբերությունների եւ տիրող իրավիճակի մասին» երկարաշունչ վերնագրով տեղեկանքը։ Տեղեկանքում նշված են մարզպետ Արարատ Գոմցյանի կողմից օրենքների խախտման, կամայական որոշումների ընդունման, բռնությունների գործադրման բազմաթիվ օրինակներ։

Համատեղ հանձնաժողովի կազմած եւ նրա անդամների ստորագրություններով վավերացված այս փաստաթուղթը ներկայացվել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի մակագրությամբ ուղարկվել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանին։ Արդյունքում Ռոբերտ Քոչարյանը որոշում է ընդունել նկատողություն հայտարարել Արարատ Գոմցյանին։ Իսկ այժմ ավելի մանրամասն փաստաթղթում նկարագրված փաստերի մասին՝ հատվածաբար. «Գյումրիի համայնքի ավագանու կողմից «չեղյալ են համարվել» մարզպետի չորս որոշում, որոնք որակվել են որպես մարզպետի կողմից լիազորությունների գերազանցման փաստեր եւ մարզպետարանի շինարարության բաժնի կողմից համայնքն անտեսելու օրինակներ։ Դրանք հետեւյալ որոշումներն են՝

– Համաշխարհային բանկի վարկի միջոցներով կառուցված բաղնիքը մասնավոր անձի հատկացնելու մասին.

– Հաղթանակի փողոցի 42 ա նոր կառուցվող շենքի բացվածքների բաշխման մասին.

– Նախկին «Կռունկներ» վթարային շենքի հատկացման մասին.

– Շիրակացի փողոցի 62 նախկին շենքի տարածքը մասնավոր անձի հատկացնելու մասին։

Այս բոլոր որոշումների անօրինականության փաստն ընդունվել է մարզպետի կողմից եւ, ըստ նրա բանավոր հայտարարության, այդ որոշումները այդ պահից համարվել են կասեցված։ Սակայն, ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, թե՛ մարզպետի հանձնարարականները բաժնին եւ թե՛ խոստումը վերոհիշյալ որոշումների կասեցման վերաբերյալ չեն կատարվել։

Մեր խորին համոզմամբ, այս ամենը պայմանավորված է ոչ միայն քաղաքապետարանի եւ նրա բաժնի, առանձին աշխատակիցների ունեցած վերաբերմունքով եւ փոխհարաբերություններով, այլ նաեւ ամրացվող շենքերի բնակիչներին եւ առանձին անհատների վաղօրոք տրված «երաշխիքներով»։

«Մուշ-2» թաղամասի 7-2 շենքի կառուցման մրցույթը կայացել է 1996 թ. հուլիսին։ Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ մինչեւ մրցույթն անցկացնելը, մարզպետարանի բաժնի վարիչի եւ նրա տեղակալի կողմից ճնշում է գործադրվել մասնակից կազմակերպությունների վրա, որպեսզի փաթեթների մեջ արտահայտեն իրենց կողմից թելադրված գները։ Կանխավ հայտարարվել է նաեւ հաղթողի՝ տրանսպորտի նախարարության շինվերանորոգման կազմակերպության անունը։ Մրցույթին մասնակցող կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու միջոցը, նրանց չենթարկվելու դեպքում, հետագա բոլոր աշխատանքներից զրկելն է եղել։ «Սեպասար» ՍՊԸ-ն (ղեկավար՝ Ա. Կոշտոյան), չենթարկվելով վերոհիշյալ ղեկավարների պահանջներին, իր փաթեթի մեջ նշել է առաջարկվող գնից՝ 220 հազար ԱՄՆ դոլար, ավելի ցածր գին՝ 180 հազար դոլար, եւ շահել մրցույթը, որի համար անմիջապես ենթարկվել է պատժամիջոցների։ Մասնավորապես առաջարկվել է հրաժարվել այդ աշխատանքներից։

Պահանջին չենթարկվելու պատճառով «Սեպասար» ՍՊԸ-ի կողմից Աշոցքում կառուցվող շենքի նկատմամբ անմիջապես սկսվել են կատարված աշխատանքների որակի ստուգումներ՝ տարբեր հանձնաժողովների կողմից, որոնցում ընդգրկված են եղել մարզպետարանի շինարարության բաժնի գրեթե բոլոր աշխատակիցները։ Հանձնաժողովների կողմից բազմաթիվ գրություններ են հասցեագրվել իրավապահ մարմիններին, Համաշխարհային բանկի գրասենյակին եւ այլ կազմակերպությունների՝ նպատակ ունենալով ամեն կերպ ձախողել աշխատանքները թե՛ մեկ եւ թե՛ մյուս օբյեկտում։

Մեծ ճնշում է գործադրվել նաեւ ենթակապալառու կազմակերպությունների ընտրության գործում՝ պահանջելով այդ աշխատանքներում ընդգրկել իրենց կողմից երաշխավորված կազմակերպություններին։ Ի վերջո, «Սեպասար» ՍՊԸ-ն ընկել է ծանր ֆինանսական կացության մեջ։ Ֆինանսավորումը դադարեցվելու պատճառով շինարարական աշխատանքներն ընդհատվել են շուրջ մեկ ամսով, այսօրվա դրությամբ շենքի վրա չի իրացվել շուրջ 6 հազար ԱՄՆ դոլարի շինմոնտաժային աշխատանք։ Հետագայում ինչ-ինչ հանգամանքներում ստորագրվել է անավարտ կառույցի ընդունման ակտը։ Սակայն պայմանագրային ժամկետը երեք ամիս հետաձգելու պատճառով կազմակերպության կողմից տուգանք է վճարվել 5 հազար դոլար, իսկ վերցված վարկերի դիմաց գրավ դրված շինանյութերն ու անձնական օգտագործման ավտոմեքենան առգրավվել են բանկի կողմից։ Արդյունքում՝ քաղաքը ստացել է անավարտ բնակելի շենք, որը մինչեւ օրս չի բնակեցված։

Ուշադրության է արժանի նաեւ Գյումրիի էլեկտրակենցաղային սարքերի գործարանի (արդուկի գործարան) վերականգնման աշխատանքների ընթացքը։ Մարզպետարանի շինարարության բաժնի շինարարների վկայությամբ, հենց բաժնի ջանքերով մրցույթում հաղթող է ճանաչվել «Ամարաս» կոոպերատիվ կազմակերպությունը, որն իր հզորություններով եւ հնարավորություններով զգալիորեն զիջում է մրցույթի մասնակից մյուս կազմակերպություններին։ Ինչեւէ, մասնաշենքի շինարարական աշխատանքները կատարվել են լուրջ թերություններով եւ ծավալների հավելագրումով, որի պատճառով գործարանի ընդունող հանձնաժողովը՝ ի դեմս գործարանի նախկին տնօրեն Բարսեղյանի չի ընդունել կառույցը՝ ներկայացնելով շուրջ 130 հազար դոլարի չկատարված աշխատանքների եւ այլ թերությունների ակտ։

3 ամիս տեւած քաշքշուկից հետո տնօրենի կողմից բողոք է ներկայացվում դատախազություն, որն էլ իր հերթին դիմում է իր վերադասին՝ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու եւ հարցը ուսումնասիրելու համար։ Քաղաքաշինության նախարարության հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություն հօգուտ կառուցողների։ Սակայն այս դեպքում եւս հանձնաժողովը չի ընդունել կառույցը։ Վերջապես, հարցը գտել է իր պարզագույն լուծումը՝ ձեռնարկության տնօրենը ՀՀ արդյունաբերության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից, իսկ նրա փոխարեն նշանակված «Ամարաս» կոոպերատիվի տնօրենը (Ս. Հովհաննիսյան) ստորագրել է իր իսկ կողմից կառուցված շենքի ընդունման ակտը։ Այժմ «Ամարասի» կողմից կառուցվում է էլեկտրատեխնիկական գործարանի մասնաշենքը եւ Գյումրիում լուրեր են պտտվում, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաեւ այս կառույցը»։

Մարզպետի օրինախախտումների ցանկն ուզում ենք ավարտել նախագահին եւ վարչապետին ներկայացված տեղեկանքից կատարվող մեկ այլ մեջբերմամբ. «Քաղաքական բնույթի սխալ է թույլ տրված մարզպետի 1996 թ. թիվ 84 որոշման մեջ գյուղխորհուրդների գործկոմներում գործավարության ստուգման արդյունքներից ելնելով, մարզպետը որոշել է գյուղական խորհուրդների գործկոմների երեք նախագահների «չերաշխավորել գյուղապետի առաջիկա ընտրություններում»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031