Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑ ՈՒ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Հուլիս 30,1998 00:00

Ամեն անգամ, երբ Հռոմեական կայսրությունում գործերը վատանում էին (որեւէ կայսր հարբած վիճակում իրեն Աստված էր հռչակում եւ դրա հետ չհամակերպվողներին հայտարարում ազգի դավաճան կամ գերմանական որեւէ ցեղ գրավում էր մի քանի պրովինցիա), դեղամիջոցը միակն էր. Հռոմի քաղաքացիներին պետք են հաց եւ տեսարաններ։ Բարեբախտաբար, տեսարաններ միշտ կային։ Ցանկացած պահի կարելի էր կազմակերպել գլադիատորական մենամարտեր, «երրորդ աշխարհի» երկրների արքաների թագադրություններ կամ անվճար օրգիաներ։ Հաց նույնպես կար՝ աշխարհի կեսը Հռոմի համար էր աշխատում։ Հռոմն, իհարկե, ի վերջո կործանվեց, բայց «հաց եւ տեսարաններ» դեղատոմսն առ այսօր արդիական է։

Խնդիրն այն է, որ հացն առանց տեսարանների եւ տեսարաններն առանց հացի չեն օգնում։ Հայաստանում այսօր հաց չկա, եւ քանի որ ոչ մի ծառ իսկապես հարյուր օրում բերք չի տալիս, առաջիկայում նույնպես չի լինի։ Մնում են միայն տեսարանները, որոնց կազմակերպման համար առանձնապես մեծ նյութական միջոցներ պետք չեն։ Ավելին՝ դրանք կարող են նույնիսկ տնտեսապես շահավետ լինել։ Մեզանում տեսարանները լինում են երկու տեսակի՝ «ո՜ւխ» եւ «ջիջի՛լ»։ Ընդ որում, «ջիջիլային» տեսարաններն առանձնապես գործին չեն օգնում։ Օրինակ՝ գարեջրի տոնը՝ Երեւանում կամ նախագահի կիրակնօրյա զբոսանքները՝ Սեւանում։ Ավելի արդյունավետ են «ո՜ւխ» բնույթի տեսարանները։ Օրինակ՝ նախորդ իշխանության ներկայացուցիչներին հետապնդելը, Վանոյին հարցաքննելը (մի քանիսին կարելի է նույնիսկ նստեցնել) եւ այլն։

Բայց կօգնե՞ն արդյոք նման շոուները։ Այդ առիթով կարելի է հիշեցնել մարտ ամսին բնակչության մոտ 59%-ին սաստիկ դուր եկած մի անեկդոտ։ Մի թագավոր տառապում է փորկապությամբ եւ հրավիրում բոլոր հայտնի բժիշկներին։ Նրանցից մեկը իր հետ մի կլիզմա է բերում։ Թագավորը, իմանալով դրա կիրառման ձեւը, կարգադրում է այն իրականացնել բժշկի նկատմամբ, եւ այդ տեսարանից այնքան է ոգեւորվում, որ փորկապությունն անցնում է։ Հետագայում, ամեն անգամ, երբ թագավորի «փորը կապվում» է, բժշկին կլիզմա են անում։ Եթե հաշվի առնենք, որ առնվազն դեռ 2-3 տարի թագավորը տառապելու է փորկապությամբ, կարելի է եզրակացնել, որ «ո՜ւխ» բնույթի միջոցառումները շարունակվելու են։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031