Քանի որ անկախ դատական իշխանության կազմավորման համար ոչ միայն անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական բազա, այլ նաեւ՝ ստեղծել համապատասխան երաշխիքներ, այդ պատճառով Սահմանադրական իրավունքների կենտրոնը եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը որոշել են անցկացնել սեմինարների շարք՝ «Անկախ դատական իշխանության կայացման երաշխիքները» ծրագրով: Իսկ ծրագրի շրջանակում առաջին ելույթը կայացավ երեկ Սահմանադրական դատարանում: Զեկույցով հանդես եկավ ԵՊՀ փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Հրաչիկ Շաքարյանը: Զեկուցման թեման էր «Օրինաստեղծությունը եւ դատական անկախության հիմնահարցի հայկական հայեցակետը»: Հավատարիմ մնալով իր մասնագիտությանը՝ ՍԴ նախագահի դասախոսը Էյնշտեյնի հայտնի դրույթն ու շատ ու շատ ասույթներ հիշեցնելով, նշեց մասնավորապես հետեւյալը. «Իրավաբանների պրոբլեմը շատ բարդ է. նրանք գործ ունեն ոչ թե մարդու հետ, այլ, թույլ տվեք ասել, խոտորված մարդու հետ, աղավաղված մարդու հետ, համենայն դեպս՝ օրինաչափությունից դուրս գտնվողի հետ, իսկ օրինաչափությունը սովորաբար մեկն է, իսկ խոտորվողներն ամենաբազմակերպ. այդ պատճառով իրավական գործունեության մեջ ստեղծագործական մոտեցումը ամենաառաջնային պրոբլեմներից մեկն է: Նախ եւ առաջ ստեղծագործությունը ժամանակակից մարդու կեցութային ելակետն է…»:
Այնուհետեւ պրն Շաքարյանը «օրինաստեղծությունը» բացատրեց՝ ստեղծագործության տեսության տեսակետից: Իսկ ավելի ուշ, Գ. Հարությունյանի խնդրանքով, կոնկրետացրեց բացատրությունը. «Ստեղծվում է իրավական նորմա, ամենաելակետային դոկումենտ: Օրենքը պետք է միս ու արյուն ստանա կոնկրետ իրավիճակներում ու դեպքերում: Այստեղ է, որ կարող ենք իրավամբ ասել, որ դատական բոլոր ինստանցիաներում գործ ունենք ստեղծագործական պրոցեսի հետ: Այնպես որ, դա միայն օրենսդիր մարմինների պրոբլեմը չէ»: Հր. Շաքարյանն իր ելույթում միտք արտահայտեց այն մասին, որ մինչ այսօր ստեղծված օրենքներից գրեթե բոլորը դժգոհ են եղել. «Գոհ են միայն դրանք ստեղծողները: Բայց, այնուամենայնիվ, օրենքի իրականացումը պետք է կատարվի այն պայմաններում, երբ հասարակական կարծիք գոյություն ունի»: Հայաստանը համեմատելով Եվրոպայի հետ՝ պրն Շաքարյանը նկատեց. «Եթե եվրոպական լայնեզր գլխարկ ենք դնում, չի նշանակում, որ եվրոպացի ենք»: Այս համեմատությունն արվեց բանտերի կապակցությամբ. եթե Եվրոպայում բանտերը մարդուն հնարավորություն են տալիս մաքրագործվելու, ապա «մեր բանտերից Քրիստոսն էլ սատանա է դուրս գալիս…»:
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ