Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱԹԻՄԱՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ

Հուլիս 29,1998 00:00
Mak

Ֆաթիման ՄԱԿ-ի փախստականների հարցերով ծրագրերի ղեկավար Ֆաթիմա Շերիֆ-Նորն է, իսկ Վ. Կարմիրշալյանը Մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի կենտրոնի տնօրենը (բնականաբար՝ Հայաստանում)։ Կարմիրշալյանը հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների պաշտպան։ Այս շատ ակտուալ խնդրով նա զբաղվում էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով նախկին գլխավոր հանձնակատար Ռոբինսոնի օրոք։ Այս հրատապ խնդրի լուծման համար Միացյալ ազգերից Կարմիրշալյանը ստանում էր, բնականաբար, այն, ինչ շատ արհեստավարժորեն ստանում են հայ նոր մտավորականները։ Մարդու իրավունքների ոտնահարման շուրջ հրավիրված սեմինարների ժամանակ Վ. Կարմիրշալյանը կանոնավոր առանձնանում է որպես պետության եւ բանակի շահերը պաշտպանող եւ սեռական փոքրամասնություններով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար։ Կարմիրշալյանը ղեկավարության հանդեպ արմատացած հարգանքից դրդված, հավանաբար, զբաղվում է պետության հետ որեւէ կոնֆլիկտ չենթադրող սեռական փոքրամասնության խնդրով։

Այլ երկրներից ՄԱԿ-ի կազմում Հայաստան ժամանած ղեկավարներին թերեւս դժվար է բացատրել, որ սեռական փոքրամասնությունը Հայաստանում խնդիր չէ, որ փոքրամասնությունները դրանք թիվ չեն եւ սեռական փոքրամասնությամբ բարեխղճորեն զբաղվում են առանց դրան հասարակական հնչեղություն տալու։ Իսկ ահա, ինչ վերաբերում է ազգային բանակում զինվորներին տարատեսակ սեռական բռնությունների ենթարկելու խնդրին՝ Կարմիրշալյանը դրանով զբաղվել չի կամենա՝ քանզի սիրում է ազգային բանակը։ Այսպիսով, սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող Վ. Կարմիրշալյանը այսուհետ զբաղվելու է փախստականների ծրագրերով. սա է ՄԱԿ-ի փախստականների ծրագրերի ղեկավար Ֆաթիմա Շերիֆ-Նորի կամքը։

Փախստականների հետ բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների ընթացքում միշտ ընդգծվել է փախստականների անբարյացկամ վերաբերմունքը մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի կենտրոնի տնօրենի նկատմամբ։ Անբարյացկամությունը պայմանավորված է նրանով, որ Կարմիրշալյանը երբեւէ չի ցանկացել ընդունել կամ լսել որեւէ փախստականի եւ որեւէ մեկին դեմքով չգիտի։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը կարգում է նրան հովանավոր՝ Երեւան քաղաքի փախստականներին։ Համանման խնդրով շրջաններում զբաղվելու է Լ. Ալավերդյանը։ Թե ինչո՞ւ հատկապես Կարմիրշալյանը եւ արդյոք ի՞նչ սկզբունքով են ընտրվում թեկնածուները՝ անհայտ է։ Այս հարցը մամուլում արդեն հնչել է. «ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի պաշտոնակատար Ֆաթիմա Շերիֆ-Նորին մեր կողմից տրված մի շարք գրավոր հարցերը (մասնավորապես հասարակական կազմակերպությունների մեջ գործընկեր գտնելու եւ նրանց հետ աշխատելու սկզբունքների մասին) մեկ ամսից ավելի մնացել են անպատասխան, սկզբում Ֆաթիմա Շերիֆ-Նորի զբաղվածության, իսկ այժմ անհայտ պատճառաբանություններով» («Այժմ», 15.21.07.)։

Թեեւ հարցերը մնում են անպատասխան, ավելացնենք դրանց եւս երկուսը. սեռական փոքրամասնությունների շատ «հրատապ» հարցում ի՞նչ նվաճումների հասավ Կարմիրշալյանը, որի համար Միացյալ ազգերից ստացել էր գրանտներ եւ երկրորդ, կարելի՞ է ծրագրերի պատասխանատու նշանակել մի մարդու, որին փախստականներից որեւէ մեկը չի տալիս իր հավանությունը։ Այնինչ, Կարմիրշալյանն արդեն ուղարկում է իր ներկայացուցչին փախստականների հետ հանդիպելու։ Ինքն առայժմ այդ բարեհաճությանը չի արժանացրել նրանց։ Փախստականները հայտնում են իրենց վճռական դժգոհությունը։ Սա, թերեւս, նշանակություն չունենա, որովհետեւ հայաստանանման կամ սոմալիանման (որտեղից եկել է Ֆ. Շերիֆ-Նորը) երկրներում բանականությամբ քչերն են առաջնորդվում եւ հազվադեպ։ Ի պաշտոնե, Ֆաթիմա Շերիֆ-Նորն իրավունք ունի ընտրել ում կամենա, տեղացիներս իրավունք ունենք տարակուսել ու համաձայն չլինել, որքան էլ ապարդյուն…

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031