Լրահոս
Օրվա լրահոսը

PERPETUUM MOBILE

Հուլիս 29,1998 00:00
Robert Qocharyan

Նոր նախագահի ընտրվելուց հետո զարմանալի բաներ կատարվեցին Հայաստանում: Երկիրը, որի կործանումն էին ազդարարում /ու թվում էր թե՝ անհամբեր սպասում/ բոլոր հայրենասեր ուժերը, փյունիկի պես կենդանացավ ու ահա նորից վեր է սլանում:

Նվիրական ուժերը, որոնք Հայաստանի անկախությունը հռչակելուն պես, այնուհետեւ պատերազմի ծանր տարիներին ու էլ ավելի՝ հաղթանակից հետո, պայքարեցին հանուն հայրենիքի փրկության ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի, ի վերջո, հաղթեցին: Ութ երկար ու ձիգ տարիների չարքաշ համատեղ պայքարն ավարտվեց փայլուն հաղթանակով՝ չկան քաղաքական դատավարություններ ու բացված է փակված մամուլը, չի հետապնդվում եւ ոչ մի համարձակ լրագրող, իսկ տնտեսության տոկոսները թեեւ դանդաղ, բայց աճում են: Նորոգված ու կահույքափոխ արված նախագահականում ազգափրկիչ ուժերից մի-մի ներկայացուցիչ՝ ամենօրյա ծանր աշխատանքի լուծն ուսերին, օգնում է նախագահին մոտեցնելու այն ապագան, որ կունենանք 2-3 տարի հետո: Ռոբերտ Քոչարյանի նախագահության 100 օրվա առիթով ազդարարվող նվաճումները նույնպես վկայում են, որ իրոք լավ է լինելու: Առավել եւս, որ նախագահը վճռական խոստում է տվել՝ բացառել երկրում երկրորդ հեղաշրջման փորձը եւ բացատրեց, թե ինչու:

Նախկինում, երբ Հայաստանը անդունդի եզրին էր, իսկ վարչախումբը թալանում, կեղեքում էր ժողովրդին, հարստանում ու վարում պառակտիչ, պարտվողական քաղաքականություն, նման փորձ ոչ միայն հնարավոր եղավ, այլ նաեւ տրամաբանական ավարտ ունեցավ: Դա անցյալում, իսկ հիմա մեր երկրին ոչ թե ցնցումներ են պետք, այլ՝ միայն կայունություն: Ասենք, ե՞րբ չէր պետք: Բայց, ցավոք, այսօր էլ գտնվում են հատուկենտ մարդիկ ու նրանց հետեւում կանգնած ուժեր, որոնք չեն հասկանում կայունության անհրաժեշտությունը /թեեւ դեռ երեկ հասկանում էին/ ու ձգտում են երկիրը ապակայունացնել: Ահա դրանց մասին է միանգամայն իրավացի գրում պաշտոնաթերթ «Ազգ»-ը, հարցնելով. «Ուրեմն, ինչո՞ւ են աղմկում քաղաքական գործիչները: Ինչո՞ւ է աղմկում ՀՀՇ-ն»: Ասել է թե, ինչո՞ւ չեն ուզում տեսնել մի քանի ամսվա ընթացքում, կամ հենց 100 օրում արվածը: Այս հարցի պատասխանը գտանք մեկ այլ պաշտոնաթերթում. «Հռոմեական մի կայսր իր ամեն մի ելույթն ավարտում էր հետեւյալ բառերով. «Կարթագենը պետք է կործանվի»: Եւ Կարթագենն ընկավ: Հարցն այն է, թե ո՞ր Կարթագենն են ուզում կործանեն մեր նախկին լիդերները»,- բացականչում է «Республика Армения» -ն, փաստորեն ՀՀՇ-ն համեմատելով հռոմեական մի կայսեր հետ, որն ամեն գնով ուզում էր կործանել հայտնի քաղաք-պետությունը /ըստ այս համեմատության, պետք է ենթադրել, ներկայիս իշխանություններին/:

…Հռոմեական մեծ քաղաքական գործիչ Կատոն Ավագը , որը Ք.ա. 195 թ. Հռոմի կոնսուլն է եղել /այլ ոչ թե կայսրը/, իրոք, ատում էր Հռոմի ախոյան Կարթագենը, որի հետ իր երկիրը պատերազմեց գրեթե 120 տարի: Պատմիչները վկայում են, որ 83 ամյա Կատոնն, իսկապես, ամեն անգամ սենատում ելույթն ավարտում էր. «Ceterum censeo, Carthaginem delendam esse» հայտնի բառերով՝ «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ…»: Եւ իրոք, Ք.ա. 146թ. հռոմեացիների ատելությունն այն աստիճանի էր հասել, որ նրանք հողին հավասարեցրին արդեն ավերակ դարձած Կարթագենը: Բայց ալեհեր սենատորը դա չտեսավ, որովհետեւ «հեղաշրջումը» տեղի ունեցավ Կատոնի մահվանից երեք տարի անց: Ավանդույթը, սակայն, Կարթագենի հաշվով միանշանակ է պատասխանում՝ ո՞վ է այն տղամարդը հարցին:

Անշուշտ Հռոմի պատմությունից մեր գիտելիքը չէ, որ ուզում էինք ցույց տալ: Ոչ էլ սույնով ծածկագիր ենք հղում պատմությունից քննություն հանձնող դիմորդներին: Հավանաբար Ռոբերտ Քոչարյանի սայթաքմանն անկեղծորեն սպասողներ էլ կան, եւ դրանց թիվը, ինչպես եւ առաջին նախագահի պարագայում, փոքր չէ: Հայ ենք, ի վերջո: Զարմանալին հայ քաղաքական այրերի անթաքույց ատելությունն ու չարախնդությունն է միմյանց նկատմամբ, ընդ որում նրանց, ովքեր դեռ երեկ իրար հանդեպ անկեղծ սիրո խոստումներ էին հնչեցնում: Կարծես, իրոք, մեր էլիտայի մի մասը Հռոմի սենատորներ են իրենց կարծում, վճռական տղամարդ՝ զառամյալ Կատոնով հանդերձ, մյուսը՝ հզոր Կարթագենի այրեր, իրենց Հանիբալով, որոնք քանիցս հասել են Հռոմի դուռն ու սարսափ տարածել նրա պատերից ներս: Տպավորություն է ստեղծվում, որ ատելությունն է հենց այն հավերժական շարժիչը, որով կերտվում է մեր պատմությունը: Մեր ազգային perpetuum mobile-ն: Մենք էլ, ըստ մեր այրերի, երեւի պլեբսն ենք, որի դերը սպասելն է, թե այս անգամ ո՞ր իսկական տղամարդն է գալու համազգային փրկության առաքելությամբ: Խեղճ ու կրակ մեր երկրի անցյալի եւ ներկայիս առաջնորդները իրո՞ք ախոյան են իրար, թե՞ թատրոն են խաղում, նողկալի բովանդակությամբ ու տխուր վերջաբանով: Բոլորիս համար, անշուշտ…

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031