Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխություն տեղերում՝ դեպի խորհրդարանական ընտրություններ

Հուլիս 29,1998 00:00
xorhrdaran

Նախագահական արտահերթ ընտրությունների ավարտից անմիջապես հետո, իսկ երբեմն- երբեմն՝ նաեւ այդ փուլում, քաղաքական զարգացումները Հայաստանում ըստ էության մտան նախապատրաստական նոր փուլ՝ ուղղված առ խորհրդարանական ընտրությունները։ Խոսքը, տվյալ դեպքում, ամենեւին էլ ընտրական օրենսգրքի մասին չէ։ Այս փուլում դեռեւս այնքան էլ չի կարեւորվում հարցի օրենսդրական կողմը, քանի որ դրանով զբաղվելու եւ ժամանակ, եւ պարտադրանք հայաստանյան քաղաքական ուժի կենտրոն կուսակցությունները դեռ կունենան։ Այս փուլում, ըստ էության, լուծվում է այլ հարց։ Ավելի կարեւոր է դիտվում տարածքների վերահսկելիության հարցը։ Ամենեւին էլ պատահական չէ այն իրողությունը, որ հենց նույն «Արդարություն եւ միասնություն» համագործակցությանն անդամակցող ուժի կենտրոն կուսակցությունները՝ Դաշնակցությունն ու Երկրապահ կամավորականների միությունը, առավելապես ձգտում են լծակների տիրանալ ոչ թե առանձին նախարարություններում եւ դրանց ենթակա վարչություններում, այլ՝ տեղական կառավարման եւ ինքնակառավարման մարմիններում։ Իհարկե, դեռեւս չկա որեւէ հիմք ասելու, որ այս բնագավառում երկիշխանություն է հաստատվել։

Հստակ է, որ Երկրապահ կամավորականների ներկայացուցիչ Դավիթ Զադոյանը տարածքային կառավարման նախարարն է, սակայն մյուս կողմից դեռեւս անորոշ է ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանի իրական լիազորությունների շրջանակը, որը նրան է տրվելու ի պաշտոնե, իբրեւ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահի։ Ընտրությունների վերահսկելիությունն ապահովելու առումով ՀՅԴ-ի համար լուրջ ձեռքբերում էր հատկապես Հրայր Կարապետյանի նշանակումն Արագածոտնի մարզպետի պաշտոնում։ Կան դաշնակցական փոխմարզպետներ եւ այդ մակարդակի պաշտոններին հավակնող ՀՅԴ անդամներ։ Ավելին՝ դեռեւս մինչեւ ԳԺ ավարտը դաշնակցականներից մեկը եւս մարզպետ դառնալու լուրջ մտայնություններ ուներ։ Կատարված եւ կատարվելիք նշանակումները ճիշտ կազմակերպական աշխատանքի դեպքում, անշուշտ, կարող են որոշակի երաշխիքներ ապահովել գալիք խորհրդարանական ընտրությունների թափանցիկության եւ վերահսկելիության առումով։ Տեղերում իշխանությունը վերցնելու լուրջ գործընթաց է սկսվել նաեւ երկրապահական շրջանակում։ Բացի այն, որ, ըստ էության, բոլոր մարզպետները Վազգեն Սարգսյանի կողմը բռնեցին փետրվարյան իրադարձությունների ժամանակ, հետագայում էլ Արմավիրի եւ Արարատի մարզերում երկրապահները կարողացան պետ կարգել իրենց համախոհներին։

Հետաքրքիր է նաեւ դրա կողքին առկա դրսեւորումը՝ ամեն ինչ Ալբերտ Հերոյանի եւ Հովիկ Աբրահամյանի նշանակումով չվերջացավ։ Այժմ, կարծես թե, իջեցվում է տեղերում իշխանության տիրանալու մակարդակը։ Հրաժարականներ են ներկայացնում նախկինում իբրեւ ՀՀՇ-ին հովանավորյալներ թաղապետեր եւ համայնքապետեր դարձած մարդիկ։ Իհարկե, թափուր դարձող տեղերի համար մրցակցության մեջ կարող են բոլոր առանցքային կուսակցությունները մտնել, սակայն հաղթողի ռեալ հավակնորդները կլինեն հիմնականում նրանք, ում կուսակիցը տվյալ մարզում կլինի տանուտերերի ղեկավարը։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031