Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. ԻՆՉՈՒ՞ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀՇ

Հուլիս 29,1998 00:00
Levon Ter-Petrosyan

Հայաստանյան քաղաքական միջանցքներում արդեն սկսվել են քննարկումները, թե ինչո՞ւ է հուլիսի 25-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել ՀՀՇ։ Ամեն ինչ դեռեւս ենթադրությունների ու մտահանգումների մակարդակում է։ Անգամ Վանո Սիրադեղյանը, որը ներքին գործոց նախարարի պաշտոնը թողնելուց հետո բավականին բարեհաճ էր լրագրողների նկատմամբ, հուլիսի 27-ին հայտարարեց, թե մի որոշ ժամանակ հրաժարվում է թղթակիցների հետ շփումներից։ Ըստ երեւույթին, նա նույնպես կիրառում է դնում քաղաքական պաուզայի էֆեկտը, ինչի համար մի քանի շաբաթ առաջ խրախուսական բառեր ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Հանրապետության դատախազություն հարցաքննության, ՆԳ եւ ԱԱ նախարարություն առերեսման կանչվելուց հետո պրն Սիրադեղյանը տեղեկատվական արտահոսքը կանխելու մեկ այլ հնարք էլ է գործադրում։ Սովորաբար երկուշաբթի օրերին հրավիրվող ՀՀՇ վարչության նիստերն արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն կայանում։ Այսպես նաեւ ՀՀՇ վարչության տարբեր շահերի հետամուտ անդամների հարցերին պատասխանելու հարկ չի լինի։

Իհարկե, հասարակական բամբասանքն ու քաղաքական շահագրգռություններն այս ձնագունդը դեռ կգլորեն, ըստ երեւույթին տարածելով ինչպես փոխլրացնող, այնպես էլ հակասական խոսակցություններ, բայց իրականությունը կպարզվի միայն այն ժամանակ, երբ կողմերը սկսեն խոսել։ Բայց, քանի որ բոլոր իրավասու անձինք հրաժարվում են որեւէ բան ասել հարցաքննության եւ առերեսման արդյունքների մասին, ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հետ զրույցն սկսեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀՇ կատարած այցի վերաբերյալ հարցադրումով։ Նա հաստատեց, որ, իրոք, նախկին նախագահն իրենց է այցելել ոչ թե պաշտոնական, այլ աշխարհիկ հագուկապով՝ ջինսե զգեստներ, տեսքը թարմացնող սանրվածք եւ այլն։ Այդ օրը ՀՀՇ-ում են եղել կուսակցության վարչության անդամներ, սկզբնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Իսկ թե «ինչպես պատահեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես Վանո Սիրադեղյանի հարցաքննության կանչվելուց հետո որոշեց այցելել ՀՀՇ» հարցադրումն արժանացավ խուսափողական պատասխանի. «Հատկապես չէ, ուղղակի շաբաթ օրը հանգստի օր է, ուստի, հավանաբար, այդ օրն է նպատակահարմար համարվել»։ Նախկին նախագահի եւ իր կուսակիցների զրույցի բովանդակությունն էլ ներկայացվեց ընդհանրական ձեւակերպումներով. «Կոնկրետ ինչ-որ հետաքրքրող բան չկար, ուղղակի խոսեցինք քաղաքական անցուդարձից, կենցաղից եւ այլն»։

Կարճ կապենք. Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ում մնացել է շուրջ մեկ ժամ, որից հետո ոչ թե Վանո Սիրադեղյանի ընկերակցությամբ քաղաքից դուրս է մեկնել, ինչպես հաղորդվել է, այլ վերադարձել է տուն՝ Երեւանի քաղաքապետարանի ընդունելությունների առանձնաշենք։ Պարզապես նրանց ճանապարհները որոշ հատվածով համընկել են։ ՀՀՇ վարչության անդամներն էլ մեկնել են Մասիս ավան՝ հանդիպելու տեղի իրենց կազմակերպության ներկայացուցիչներին։ Չմոռանանք ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ՀՀՇ է այցելել նաեւ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը։ Վերջինս երկար ժամանակ հրաժարվում էր մասնակցել ՀՀՇ վարչության նիստերին՝ Վանո Սիրադեղյանի հետ ունենալով լուրջ տարաձայնություններ։ Անդրանիկ Հովակիմյանը խնդիրն այլ կերպ դրեց. «Գոյություն չի ունեցել սկզբունքորեն ՀՀՇ ոտք չդնելու միտում։ Կան որոշակի տարաձայնություններ զուտ մարտավարական խնդիրների վերաբերյալ, բայց ՀՀՇ-ում դա միշտ է եղել։ Չեմ կարծում, թե այս այցով նրանք բոլոր հարցերի շուրջ սկսեցին նույնը մտածել։ Այնպես չէ, որ տարաձայնություններ ընդհանրապես գոյություն չունեն։ Կազմակերպությունը դրանով էլ է կազմակերպություն, որ գաղափարական սկզբունքներ ունենալով հանդերձ, մարտավարության մեջ, գործողությունների ձեւի ընտրության հարցում լինում են նաեւ տարաձայնություններ։ Եվ դա արտահայտվում է ոչ միայն Արարքցյան-Սիրադեղյան մակարդակում։ Կան որոշ հարցեր, որոնց շուրջ տարաձայնություններ են առկա նաեւ իմ եւ ՀՀՇ վարչության նախագահի միջեւ»։

Մեր վերջին հարցը ՀՀՇ վարչության փոխնախագահին այսպիսին էր՝ կա տեսակետ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հանպատրաստից հայտնությունը ՀՀՇ վարչության շենքում Վանո Սիրադեղյանի հարցաքննության կանչվելուց հետո վերջինիս նկատմամբ արտահայտված զորակցության քաղաքական դրսեւորումն էր։ Այդպե՞ս է։ Առաջնային արձագանքն էլի խուսափողական էր. այդ հարցը պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին տալ։ Նրա փոխարեն ոչ ոք իրավասու չէ պատասխանել։ Բայց, այնուամենայնիվ, ասվեց նաեւ. «Չնայած չեմ կարծում, որ դա այնպիսի արտառոց բան է, որ աջակցություն ցույց տալու անհրաժեշտություն կար։ Դժվար է այդ երկու դրսեւորումները մեկը մյուսին կապել։ Ձեր հարցի մեջ ենթատեքստ կա, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան հեռու մարդ է ՀՀՇ-ից, որ եթե եկել է այստեղ, ուրեմն անպայման դա ինչ-որ բանի հետ է կապված»։ Պարզվեց նաեւ, որ Լեւոն Հակոբիչը հրաժարականից հետո եւս 3-4 անգամ եղել է ՀՀՇ-ում։

Ամենավերջում ասեմ, որ Վանո Սիրադեղյանին եւս կարճատեւ մի ընթացք, ընդամենը 3-4 րոպե հանդիպելու հնարավորություն եղավ, այնուամենայնիվ։ Դատելով նրա խոսքից ու տեսքից, տրամադրությունը լավ էլ բարձր է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ Գ. Թղթակցությունն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ՀՀՇ-ին մոտ կանգնած աղբյուրները հաղորդեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀՇ- ում եղած ժամանակի շուրջ 90 տոկոսը առանձնազրույց է տեղի ունեցել նրա եւ Վանո Սիրադեղյանի միջեւ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031