Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ՞ ԱՆԱՉԱՌ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Հուլիս 29,1998 00:00
sd

Երեկ Սահմանադրական դատարանում կայացավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի համատեղ հանդիպումը, որը նպատակ ուներ մի քանի հիմնական հարցերի վրա շեշտադրումներ կատարելու: Նախ՝ ՍԴ նախագահը շնորհավորանք հղեց Վճռաբեկ դատարանի ձեւավորման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նախատեսված ժամկետներում կձեւավորվեն նաեւ դատական համակարգի մյուս ինստիտուտները՝ Վերաքննիչ եւ Առաջին ատյանի դատարանները: «… Մենք պետք է կարողանանք դեռ շատ ջանք գործադրել, որպեսզի այս համակարգը կարողանա անկախ եւ վճռական իր գործունեությունը ծավալել, որպեսզի հարգվի ոչ միայն ժողովրդի կողմից, այլեւ նրա հետ հաշվի նստի նաեւ իշխանության մյուս թեւը, որովհետեւ անկախ եւ ամբողջական համակարգի բացակայության պայմաններում միշտ լինում են անարդարացի թե՛ դժգոհություններ, թե՛ տարաբնույթ խոսակցություններ, թե՛համակարգը լիարժեք չէ, աշխատում է թերություններով»:

Ի դեպ, պաշտոնական հանդիպումից առաջ ՍԴ նախագահն ու Արդարադատության նախարարը «առանձնազրույց» ունեցան միջանցքում: Ինչպես հետո տեղեկացրեց Գ. Հարությունյանը, նրանց զրույցն առնչվում էր պետական հանձնաժողովի բարեփոխումների առաջիկա նիստում քննարկվելիք ծրագրի կատարման այս փուլի գնահատմանը եւ հետագա աշխատանքների համակարգմանը, որպեսզի առաջիկա նիստերի ընթացքում հնարավոր լինի նույնպես ծրագրված իրականացնել հետագա բարեփոխումները: Գ. Հարությունյանը շեշտեց այն միտքը, որ Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները մեծ անելիքներ ունեն. «Յուրաքանչյուր օրենք, յուրաքանչյուր օրենսդրական ակտ, եթե չի դառնում կենսագործունեության հիմք եւ բովանդակություն, մնում է որպես թուղթ, մնում է որպես պետական կամ պաշտոնական փաստաթուղթ եւ ըստ էության ոչ մի ներազդեցություն հասարակական կյանքի ընթացքի վրա չի ունենում: Իսկ որպեսզի դառնա կենսաձեւի հիմք, պետք է նաեւ ճանաչվի եւ իմացվի մարդկանց կողմից»:

Պրն Հարությունյանը ցանկություն հայտնեց հասնել նրան, որ մարդկանց մոտ բացասական տրամադրություն չառաջանա՝ «դատական համակարգ» անվանումը լսելիս, քանի որ «այս համակարգը կոչված է հենց իրենց պաշտպանելու եւ արդարությունը հաստատելու»: Վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Դանիելյանը եւս հաստատեց այն միտքը, որ տրված ճանապարհը պետք է անցնել համագործակցված եւ անսխալ, որովհետեւ «այսօր դրվում է բոլորովին նոր համակարգի հիմք, եւ եթե համակարգի ընդհանուր արդյունավետության հայեցակետից չսկսենք մեր գործունեությունը, երեւի շատ տարիներ պետք կլինեն որպեսզի ամեն ինչ տեղը գա»: Ինչպես նշեց Արդարադատության նախարարը, անկախ դատական իշխանության կայացումը չի կարող լինել մեկ գրչի հարվածով, մեկ օրենքի ընդունումով եւ մեկ օղակի ձեւավորմամբ. անհրաժեշտ է երկարատեւ աշխատանք, «եւ ես այստեղ կարեւորում եմ ավանդույթի ձեւավորումը: Սա շատ ավելի ծանր աշխատանք է, քան թե օրենքը ճիշտ կամ դեմոկրատական սկզբունքներից ելնելով գրելը»:

Ամփոփելով եւ որոշակիացնելով ասվածը՝ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ չպետք է թերագնահատել կամ թեկուզ գերագնահատել արված որոշակի աշխատանքները: «Մենք ցանկանում ենք ստեղծել անկախ եւ արդյունավետ գործող դատական համակա՞րգ, թե՞ ցանկանում ենք ստեղծել դատարաններ, որոնք կարող են ինչ-ինչ գործեր քննել եւ ինչ-ինչ սահմանված կանոններով վճիռներ կայացնել: Սրանք բոլորովին տարբեր մոտեցումներ են եւ տարբեր հարցադրումներ, եւ ես ենթադրում եմ, որ եթե մենք իսկապես չկարողանանք ձեւավորել անկախ, անաչառ եւ արդյունավետ գործող համակարգ, մենք դժվարությամբ կկարողանանք հասարակության մեջ դատական համակարգի նկատմամբ որեւէ, թեկուզ նվազագույն, հոգեբանական փոփոխություն կատարել»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031