Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանում լայն թափ է ստացել պայքարը հանուն արդարության եւ, որ ավելի էական է, միասնության: Այդ պայքարի հիմնական ձեւն է միջին օղակի ՀՀՇ-ական պաշտոնյաներից ազատվելու գործընթացը: Կասկած չկա, որ այդ գործիչները ծայրաստիճան կոռումպացված եւ հղփացած են: Սակայն ո՞րն է նրանց եւ ոչ ՀՀՇ-ական պաշտոնյաների տարբերությունը, ինչո՞վ է արտահայտվելու այդ տարբերությունը՝ կադրային փոփոխությունից հետո: Ասենք, ՀՀՇ-ական մարզպետը «նալոգ» էր դրել բոլոր «բերքատու» մարմինների վրա՝ իրավապահ եւ արտադրական: Դաշնակցական մարզպետն այդպես չի՞ վարվելու: Ի՞նչն է նրան խանգարելու՝ զենքի վրա երդո՞ւմը: Գուցե ընտանիք պահելու համար նա Բյուրոյից աշխատավա՞րձ է ստանալու: Կամ եթե դու որպես ՀՀՇ-ական կաշառք էիր վերցնում, ապա հռչակելով քեզ երկրապահ, այդ անվանափոխությունից ազդված ազնիվ մա՞րդ ես դառնալու:
Եթե հարցնենք հանրապետության գլխավոր վերահսկիչ Դավիթ Վարդանյանին, ապա նա, հավանաբար, հեշտությամբ կապացուցի, որ բոլոր թաղապետերից հասարակության համար ամենավտանգավորն է, ասենք, Արարատ Զուրաբյանը: Իսկ Դոդի Գագոյի, Լեդի Հակոբի եւ Ծաղիկ Ռուբոյի վրա կարելի է սրբի սպիտակ շորեր հագցնել: Ինչ խոսք, շատ սկզբունքային մոտեցում է եւ միաժամանակ խոշոր ներդրում՝ թայֆայական համակարգի դեմ պայքարում:
Դավիթ Վարդանյանին, իհարկե, արդեն հասնում է պարգեւատրում, ասենք, անձնական օգտագործման БТР-ի տեսքով: Բայց իր կողմից բազմիցս քննադատված համակարգը դրանից, ցավոք, չի փոխվի: Համակարգ փոխելու համար գույնը եւ մաշկը փոխելը բավարար չէ:
Ա. Ա.