Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻ՞Չ…

Հուլիս 28,1998 00:00
marmnavachar

Մարմնավաճառությունը կամ կանանց անօրինական վաճառքը կարծես թե մեզ չի սպառնում, քանի դեռ Ամստերդամի «Կարմիր լապտեր» փողոցում կանգնածները ԱՊՀ-ի, Աֆրիկայի եւ Ասիայի «խոպանչի» կանայք են։ Սակայն դա ամենեւին չի նշանակում թերագնահատել մեր կանանց հնարավորությունները, սոցիալական ամենատարբեր գործոններ հաշվի չառնել, մանավանդ որ քողարկված այդ երեւույթն առկա է եւ մեզանում ու կարիք ունի ներքին խոր ուսումնասիրությունների եւ վիճակագրության։ Կա երեւույթի մի կողմն էլ. երբ հայ կինը անձնական մոտիվներով, աշխատանք փնտրելու հույսով մեկնում է արտագնա աշխատանքի։ Այստեղ էլ մենք չունենք հստակ պատկերացում. արդյո՞ք նա աշխատանք ձեռք բերեց, ի՞նչ գնով (գուցե նույն այն գնո՞վ, ինչի դեմ պայքարում է քաղաքակիրթ աշխարհը, մարմնավաճառությա՞ն, բռնի առեւտրի՞ – Ռ. Մ.)։

«Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» (ՔՀԶԿ) վարչության անդամ տիկին Ժաննա Միքայելյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը վերջերս մասնակցել է Բուդապեշտում հրավիրված («Սորոս» բաց հասարակության ինստիտուտի կողմից) միջազգային սեմինարին, որը նվիրված էր կանանց իրավունքներին, մասնավորապես, նրանց անօրինական առեւտրին՝ պոռնոբիզնեսին։

– Ինձ համար մի նոր աշխարհ էր,- ասաց Ժ. Միքայելյանը,- որովհետեւ մենք միմյանցից, փաստորեն, տեղյակ չենք։ Գիտենք միայն, որ խնդիրը կա ԱՊՀ տարածքում, եւ մեր հարեւան պետություններում։ ՔՀԶԿ վարչության անդամը տեղեկացրեց նաեւ, որ այդ սեմինարին մասնակցել են 37 երկրների ոչ կառավարական 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ (բացառությամբ՝ Էստոնիա-Վրաստան-Ադրբեջանի)։ Չի մասնակցել եւ Թուրքիան, սակայն զեկուցումների եւ ելույթների ժամանակ հաճախ է հնչել այն միտքը, որ կանայք կորչում են հատկապես այս երկրում եւ երեւույթն էլ իր ծաղկումն է ապրում այստեղ։ Հայաստանը ներկայացրել են տիկին Ժաննան եւ Դեմոկրատայի միության ներկայացուցիչ տիկին Հասմիկ Էդիլյանը։

ՀՀ ԳԱԱ Լեզվաբանության ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտքարտուղար, դոցենտ, ՔՀԶԿ-ի նախագահ տիկին Սվետլանա Ասլանյանն իր հերթին նշեց, որ իրենց կազմակերպությունն ունի մի ծրագիր, որը կոչվում է միգրացիայի կանխարգելում։ Այդ ծրագրի շրջանակներում էլ իրենք իրականացնում են փախստականների սոցիալական, հոգեբանական եւ մշակութային հարմարեցումը։ Սակայն նա գտնում է, որ մեր հասարակության համար անհրաժեշտ է մի քայլ առաջ անել եւ ոչ թե սպասել, որ պրոբլեմը լինի, «նոր փորձենք լուծել»։ Ինչո՞ւ է միջազգային վերոնշյալ սեմինարն, այնուամենայնիվ, հետաքրքրել մեզ հարցին տիկին Ասլանյանը պատասխանեց.

– Որովհետեւ մենք աշխատում ենք նախեւառաջ փախստականների հետ, որոնք մեր մեղքով չկարողացան այստեղ գտնել հայրենիք եւ ստիպված եղան գաղթել, արտագնա աշխատանքի…

– Մեր խնդիրն է փրկել նրանց, ովքեր չեն ուզում զբաղվել մարմնավաճառությամբ։ Իսկ, ընդհանրապես, վատ չի լինի կանանց կազմակերպություններից մի խումբ առաձնանա եւ մի քիչ խորանա։ Գուցե արդեն մտահոգիչ է հարցը եւ մենք անտեղյա՞կ ենք։

Տիկին Ժ. Միքայելյանի կարծիքով, անհրաժեշտ է վերանայել գովազդների հեռարձակումը, գովազդ, որն ըստ ՔՀԶԿ-ի նախագահ Ս. Ասլանյանի «նպաստում է արտագնա աշխատանքի խրախուսմանը, որովհետեւ ցուցադրվում են ֆիլմ-գովազդներ, որ արտասահմանում կյանքը շատ դյուրին է, մարդիկ ոչինչ չեն անում եւ զբաղված են կոկտեյլներ խմելով։ Իսկ դժվարությունների մասին, ոչ ոք չի խոսում»։ Ինչեւէ, վերադառնալով սեմինարին, տեղեկացնենք, որ այնտեղ լսվել են ուշագրավ զեկուցումներ։ «Ինչ-որ մեկը քեզ խոստացել է ավելի լավ ապագա Արեւմուտքո՞ւմ. նախազգուշացում կանանց» գրքույկը, ուր տրվում են խորհրուրդներ այն կանանց ու աղջիկներին, որոնց խոստացվում է արտասահման մեկնելիս աշխատանք, աշխատավարձ, ամուսնություն։ Վատ չէր լինի նաեւ մի քանի մեջբերումներ անել այդ գրքույկից.

ա) Համոզվիր, որ գիտես այն մարդկանց ազգանուններն ու հասցեները, ովքեր առաջարկ են անում։ Ստուգիր նրանց օրինականությունը։

բ) Դիմիր այն երկրի դեսպանատուն, ուր պատրաստվում ես մեկնել։ Ճշտիր, իրակա՞ն է աշխատանք առաջարկող անձը։

գ) Դիմիր այն կազմակերպություններին, խմբերին, որոնք աշխատում են փախստականների հետ, իսկ ամենակարեւորը, եթե քեզնից խլել են անձնագիրդ, դիմիր ոստիկանություն։

Անախորժությունների դեպքում, եթե հասկանալի է նրանց պահանջը, կարող ես դիմել ոստիկանություն եւ օգտվել իրավաբանի անվճար ծառայությունից։ Իսկ, ընդհանրապես, պարտադիր է անձնագրի լուսանկարը թողնել հարազատների մոտ, հետագայում՝ անձնագրի պատճենը հանելու համար։ Բոլոր եվրոպական երկրների այսպիսի կազմակերպությունները (հիմնականում La Strada- «ճանապարհ») համագործակցում են ոստիկանության հետ, իսկ վերջիններս էլ օգնում են նրանց։ Քաղաքակիրթ աշխարհում այս երեւույթի դեմ լծված են դիվանագիտական ներկայացուցչությունները, արդարադատության նախարարությունները, փախստականների հարցերով զբաղվող գերատեսչությունները։ Երաշխավորելով անձի գաղտնիությունը, ՔՀԶԿ-ն կոչ է անում մեր հայրենակիցներին, որոնք ունեն նմանօրինակ փաստեր, անհանգստություններ՝ խաբեության զոհ դարձած իրենց կին-հարազատների վերաբերյալ, դիմեն իրենց, Աբովյան-15, Լեզվաբանության ինստիտուտ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031