Եթե ամեն անգամ կեղծ ընտրությունները երկիրը հետ են գցում մի քանի տարով, ապա Սահմանադրական կարգի ոչ ճիշտ ընտրությունը երկիրը հետ է գցում մի քանի տասնյակ տարով։
Շավարշ Քոչարյանի երեկվա ասուլիսը Հայաստանի կառավարման ձեւը պրեզիդենտականից պառլամենտականի փոխելու հերթական փորձն էր, մանավանդ երեկ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է քվեարկություն կատարեր։ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկն էլ Սահմանադրության վերափոխումն էր, սակայն այսօր նա հայտարարում է, որ Սահմանադրական կարգի փոփոխություններ չեն լինելու։ Մինչդեռ միջազգային փորձը ընդհանրապես, եւ նորանկախ հանրապետությունների փորձը մասնավորապես ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք ընտրեցին կառավարման խորհրդարանական ձեւը, ընթանում են ժողովրդավարության ճանապարհով, իսկ նախագահական ձեւ ընտրածները գտնվում են պերմանենտ հեղաշրջումների եւ տոտալիտարիզմի վտանգի մեջ։ Հայաստանը եւս հայտնվել է նույն խայտառակ իրավիճակում, ինչ բազմաթիվ լատինաամերիկյան եւ աֆրիկյան երկրներ։ 1998 թ. կատարված հեղաշրջումը թվով երրորդն էր։
Առաջինը տեղի է ունեցել 1995 թվականին, երբ կրակոցներ լսվեցին Ազատության հրապարակում, իսկ 1996 թ. հեղաշրջում իրականացվեց պառլամենտի մոտ ժողովրդական ընդվզումը ճնշելով։ Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը զուր է տղամարդկության մասին տղայական հայտարարություններ անում, քանի որ Մարգարետ Թետչերը կամ Գոլդենմեյերը պակաս տղամարդ չէին։ Շատերը Հայաստանի ոչ ժողովրդավարական լինելը պայմանավորում են մեր ասիականությամբ։ Մինչդեռ Շավարշ Քոչարյանը գիտի առնվազն 3 ասիական երկրներ՝ Ճապոնիա, Իսրայել, Հնդկաստան, որոնք անշեղորեն ընթանում են ժողովրդավարության ուղիով։ Հնդկաստանի կողմից միջուկային փորձարկումների շարք անցկացնելն եւս, պարոն Քոչարյանը պայմանավորեց ժողովրդավարությամբ։ Մինչդեռ ոչ ժողովրդավարական Պակիստանն էլ, ոչ պակաս հաջողությամբ, նման շարք իրականացրեց։ Այսօր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկում է 3 փաստաթուղթ, որոնցից առաջինը նախատեսում է կառավարման նախագահական, երկրորդը՝ խորհրդարանական, իսկ երրորդը՝ խառը ձեւ։
Ըստ պրն Քոչարյանի, եթե նախագահականը մերժելի է, ապա կիսանախագահականը եւս խիստ վտանգավոր է, քանի որ առաջացնում է անիշխանություն, որը բերում է կամ պերմանենտ հեղաշրջումների կամ տոտալիտար համակարգի ձեւավորման։ Շրջանառության մեջ է դրված չորրորդ տարբերակը եւս, որը երեք ամիս առաջ ստորագրված է եղել, իսկ այժմ այն անստորագիր է։ Դրա հեղինակի անունը պարոն Քոչարյանը սպառնաց հայտնել, եթե այդ փաստաթուղթը քննարկվի։ Իսկ դրանով, թեեւ վերացվում է նախագահի կողմից խորհրդարանը ցրելու հնարավորությունը, սակայն օտարում է օրենսդիր մարմինը գործադիրից, քանի որ նախատեսում է կառավարությանը անվստահության հայտնում ձայների 2/3-ով։ «Սահմանադրության ամենաառանցքային պահը գործադիր եւ օրենսդիր իշխանության փոխհարաբերություններն են, այս կետի շուրջ էլ ձեւավորվում են մյուս բոլոր հարցերը»,- իր ասուլիսը ամբողջացրեց ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը, ավելացնելով, որ իրենց տեսակետը պաշտպանել են ՍԻՄ-ը եւ Դաշնակցությունը, մինչդեռ ՀՌԱԿ-ը եւ Հանրապետական կուսակցությունը, որոնք մշտապես կողմ են արտահայտվել պառլամենտական համակարգին, այժմ դեմ են։
Կարդացեք նաև
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ