Քեֆի էինք գնացել։ Սովորական հայկական քեֆ էր՝ ոչխարով, բջջային հեռախոսով, շորտիկներով ու ծնողների կենացով։ Իսկ Արզնու ձորում, ինքներդ էլ հասկանում եք, կիրակի օրը ասեղ գցելու տեղ չկար։ Մեզանից երկու ծառ այն կողմ նստած քեֆչիները, դատելով ամեն ինչից, բավականին զարգացած եւ ունեւոր մարդիկ էին եւ շարունակ քաղաքականությունից էին խոսում։ Նրանցից մեկը նույնիսկ նախագահի մամուլի ասուլիսն էր տեսել հեռուստացույցով, եւ «ճուտիկ-բալիկների» կենացից անմիջապես հետո իր վրդովմունքը հայտնեց առ այն, որ նախագահը հայտարարել է, թե Հայաստանում հեղաշրջում անելու ընդունակ տղամարդ չկա։ «Նա այդպիսի բան չի հայտարարել, նա ասել է՝ ո՞վ է այդ տղամարդը, իսկ դա հռետորական հարցում է», տաքացած ապացուցում էր երկրորդը։ «Այդ դեպքում ես էլ եմ հռետորական հարց տալիս. ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանում դասակարգը դար դարի հետեւից կերտում է միայն Ալբերտ Բազեյանին, իսկ կատվի վազքը մինչեւ նախագահի խորհրդականի աշխատասենյակն է», հաղթականորեն վրա բերեց առաջինը, եւ որպես լիակատար հաղթանակի նշան, մի կտոր չալաղաջ կերավ։ Բայց քաղաքական երկխոսությունը դրանով չավարտվեց։
«Բանից պարզվում է, որ ով չի կարողանում հեղաշրջում անել՝ տղամարդ չի՞», շարունակում էր վրդովված քեֆչին, որը, դատելով թավ բեղերի առկայությունից, կին չէր։ «Ուրեմն ես տղամարդ չե՞մ», արդեն գրեթե բղավեց նա, եւ սեղանակիցները շտապեցին հանգստացնել նրան՝ ակնհայտորեն վախենալով, թե նա կարող է տեղում հեղաշրջում կատարել կամ տղամարդ լինելու մեկ այլ ապացույց ասպարեզ հանել։ Ըստ երեւույթին դրանից ոգեւորված, սեղանակիցներից մեկ ուրիշը կամացուկ հայտարարեց, որ ճիշտն ասած, ինքն էլ է տղամարդ, բայց ինչ-որ տեղ կարդացել է, որ հեղաշրջումը վատ բան է, դրա համար էլ չի անում։ Այս գաղափարը բոլորին դուր եկավ։ Ազգային համաձայնությունը կայացավ։ Եվ այնուամենայնիվ կասկածը մնաց։ Համենայնդեպս գեղեցիկ սեռի կենացի ժամանակ սեղանակիցներն իրար թարս-թարս էին նայում։
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ