Երեկ ԳԱԱ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության եւ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության կազմակերպած սեմինարը՝ նվիրված փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի խնդիրներին։ Սեմինարի համակարգողը ԱՄՆ պետքարտուղարության միջազգային թմրամոլության դեմ պայքարի եւ օրինապահության հարցերի վարչությունն էր։ Սեմինարի բացմանը (որին եւ հրավիրված էին լրագրողները) ներկա էին ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ամերիկացի մասնագետներ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, հարկային տեսչության քրեական հետաքննության բաժանմունքից, ԱՄՆ կենտրոնական բանկից, ԱՄՆ մաքսային վարչությունից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ այլոք։ ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսոնը կարեւորեց երկու երկրների համագործակցությունն այս հարցում, քանի որ «մենք Միացյալ Նահանգներում եւս ունենք նման պրոբլեմներ։ Հայաստանում առանձնահատկությունն այն է, որ այս ոլորտում բոլոր աշխատողները պետական պաշտոնյաներ են»։
Իր ելույթում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն այս նախաձեռնությունը կարեւորեց այնքանով, որ «այսօր կազմակերպված հանցավորությունը ներպետականից միջպետական երեւույթի վերածվելով աղետ է դառնում ողջ աշխարհի, համայն մարդկության համար»։ Եթե օրերս հրավիրած իր ասուլիսում նախարարը հիմնական շեշտը դրեց այդ համակարգում վերջին 6 ամիսների ընթացքում նկատվող առաջընթացի վրա, ապա սեմինարին նա նկատեց նաեւ հետեւյալը. «Վերջին տարիներին աճի միտում է արձանագրվում այնպիսի հանցագործությունների գծով, որոնք կատարվում են կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից եւ ունեն տրանսնացիոնալ բնույթ»։ Եւ քանի որ Հայաստանը չի կարող զերծ մնալ կազմակերպված հանցավորություն կոչվող չարիքից, ուստի մեր իրավապահ մարմինները անշեղորեն մասնակցում են այդ չարիքի դեմ պայքարին վերաբերող միջազգային փաստաթղթերի քննարկմանը եւ ընդունմանը։ Ուրախությամբ պիտի ասել, որ կազմակերպված հանցավորությունը Հայաստանում չունի այնպիսի ծավալներ, որոնք կարող են սպառնալ հասարակության եւ պետության անվտանգությանը։ Միաժամանակ պրն Սարգսյանը, իբրեւ պարզաբանում, նշեց. «Ես չեմ ժխտել եւ հիմա էլ չեմ ժխտում համատարած կաշառակերության փաստը Հայաստանում»։ Խոսքը այստեղ բուն կաշառակերության (եւ ոչ կազմակերպված հանցավորության) մասին է, որն իրականացվում է «մանրերից մինչեւ մեծ չինովնիկների կողմից»։
Շարունակելով պարզաբանումը ասվեց. «Ես չեմ ժխտում նաեւ Հայաստանում թմրամոլության եւ մարմնավաճառության առկայությունները, բայց ուզում եմ շեշտել, որ մարմնավաճառությունը մեծ բիզնեսի չի վերածվել։ Եթե կարելի է ասել՝ դա անձնական բիզնես է եւ ոչ թե կազմակերպված մեծ արտադրական պրոցես»։ Ամերիկյան մասնագետները եւս ելույթներում ծանոթացրին իրենց գործունեության, հատկապես, «Ֆինսենի» մասին, որը համագործակցում է համապատասխան մարմինների հետ ֆինանսական հանցագործությունները բացահայտելու հարցում՝ նախաքննության ժամանակ տեղեկատվություն տրամադրելով իրավապահ մարմիններին։ Օրինակ, ԱՄՆ հարկային տեսչության քրեական հետաքննության բաժանմունքին օգնում է պարոն Կիլիգենը՝ ապացույցներ տրամադրելով այն հանցագործությունների մասին, որ կապված են փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հետ։ (Նա իր այցը նախ կարեւորեց նրանով, որ պիտի հայկական կոնյակի (դահլիճից Վլ. Նազարյանը ուղղեց՝ «բրենդի») համն զգալու հաճույքն ունենա)։ Վերջում ավելացնեմ, որ ԱՄՆ-ից ժամանած մեր հյուրերից մեկն իրեն իրավունք վերապահեց դահլիճում նստած հայերիս (մեր մեջ ի դեպ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ կային) զգուշացնել, որ «փոքրիկ միկրոֆոնները» (որ նախատեսված են թարգմանությունը լսելու համար) հետներս չտանենք, քանի որ «ձեզնից հետո էլ մարդիկ կգան այստեղ»։ Զգուշացումից, բնականաբար, վիրավորվեցինք, եւ դահլիճից լսվեց. «Աֆրիկյան ցեղերի տեղ են դրել մեզ», «Ձեռք են առնում մեզ մեր իսկ հողում…»։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ