Կարկառուն ՀՀՇ-ականներից գոնե երկուսը Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից հետո աստիճանաբար պասիվացան ու հեռացան քաղաքական ետնաբեմ։ Եթե Ազգային ժողովի եւ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Արա Սահակյանը դեռեւս շարունակում է այդ ընթացքը, ապա տեր Հուսիկ քահանա Լազարյանը, կարծես թե, դադար է տվել։
Նա վերջերս նորից երեւաց քաղաքական շրջանակներում, իր հայտնությունը բարի անելով ՀՀՇ հանրապետական խորհրդի շուրջ 10 օր առաջ կայացած նիստում։ Իսկ խորհրդարան «Հանրապետություն» միավորման խմբակցության նախկին նախագահը համառորեն չի այցելում։ Այս հարցում նրան ոչ ոք հանդիմանել չի կարող։ Ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Տվյալ դեպքում, սակայն, չենք կարող հաշվի չառնել մի հանգամանք… Ճակատագիրն, իրոք, երբեմն-երբեմն հեգնում է։ Անցյալ տարվա գարնանային նստաշրջանի ավարտին, երբ խորհրդարանի լուծարումը կամ քայքայումը նախապատրաստելու իր ձեռնարկումներում Դավիթ Շահնազարյանն Ազգային ժողովի կանոնակարգում մտցնել տվեց պատգամավորի՝ խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու իրավունքը, Տեր Հուսիկը գլխավոր ընդդիմախոսն էր։ Հիմա նրանից լավ ոչ ոք չի օգտվում այդ իրավունքից։ Իսկ օգտվում է շատ գործնական նպատակներով։
Նա որոշ վերապահումներ անելով հաստատեց, որ, իրոք, զբաղվում է ավտոմեքենաների վաճառք կազմակերպելու գործով. «Առայժմ զբաղվում եմ, բայց երեւի կդադարեցնեմ այդ գործունեությունը, որովհետեւ միայն վնաս է բերում։ Պատճառները մի քանիսն են. սա միայն հարկային օրենսդրության հետ չի կապվում։ Մեզանում նաեւ միջին խավ չի ձեւավորվել»։ Իսկ Տեր Հուսիկ քահանա Լազարյանը, իր խոսքերով, մտադիր է եղել սեփական աշխատանքը կազմակերպել միջին խավին փոխադրամիջոցներով ապահովելու հիմքի վրա։ Քանի որ այդ շերտը հասարակության մեջ դեռ չի ձեւավորվել. «Բայց քանի որ Հայաստանում միջին խավ ակնհայտորեն չի կազմավորվել, հավանաբար, գործունեությունս կդադարեցնեմ»։
Իսկ ինչ վերաբերում է իր ստացած շահույթի չափին, Տեր Հուսիկը ձեռնպահ մնաց որեւէ բան ասել. «Շահույթների մասին չեմ կարող ասել, որովհետեւ մեքենաները դեռ չեն վաճառվել եւ դեռ վերջնահաշվարկ չեմ արել»։
Կարդացեք նաև
– Իսկ ի՞նչ մեքենաներ էիք բերում եւ որտեղի՞ց։
– Բերում էի Գերմանիայից, հիմնականում միջին կարգի մեքենաներ։ Բայց շուկայի պահանջը երկուսն է՝ կամ շատ վատ մեքենաներ, ինչը ցավալի է՝ այսինքն թափելու մեքենաներ, կամ շատ շքեղ։ Շատ շքեղի համար ֆինանսական միջոցներ չկային, իսկ շատ վատն էլ բերելն անիմաստ է, որովհետեւ չարժե Հայաստանը դարձնել մի երկիր, ուր միայն թափելու մեքենաներ են վարում։
Լավ, այդ դեպքում ինչ էր ներմուծում Տեր Հուսիկը. «Բերում եմ միջին կարգի մեքենաներ, ասենք, «Ֆոլկսվագեն», «Օպել», որոնք մեծ տարածում ունեն Եվրոպայում, որոնց պահանջարկը, ցավոք, Հայաստանում չկա»։ Ոչ շատ մեծ վստահությամբ, սակայն որոշակիորեն հնարավոր է պնդել՝ Տեր Հուսիկը մասնակիորեն գոնե կվերադառնա քաղաքականություն։ Այդպես դատելու հիմքը նրա ելույթն էր ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստում։ Նրա խոր դիտարկմամբ, քաղաքական զարգացումները տանում են այն բանին, որ աշնանն արդեն առաջին պիկը կլինի։ ՀՀՇևն պետք է պատրաստ լինի դիմակայել այն եւ մասնակից դառնալ։ Հասարակության մեջ, ըստ Տեր Հուսիկի, արմատավորվում է կարծիք, թե ՀՀՇ-ն չկա, իսկ եթե կա էլ, ապա միայն Սիրադեղյանն է։ Մինչդեռ, անհրաժեշտ է ժողովրդին ցույց տալ, որ ՀՀՇ-ն գործուն օրգանիզմ է։ Նա առաջարկեց լայն գործունեության նախապատրաստվել սեպտեմբեր-հոկտեմբերը նկատի ունենալով, որովհետեւ աստիճանաբար խորանալու են սոցիալական այն խնդիրները, որոնք հիմա առկա են։
Տեր Հուսիկի մյուս անդրադարձը եղավ ՀՀՇ-ի՝ որեւէ դաշինքում ընդգրկվելու խնդրին։ Նա ասաց, որ ի սկզբանե դեմ է եղել կուսակցական գաղափարախոսություններն աջի եւ ձախի վերածելուն։ Դա անախրոնիզմ է, 19-րդ դարի վերջի մնացուկ։ Եվրոպայում այլեւս չկան ընդգծված աջեր կամ ձախեր։ Նրանք բոլորն էլ նույն ընտրազանգվածի վրա են հենվում։ Տեր Հուսիկը կարծում էր, որ ՀՀՇ-ի գլխավոր անելիքն առաջիկայում, դիրքորոշումներ արտահայտելն է։ Այլապես «ոչ ոք քեզ հետ դաշինքի մեջ չի մտնի, եթե չգիտե, թե ինչ ես մտածում»։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ