Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սանդոյանը նաեւ ջենթլմեն է

Հուլիս 28,1998 21:09
Sandoyan

Սրանում համոզվելու համար բավական էր միայն երեկ լինել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, ուր նախարար Էդվարդ Սանդոյանն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Կարոլա Մյուլլեր Հոլտքեմփերը ստորագրեցին երկու միջկառավարական համաձայնագիր. Համաձայնագիր տեխնիկական համագործակցության եւ Համաձայնագիր 1997 թ. ֆինանսական համագործակցության մասին։ Սպիտակ կոստյում հագած նախարարը անդադար ժպտում էր, իսկ համաձայնագրերի ստորագրումից առաջ նույնիսկ հարմարեցրեց տիկին դեսպանուհու աթոռը։ (Ի պատիվ ֆինանսների նախարարության, պետք է արձանագրենք, որ այս անգամ ոչ մի աթոռ չկոտրվեց)։

Ինչն ինչոց է

Ըստ Ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանին տրամադրում է 40000000 (քառասուն միլիոն) գերմանական մարկ, այդ թվում՝ 38 500 000 (երեսունութ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկ բացառիկ նպաստավոր պայմաններով (0,75 տոկոսադրույք. մարման սկիզբը՝ տասը տարի անց, մարման ժամկետը՝ 40 տարի), ինչպես նաեւ 1 500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի անհատույց ֆինանսական նպաստ։

Վարկը տրամադրվում է հետեւյալ նախագծերի իրականացման նպատակով՝ 27 500 000 (քսանյոթ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ` հոսանքահաղորդիչ համակարգի վերականգնման միջոցառումների իրականացման, 6 000 000 (վեց միլիոն) գերմանական մարկ` փոքր եւ միջին մասնավոր արտադրական ձեռնարկությունների խրախուսման նպատակով վարկային գծի բացման, 5 000 000 (հինգ միլիոն) գերմանական մարկ` համայնքային ենթակառույցների վերականգնման ծրագրի կենսագործման համար։ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի ֆինանսական նպաստը տրամադրվում է Ուսումնասիրությունների եւ մասնագետների հիմնադրամ ստեղծելու նպատակով։

Նախորդ շրջանում ֆինանսական համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրել էր 30 000 000 (երեսուն միլիոն) գերմանական մարկ ընդհանուր գումար՝ 25 000 000 (քսանհինգ միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի վերականգնման նախագծի իրականացման, ինչպես նաեւ 5 000 000 (հինգ միլիոն) գերմանական մարկ որպես նպաստ փախստականների օգնության ծրագրի շրջանակում՝ բնակարանային շինարարության իրականացման նպատակով։ Տեխնիկական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը շարադրում է կողմերի միջեւ տեխնիկական համագործակցության հիմնական պայմանները։

Մինչ այժմ Տեխնիկական համագործակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանին տրամադրել է 18 540 000 (տասնութ միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) գերմանական մարկ, այդ թվում՝ Սիսիանում իրականացվող պարենային ապահովման ինտեգրացված նախագծի իրականացման համար։ Տեխնիկական համագործակցության շրջանակում իրականացվել են տնտեսական օրենսդրության մշակման խորհրդատվության, մասնավոր ձեռնարկությունների խորհրդատվության, ինքնօգնության միջոցառումների աջակցության եւ այլ ծրագրեր։

Հետագա համագործակցության երկուստեք համաձայնեցված ծրագրերի թվում են՝ բանկային ծառայողների մասնագիտական կրթության նախագիծը, համայնքների զարգացման խրախուսման ծրագիրը, Սիսիանում գործող պարենային ապահովման նախագծի գործողության ժամկետի երկարաձգումը, մասնավոր տնտեսության զարգացման խրախուսման, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների պահպանության եւ այլ ծրագրեր։ Տեխնիկական համագործակցության համար նախատեսված միջոցները հատկացվում են որպես դրամաշնորհ։

Հումանիզմն ինչպես որ է

Պրն Սանդոյանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե վարկի տրամադրումը միայն Գերմանիայի կառավարության հումանիզմի եւ բարի կամքի դրսեւորո՞ւմ է, թե՞ Հայաստանն էլ ունի որոշակի պարտավորություններ (բացի, իհարկե, վարկային պարտավորություններից)։ Պարզվեց, որ հանձինս Գերմանիայի Դաշնային Հանրապետության՝ Հայաստանն ունի նաեւ մի անշահախնդիր բարեկամ։ Ընդ որում, ըստ նախարարի՝ այս համաձայնագիրը առավելություններ ունի թե՛ Համաշխարհային բանկի հետ կնքած պայմանագրի, թե՛ Քըրք Քըրքորյանի տրամադրած գումարի նկատմամբ։ Խոսքը երկարաժամկետության եւ ցածր տոկոսադրույքի մասին է։ Պրն Սանդոյանի բարեկրթության վերջին դրսեւորումը տիկին դեսպանուհուն հայերենով հետեւյալ հաճոյախոսությունն անելն էր. «Ի՜նչ լավն ա, չէ՞, դեսպանը»։
Այո՛, շա՜տ լավն էր, պրն Սանդոյան։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031