Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիալական շերտավորումը Սեւանի ճանապարհին

Հուլիս 28,1998 19:08

Ամառային հանգստի ամենաեռուն շրջանն է։

Ամենքին թվում է, թե ամենագրավիչ հանգիստն այնտեղ է, որտեղ իրենք չկան։ Ու ձգտում են, ինչ գնով էլ լինի՝ փախչել, հեռանալ քաղաքի տոթից, ձանձրույթից, աշխատանքից։ Ամենից ավելի հայերը ձգտում են «ծովափ» գնալ։«Ծովափ» ունենք, աշխարհը չունի։ Միայն մեր Սեւանին կարելի է ծովի լիազորություններ տալ եւ նրան կոչել ամենափաղաքշական անուններով։ Անցած հանգստյան օրերին մենք էլ որոշեցինք մի քիչ վառվել, սեւանալ, համ էլ՝ լողալ… Հանգստի եւ այլ բաների մասին այս պահին չեմ ուզում պատմել։ Միայն մի քանի ճանապարհային մանրուքներ, թերեւս, կարելի է նկարագրել հայ մարդու սոցիալական վիճակի, ամառային շերտավորման գունապատկերը ներկայացնելու համար։

Դեպի Սեւան են ձգտում ե՛ւ «զապիկն» ու «06»-ը, ե՛ւ «Մերսեդեսն» ու «Աուդին», ե՛ւ միկրոավտոբուսը, ե՛ւ հսկա «Իկարուսը»։ Բոլորի մտքին միայն Սեւանն է։ Սակայն, ի տարբերություն մարդկանց, մեքենաներն իրենց տեղն ու դերը ավտոմայրուղում շատ լավ գիտեն։ Ճանապարհի երրորդ գծով «տժժացնում» են արտասահմանյան մակնիշի մեքենաները, երկրորդ գծում մեքենաների տեսակն ու արագությունը մշտապես փոփոխական է, իսկ խեղճ ու կրակ առաջին գծով երթեւեկում են նրանք, «ում կյանքն անիծել է», ով «զապ է, մոսկվիչ կամ մի ուրիշ բան»։ Այսպես. ամենատարբեր արագությամբ միեւնույն կետից դուրս գալով, դեպի նույն կետն են ձգտում հին ու նոր հայերը։

Իսկ Սեւանի ափին մեկ այլ շերտավորում է. սակայն ճանապարհից շեղվելն այս պահին մեր նպատակը չէ, թողնենք հանգստացողները հանգստանան եւ հետեւենք, թե ինչպես են վերադառնում։

Իսկ վերադարձն ավելի արագընթաց է, քան մեկնումը։ Ճանապարհի աջ կողմում դարձյալ նրանք են, ում անիվները մաշված են, մեքենան՝ պառաված, բենզինը՝ քիչ։ Ճանապարհի մյուս հատվածն ամբողջությամբ առավել ապահովվածներինն է։ Ամեն պահի միանում են բազմաձայն ազդանշանները եւ գնդակի նման սուրալով, անցնում է Վանոյի ավտոմեքենայի նման մի մեքենա՝ առջեւից ու հետեւից այլ մեքենաների ուղեկցությամբ։ Մի՞թե Վանոն էր, մի՞թե Սեւանում լողալուց հետո էր Վանո Սիրադեղյանը գնալու հնարավոր հարցաքննությանը…

Դեռ նոր-նոր էր այս շարասյան «տժժոցը» հեռացել, հեռվից լսվում է մեկ այլ ազդանշան։ Դարձյալ շարասյուն էր, մեկն ասաց, թե ինչ-որ երկրի դեսպան է անցնում։ Յուրաքանչյուր շարասյունից հետո անակնկալ հայտնվում էին երկու-երեք ուշացած «նիվաներ», որոնք կարծես գլորվում էին սարն ի վար։ Ճանապարհին ոստիկանները «թաքնվել» էին թփերի հետեւում եւ չէին համարձակվում երեւալ։ Հետո էլի մի քանի հայտնի ու անհայտ մեքենաներ անցան Սեւան-Երեւան ճանապարհով։ Իսկ վերջում անձրեւը լվաց բոլորի հետքերը։

Եթե ՀՀ նախագահն այստեղ լիներ ու տեսներ այս ամենը (վստահ ենք, որ բազմիցս տեսել է, չէ՞ որ ինքն էլ է Սեւանում լողանում), կասեր. «Հետո էլ ասում եք, թե ժողովուրդը վատ է ապրում։ Սա որ վատն է, բա լավը ո՞րն է»։

Որքան խաբուսիկ կարող են լինել ճանապարհները, եւ որքան «հեշտ» է շերտավորել սեփական ժողովրդին։ Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում շրջապատը, յուրովի, այսինքն՝ ըստ իր անցած ճանապարհի։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031