Չնայած բուհերի ընդունելության քննությունների «բացումը» (ի դեպ, անցյալ տարի նույնպես) ոչ աշխատանքային օրերի էր համընկել, սակայն դրանից ոչ միայն դիմորդների եւ նրանց ծնողների հարկադրյալ,
այլ նույնիսկ՝ դիտորդների կամավոր ակտիվությունը չէր նվազել։
Երեկ համեմատաբար հանգիստ էր. քննությունների դիտորդի պատվավոր կոչմանն արժանացած լրագրողներն ու հասարակականևքաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկ-մեկ (առաջին օրը եկել էին խմբերով) ներկայանում էին հանրապետական ընդունող հանձնաժողով, վիճակահանությամբ ընտրում իրենց «դիտարանը» եւ անցնում գործի։ Մի խոսքով, աշխատանքային ոչ այնքան հետաքրքիր արարողակարգ։ Մնում է բախտդ բերի ու մի քանի հետաքրքիր բաներ դիտորդական առաքելությունիցդ պեղես։
Հենց այդ մտահոգությամբ էլ առավոտ վաղ հետաքրքիր բան հաղորդելու պարտադրանքով «նեղը գցեցինք» ՀԸՀ-ի մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանին՝ կիսելով նրա հիացմունքը մեր դիմորդների վառ երեւակայությամբ։ Նրանցից մեկից առգրավված ձայնագրիչն այնպես հմտորեն էր նախապատրաստված հայոց պատմության քննատոմսերն ամփոփող ձայներիզները լսելուն, որ դիտորդներից մեկն առաջարկեց նման տաղանդավոր երեխային առանց քննության բուհ ընդունել։
Ընդհանրապես, որքան էլ քննությունների կազմակերպիչները փոխեն ու բարեփոխեն չարաշահումները բացառող մեխանիզմները, միեւնույն է, դժվար թե հասնեն նրանց հետեւից, ովքեր մտադիր են դրանք շրջանցել։ Ընդ որում, նոր մեթոդների կողքին իրենց զորությունը չեն կորցրել ավանդականները, ինչպես ծածկագիրը։ Ի դեպ, լիազոր ներկայացուցիչներից մեկը «բողոքեց», որ ծածկագրերի համար պատժելն այնքան էլ հեշտ չէ։ Թե ձեռքներին չհասցնես բռնացնել, իրավունք չունես գրպանները մտնել, նույնիսկ եթե տեսել ես, որ այնտեղ թաքցրեց։ Իհարկե, ծածկագրերը մանրուք են այն հնարքների համեմատությամբ, որոնք անտեսանելի են մնում թե՛ տասնյակ դիտորդներիս, թե՛ քննությունների օբյեկտիվ անցկացմամբ իրոք մտահոգ գլխավոր կազմակերպիչների աչքից։ Համենայնդեպս, փոխադարձ անվստահության մթնոլորտը, ինչին ականատես ես լինում գրեթե բոլոր քննատարածքներում, ամենաճնշող իրողությունն է։ Ընդունող ու առարկայական հանձնաժողովների անդամներ, լիազոր ներկայացուցիչներ, դիտորդներ… բոլորն իրար (վերա) հսկում են ու (վերա) հսկվում. երբեմն՝ ցուցադրաբար, իրենց ազնվությունն ապացուցելու բուռն մրցակցությամբ։
Անկախ այս հոռետեսական փիլիսոփայություններից, իրենք դիմորդներն ու նրանց ծնողները (գոնե մեզ հանդիպած) հիմնականում գոհ էին քննությունների կազմակերպիչների աշխատանքից։
ՀՊՃՀ-ում անցկացվող մաթեմատիկայի քննության դիտորդ ծնողները, կարծիքների մատյանում անցյալ երեք օրվա մասին միայն դրական բաներ, շնորհակալ խոսքեր էին գրել։ Ի դեպ, ավելի զգուշավորները պարտադիր հավելել էին, որ ակնկալում են նման լավ վերաբերմունք նաեւ աշխատանքների գնահատման ժամանակ։ Հենց քննության սկզբում ՀՊՃՀ հասնելով, քննական տարբերակների վիճակահանությանը մասնակից լինելու պատվին արժանացանք՝ երկու ծնողի եւ երկու դիմորդի ընկերակցությամբ։ Մեկ վիճակահանությամբ որոշեցին օրվա չորս տարբերակները, որոնք մեկ ծրարում էին՝ ի տարբերություն Երեւանի բժշկական համալսարանում անցկացվող հայոց լեզվի քննության, որտեղ չորս տարբերակներն էլ ընտրվել էին առանձին վիճակահանությամբ։ Նման արարողակարգային տարբերություններ էլի կան։ Ասենք, մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահը երեկ արգելեց լիազոր ներկայացուցչին, որ դիմորդին դուրս, երեւի զուգարան ուղեկցի՝ մինչդեռ, հայոց լեզվի դիմորդներին նման «վտանգ» չէր սպառնում։
Ի դեպ, զուգարան ուղեկցելու մանրամասը քննությունների դեպքում խիստ կարեւոր դեր ունի։ Քաջատեղյակ «հսկիչները» լուսավորում էին անտեղյակիս, որ անցյալ տարի «ուղեկցորդները» դրա համար 50-100 դոլարով էին պարգեւատրվում։ Դա է պատճառը, թե մեկ այլ բան, սակայն այս տարի արգելվել է բուհի ընդունող հանձնաժողովի հսկիչների մուտքը քննասենյակ, որտեղ կարգը պահպանելու եւ նաեւ զուգարան ուղեկցելու ողջ պատասխանատվությունը հանձնվել է լիազոր ներկայացուցիչներին, որոնց ընտրել է անձամբ ՀԸՀ-ի նախագահը։
Երբ լիազորներից մեկը, մաթեմատիկայի քննությունը դիտելու իրավունքն ունեցողներին ճշտելիս քիչ էր մնում ոգեւորությունից ՀՊՃՀ-ի ռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահ Յուրի Սարգսյանին էլ դուրս հրավիրեր, փորձեցինք ճշտել վերջինիս կարծիքը լիազորությունների բաշխման այս տարվա ձեւի նկատմամբ։ Չնայած այս տարի ընդունող հանձնաժողովի լիազորություններն ավելի են սահմանափակել, պարոն Սարգսյանի բնորոշմամբ՝ քննություններն «ավելի են կենտրոնացվել», սակայն դրանից ՀՊՃՀ-ի ռեկտորը կարծես թե վիրավորված չէր, այն արդարացմամբ, որ «պատասխանատվությունը պետք է լինի մեկ օղակի վրա»։ Ընդհանրապես, պրն Սարգսյանը հավաստիացրեց, որ դեմ չէր լինի, եթե բուհերը ընդունելության քննությունների հետ ոչ մի առնչություն չունենան։
Այս բուհի ընդունող հանձնաժողովի համագործակցությունը առարկայական հանձնաժողովի հետ, ավելի լավ էր ստացվել, քան բժշկական համալսարանինը։ Վերջինիս հանձնաժողովի անդամները, լիազոր ներկայացուցիչներից մեկի պնդմամբ, նեղանալով, որ իրենց մուտքը քննասենյակներ արգելել են, դիմորդների անձնագրերը հավաքելու եւ քննության ավարտից հետո տալու կազմակերպչական գործը «զիջել» են առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալներին, որոնք, հիշեցնենք, պատասխանատու են բովանդակային կողմի համար։ Անձնագրերի հավաքման այս նորույթն արվել է այն նպատակով, որ քննական աշխատանքների հանձնումը ֆիքսվի եւ հետո, վատ գրած եւ տետրը իր հետ դուրս հանած (այդպես էլ է լինում) դիմորդները չբողոքեն, թե իրենց աշխատանքները կորել են եւ պահանջեն նոր քննություն։
Ի տարբերություն մաթեմատիկայի քննության, որը սկսվեց ճիշտ ժամը 9ևին, հայոց լեզվինը սկսվեց կես ժամ ուշ։ Պատճառը դիմորդների կրկնակի ավելի թիվն էր։ Սակայն հնարավոր է, որ հայոց լեզվի քննությունն այսօր ավելի ուշ սկսվի, քանի որ այս երեք օրերի դառը փորձից ելնելով, մտադիր են դիմորդների սեղանը նույնպես վիճակահանությամբ որոշել՝ ծանոթևբարեկամներին միմյանց հուշելու հնարավորությունից զրկելով։
Ու քանի որ համեմատական ռեպորտաժ ստացվեց, նաեւ բողոքենք, որ, ի տարբերություն մաթեմատիկայի, հայոց լեզվի քննասրահում բավական չէ շատ տոթ էր, դեռ օդափոխիչներն էլ մեծ աղմուկով էին աշխատում։ Չնայած պատահածս առաջին դիմորդը, որին հարցրի այդ մասին, աղմուկից այնքան էլ չբողոքեց։
Մի հետաքրքիր դիտարկում էլ. մաթեմատիկայի քննության ժամանակ, ի թիվս այլ զգուշացումների, հանձնաժողովի նախագահը ստիպված էր դիմորդներից պահանջել, որ հանձնեն իրենց բջջային հեռախոսները, այլպես դուրս կհրավիրվեն։
Չնայած քննություններից երեք օր է անցել, բայց ՀԸՀ-ն արդեն բողոք էր ստացել ու նույնիսկ լուծում գտել, ի դեպ՝ հօգուտ դիմորդի։ Մաթեմատիկայի քննություննից դուրս հանված երեխային այն նորից հանձնելու իրավունք էր տրվել, քանի որ «քննությունը պարզել էր», որ նրա մոտ գտնված ծածկագրում միայն բանաձեւեր են եղել։ Իսկ դրանք դիմորդներին տրամադրում են։ Դիմորդի ծնողները՝ Վարդենիսից Արամ եւ Այծեմնիկ Սաֆարյաններն այնքան հուզված էին ՀԸՀ-ի լավ վերաբերմունքից ու էն լավ տղու (նկատի ունեին նախարարին, որի ով լինելը միայն ինձանից իմացան) պահվածքից, որ չդիմացանք գայթակղությանն այդ մասին գրելու, մանավանդ որ մայրը արցունքն աչքերին բողոքում էր, թե նույնիսկ իբրեւ երախտագիտության նշան բերած շոկոլադի տուփն ու շամպայնը չվերցրին։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ