«Միակ բանը, որ ես հիմա կուզեի՝ բանտն է։ Միակ տեղը, ուր ես ինձ իմ գործի մեջ եմ զգում՝ կալանավայրն է։ Որովհետեւ ես ինքս ինձ վտարանդի եմ համարում։ Ես արտաքսված եմ զգում ինձ Հայաստանից… Մասնագիտությունս՝ կալանավոր, արհեստավարժությունս՝ ընդհատակյա պայքար»։
ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ ՔԴՄ նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ, ԱԺ վերջին ընտրություններում ընտրված պատգամավոր,
«ՀՀ», 25 հուլիսի
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ չճշտված տեղեկությունների, հրամանագիր է ստորագրել Ազատ Արշակյանին բանտ ու կալանավայրին մոտ չթողնելու մասին։ Ազատ Արշակյանի՝ կալանավայր կամ Ղարաբաղ մեկնելու բոլոր փորձերը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ. նա կձերբակալվի, բռնի ուժով կվերադարձվի Հայաստան եւ հավերժ Ազատ կապրի։
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ՝ ԳՑԻՐ ՋՈՒՐԸ
Կարդացեք նաև
«Եթե 1997 թ. առաջին կիսամյակում բոլոր գծերով գրանցվել է 6445 հանցագործության դեպք, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում 4961 դեպք, այսինքն՝ 1484 դեպքով կամ 23 տոկոսով պակաս»։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար «Հայոց աշխարհ», 25 հուլիսի
«Մենք չենք բացառում նաեւ, որ առանձին դեպքերում միլիցիայի որոշ աշխատակիցներ (այդ թվում՝ ղեկավարներ) դեռեւս չձերբազատվելով այնպիսի արատավոր գործունեությունից, ինչպիսին է հանցագործ դեպքերը թաքցնելը կամ ժամանակին չգրանցելը, փորձում են արհեստականորեն բարելավել իրենց աշխատանքային ցուցանիշները»,- հուլիսի 25-ի «Առավոտում» հաստատում է նույն օրը «Հայոց աշխարհի» արձանագրված իր իսկ նվաճումները պարոն Սարգսյանը։ Ոչ մի կասկած չկա, իհարկե, որ «Առավոտում» ակնարկվածներն «առանձին» դեպքեր են։ Եզակի, այսինքն։
ՍՈՒՏԼԻԿ ՎԵՐԱՀՍԿՈՂԸ
«Ծառայությունում (ՀՀ նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունում- Վ. Դ.), ըստ էության, հիմա երկու բաժին է գործում, յուրաքանչյուրում մոտ 5-6 աշխատող, որոնց մի մասն արձակուրդում է, մի մասն էլ՝ հիվանդ»։
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՀ նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար «Հայոց աշխարհ», 25 հուլիսի
Դավիթ Վարդանյանի գլուխգործոցների շարքը կհամալրի նրա հետեւյալ պատմությունը.
«Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով ՀՀ նախագահին առընթեր վերահսկողական ծառայություն գնացինք։
Գնացի՜նք-գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք օբյեկտ. երկուսը թալանված, մընի մեջ էլ ըսկի թալանելու բան չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս թալանելու բան չեղած օբյեկտում երեք հատ ՀՀՇ-ական կա. երկուսը սոված, մինն էլ ուտելու բան չունի։
– Հադի՛, խլի՛ հա, խլի՛։
– Թե՝ թվանք չունեմ։
– Հյուդի՛, խլի՛ հա, խլի՛։
– Ես արձակուրդում եմ։
– Չատի՛… Մատի՛…
– Մենք հիվանդ ենք։
– Բա ի՞նչ անենք…
Դե, շուտվանից քրոջս երեխեքը մի տուն էին առել. ասինք ձեւակերպենք սրանց վրա ու բռնագրավենք։
– Հադի՛, կնի՛ք։
Թե՝ կնիք չունեմ։
– Հյուդի, դու…
Հերս էլ ունի՝ համա կլոր չի։
Էս անկլոր կնիքով կնքեցինք, տուն մի ասա՝ մի ապարանք ասա։ ․․․Վերահսկողական ծառայությունում արդարությունը վերականգնած ու սոված ԱԺՄ-ականներ… Ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ…»։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ