Ազգային արժեքների պաշտպանության շարժումը լայն թափ է ստանում մեր տարածաշրջանում: Թուրքիայում, օրինակ, քաղաքական մի շարք ուժեր կոշտ ձեւով ընդդիմացան կառավարության որոշմանը՝ պետական տարածքներ հատկացնել «Ֆորդ» ավտոմոբիլային ընկերությանը՝ նոր գործարանի շինարարության համար: Թուրքիայի նախագահ Դեմիրելն էլ երկար բացատրական աշխատանք չտարավ եւ ուղղակի հայտարարեց, որ նման ներդրման համար ինքը կտրամադրեր նույնիսկ նախագահական պալատի տարածքը: «Turkish Daily News» թերթը, մեկնաբանելով այդ արտահայտությունը, գտնում է, որ այն նշանավորում է Թուրքիայում գոյություն ունեցող նոր մենթալությունը, ինչը միանգամայն ողջունելի է աշխարհի գործարար շրջանակների համար: «Մասնավորապես,- ասված է հոդվածում,- «Ֆորդի» ղեկավարությունը համոզվեց, որ ճիշտ որոշում է ընդունել՝ ընտրելով Թուրքիան որպես ներդրումների երկիր»:
Մինչդեռ Հայաստանում ազգային արժեքների պաշտպանության գործում շատ ավելի շոշափելի հաջողություններ են գրանցվել: «Հայկական կոնյակ» կուսակցության հերոսական ջանքերը, հավանաբար, զուր չեն անցել. արտասահմանյան ներդրողները դեռ երկար կմտածեն Հայաստանում գործ սկսելուց առաջ: Եվ դա, իհարկե, շատ լավ է. թող «ֆորդերը» եւ մնացած փտած կապիտալիստները կորչեն-գնան Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան եւ այնտեղ կառուցեն իրենց արդյունաբերական հսկաները: Թող գործ դնեն նույնիսկ կոմունիստական Չինաստանում, որն ամեն ինչ անում է ներդրումները խրախուսելու համար՝ սկսած հողի գնից, վերջացրած հարկային արտոնություններով:
Մի խոսքով, թող նրանք՝ մեր լավ ու վատ հարեւանները կառուցվեն, արտադրանք տան եւ հարստանան: Մենք կգնանք մեր առանձնահատուկ ճանապարհով՝ այս անբարոյական-պրագմատիկ աշխարհում մնալով որպես անձեռնմխելի ազգագրական արժեք: