Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՌՈՅԱՆԸ ՄԻԱՅՆ «ԴԵՂԻՆ- ԿԱՆԱՉ-ԿԱՊՈՒՅՏ» ՇԱՌԵՐ Է ԱՆՈՒՄ…

Հուլիս 25,1998 00:00
kanaz

«Կանազ» ՓԲԸ մշակույթի պալատի ճակատագրի շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում։ Այսինքն՝ այս 3 ամիսը կարելի է ձեւակերպել զուտ որպես փափուկ բարձ՝ մշակույթի պալատի աշխատակազմին եւ խմբակներ հաճախող երեխաներին ժամանակավոր հանգստացնելու համար։ «Կանազ» մշակույթի պալատի տնօրենին (սակայն գործարանի հասցեով) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանը այսպիսի մի նամակ էր ուղարկել. «… Հայտարարված աճուրդ-վաճառքում օտարվող բաժնեմասի ձեռք բերողը պետք է պարտավորվի առաջիկայում մշակույթի պալատը օգտագործել ըստ նշանակության, այսինքն՝ պետք է շարունակեն գործել գեղագիտական եւ ուսուցողական խմբակներն ու համույթները, եւ մշակույթի պալատը պետք է շարունակի մնալ մշակութային, գեղագիտական դաստիարակության եւ արվեստի օջախ»։ Այսինքն, այնուամենայնիվ, «Կանազի» մշակույթի պալատը դրվելու է աճուրդի։

Նախարար Ռոլանդ Շառոյանը դեռ երեք ամիս առաջ, երբ մշակույթի պալատի կոլեկտիվը կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել, հարցազրույց տվեց հեռուստալրագրողներից մեկին։ Ըստ պրն Շառոյանի, փաստորեն, միայն իր շնորհիվ է աճուրդի հանվելու պրոցեսը կանգնեցվել։ Նա նաեւ բազմաթիվ մեղադրանքներ ներկայացրեց մշակույթի պալատի տնօրինության հասցեին՝ ասելով, որ ճիշտ է, պալատի գործունեությունը խոր չի ուսումնասիրել, սակայն իր ունեցած տեղեկությունների համաձայն կարողանում է որոշակի եզրակացության հանգել։ Եզրակացությունն էլ այս է. ըստ Ռ. Շառոյանի, մշակույթի պալատում ֆինանսական բուռն գործունեություն է ծավալվում, որ այնտեղ ցեխեր, հացի փռեր կան, որ 500 դրամով ոչ ոք չի գնա այդ մշակույթի պալատում դասավանդելու։

Փորձենք պրն նախարարին հավաստի տեղեկություններով զինել. «Կանազ» մշակույթի պալատի աշխատողների միջին աշխատավարձը 10.000 դրամ է, իսկ միայն բուժքույրական խմբերի դասավանդողները բոլորը միասին ստանում են ամսական 65-70.000 դրամ։ Եվ քանի որ մշակույթի պալատը ինքնածախսածածկման կարգավիճակով է աշխատում, հետեւաբար չունի հիմնական աշխատավարձի ֆոնդ եւ խմբավարները պայմանագրային հիմունքներով են աշխատում։ Պալատում 56 աշխատողներից (30 հաստիքով) 21-ը խմբավարներ են, 35-ը՝ վարչատեխնիկական աշխատակիցներ։ Բնական է, որքան տվյալ խումբ հաճախող երեխաները շատ են, ըստ ուսման վարձավճարների, տոկոսային հարաբերությամբ տրվում են խմբավարներին։ Կան խմբեր էլ (ասմունքի, ասեղնագործության), որտեղ երեխաների հաճախելիության խիստ նվազման պատճառով խմբակը որպես երեւույթ է պահպանվում։ Եվ, բնականաբար, այդ խմբակներում փոքր է վարձավճարի չափը եւ աշխատավարձն էլ ավելի քիչ է։ Օրեր առաջ տեղի ունեցավ Ռոլանդ Շառոյանի առաջին ասուլիսը։

Հեռուստալրագրողներից մեկի հարցը դարձյալ «Կանազ» մշակույթի պալատի ճակատագրի մասին էր։ Պարոն Շառոյանը հայտարարեց, թե մշակույթի պալատի կոլեկտիվը իրեն «այդքան պատռում է», եւ կրկնեց, թե մի շարք բացթողումներ կան պալատի գործունեության մեջ, որ մշակույթի պալատում «միանձնյա տնօրինություն է»։ Չգիտենք, թե նախարարը հատկապես ինչը նկատի ունի, պալատը քանի տնօրեն պետք է ունենա։ Ըստ այդմ կարող ենք նախարարին էլ մեղադրել, որ Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունում միանձնյա նախարարություն է (բարեկամախառն)։ Նախարարը նորից կրկնում է, որ այսուհետեւ պալատը նոր մեթոդներով պետք է աշխատի։ Էկզոտիկայի եւ հետաքրքրության համար թող գաղտնիք մնա «նոր մեթոդներ» ասվածը, բայց չի հասկացվում. պրն Շառոյանը խոսում է որպես մշակույթի նախարար, որի ենթակայության տա՞կ է արդեն այդ մշակույթի պալատը, թե՞… Եվ ապա ասում է, թե նախագահի աշխատակազմից ասել են, որ շնորհալի մի երեխայի, «ինչ-որ մի բասի» (այդպես էլ ասում է) ինքն «իր հաշվին» պետք է ֆինանսավորի Մոսկվայում փառատոնի մասնակցելու համար, իսկ իրեն պատռող այդ մշակույթի պալատի տնօրինությունը մի երեխայի չի կարողանում 600-700 դոլարով հովանավորել։ Ապա ավելացնում է, որ ինքը «իր հաշվին» (այո՛, «իր հաշվին», չի հասկացվում, նախարարության հաշիվը հիմա իր անձնակա՞ն հաշիվն է) հինգ երեխայի է հովանավորելու արտասահման գնալու համար (մատների վրա էր հաշվում հովանավորելիք երեխաների քանակը)։ \

Մի խոսքով, արհեստավարժ նախարարը մշակույթի պալատը համեմատում է երկրի 1/5 մասի չափով։ Երեւի թե, պրն նախարարը մշակույթի պալատը շփոթում կամ համեմատում է ֆինանսական մեծ գործունեություն ծավալող մի հզոր կազմակերպության հետ (ասենք՝ «Կոկա-կոլա»-յի, եւն)։ Ինչ վերաբերում է պրն Շառոյանի վկայակոչած ցեխերին ու հացի փռերին, տեղեկացնենք, որ ձմռան ամիսներին պալատն առանց դադարի աշխատել է։ Էլեկտրաէներգիայի հսկայական վճարումները պետությանը մուծելու նպատակով, պալատի տնօրինությունը որոշ տարածքներ ժամանակավոր վարձակալության է տվել։ Մի կազմակերպություն, մոտ 6 ամիս, փորձեց հացի արտադրություն կազմակերպել, սակայն տեսնելով, որ այն շահութաբեր չէ, 1997թ. գարնանը դադարեցրեց իր գործունեությունը։ Մեկ այլ կազմակերպություն մի քանի ամսով տարածք խնդրեց՝ հաց թխելու նոր տեխնոլոգիաների փորձարարական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու նպատակով։ 1998թ. հունվարից այդ արտադրամասն էլ փակվեց, քանի որ այդ տեխնոլոգիան Հայաստանում որեւէ հետաքրքրություն չառաջացրեց։

Սրճարանը, որի մասին չի մոռանում հիշեցնել Ռ. Շառոյանը, գործում էր նախորդ տնօրինության օրից։ Այն տարիներին, ինչպես հայտնի է, գրեթե բոլոր մեծ կինոթատրոններում եւ նման մշակույթի տներում թույլատրվում էր սրճարանների, բուֆետների գործունեությունը։ Սրճարանն էլ վաղուց չի գործում։ Մշակույթի պալատում վարձակալական հիմունքներով տեղակայված է «ՄTV 3+2» հեռուստաընկերությունը (գուցե դա է ըստ նախարարի՝ շահութաբեր)։ Գուցե ճիշտ կլիներ, եթե պրն Շառոյանը այցելեր պալատ (եթե անգամ ինքը շատ զբաղված է, նախարարության աշխատակիցներից մեկին ուղարկեր)՝ ստուգումներ անցկացնելու։ Մշակույթի պալատը 1995թ., տարբեր հարկերի տեսքով, պետությանը վճարել է մոտ 1,5 մլն դրամ, 1996թ.՝ 2,5 մլն դրամ, 1997թ.՝ 3,6 մլն դրամ, 1998թ.՝ երկրորդ եռամսյակը ներառյալ՝ 1,5 մլն դրամ։ Ո՛չ նախարարին, ո՛չ մյուս պետական այրերին չեն հետաքրքրում ոչ ամբողջ հանրապետությունում միակ գործող մշակույթի պալատը, ո՛չ այնտեղ աշխատող մշակույթի գործիչները եւ այնտեղ հաճախող երեխաները։ Մշակույթի պալատի ճակատագիրը կախված է մշակույթի նախարարի եւ մեր մյուս իշխանավորների քամահրանքներից եւ վառ երեւակայությունից։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031