Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեսգիշերային շնաշատ փողոցներ

Հուլիս 25,1998 00:00
shner

Կեսգիշերից մինչեւ լուսաբաց Երեւանը մթության մեջ է, տեղ-տեղ լուսավորված են շքեղ խանութների ցուցափեղկերը, կենտրոնական փողոցներն ու հրապարակները։ Կեսգիշերից հետո, երբ մարդիկ փողոցներից հեռանում են, փողոցներում դրության տերը մարդկանց բարեկամներն են դառնում։ Շներն այս ու այն աղբակույտն են քչփորում, իրար պոչ են քաշքշում, գզվռտվում եւ զբաղվում շնային այլ գործերով։ Բայց վա՛յ նրանց, եթե սխալմամբ հայտնվեն փողոցի երթեւեկելի մասում։ Միշտ էլ գտնվում է մի ուշացած ավտոմեքենա, մի քիչ քնատ վարորդ, եւ չնկատելով փողոցի կենտրոնում հայտնված շանը, անցնում է նրա վրայով եւ… անօգնական թողնում ճանապարհին։

Դիպված էր, թե ինչ, սակայն անցած գիշեր Երեւանի Կոմիտասի փողոցը ավտովթարից սատկած կենդանիների բաց գերեզման էր հիշեցնում։ Փողոցի սկզբից մինչեւ վերջ երեք սպանված շներ էին ընկած։ Գիշերվա խորհրդավոր մթության, աղբի առատության, անսովոր լռության համայնապատկերն ամբողջացնող շնային արյունաշաղախ մարմինները սարսափ-ֆիլմ էին հիշեցնում։ Գիշեր էր, ու մտածեցինք, թե դեռ չեն հասցրել հավաքել ու մաքրել փողոցները։ Սակայն, հաջորդ օրն առավոտյան, արդեն Երեւանի մեկ այլ փողոցում՝ մարզահամերգայինից մինչեւ «Հրազդան» տոնավաճառ, դարձյալ մի սատկած շուն պատահեց։

Փորձեցինք պարզել, թե ո՞վ է այս շները հավաքելու պատասխանատուն, մտածելով, թե դա պետք է լինի Երեւանի քաղաքապետարանի անասնաբուժական սպասարկման կենտրոնը։ Զանգահարեցինք, սակայն պարզվեց, որ նրանք ընդամենը հավաքում են թափառող շներին, իսկ սատկածներին երեւի թե պետք է հավաքեն աղբահավաքները։ Հավաքված շները թաղվում են հատուկ շնային գերեզմանատանը։ Երեկ առավոտյան շներն արդեն հավաքված էին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031