Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՍՏՎԱԾ ՀԵՌՈՒ ՊԱՀԻ ՉԱՐԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ ՈՒ «ԱՌԱՎՈՏԻՑ»

Հուլիս 25,1998 00:00
Ijevan

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին սրբազանի եւ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Հովնան սրբազանի ընկերակցությամբ ուղեւորությունն Իջեւան քաղաքի նորաբաց եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու առիթով էր, թեեւ ճանապարհին մեր զրույցը միանգամայն այլ նյութերի շուրջ էր։ Տեղ հասնելուն պես Իջեւանի կենտրոնում կուտակված ծառայողական ավտոմեքենաների առատությունը վկայեց, որ տեղի իշխանությունները ջանացել են արարողությանը հաղորդել նաեւ աշխարհիկ հնչեղություն, ինչը նրանց մասամբ հաջողվեց։ Սուրբ Ներսես Շնորհալու անունով կոչված եկեղեցին, որ վերաշինվել էր նախկին քաղաքային գրադարանի կիսավեր շինության հիմքի վրա, բոստոնահայ բարերար ամուսիններ Գեւորգ եւ Պերճուհի Ներսիսյանների նվիրատվությամբ ու Մայր Աթոռի օժանդակությամբ, Իջեւանի առայժմ միակ եկեղեցին է։ Ու թեեւ ավելի ուշ, մի քանի տեղաբնակներ մեզ հավաստիացնում էին, որ այդ ձեւակերպումն այնքան էլ ճիշտ չէ, ու հնում քաղաքն ունեցել է իր եկեղեցին, բայց դա արդեն քչերին էր հուզում։

Ինչեւէ, հանդիսավորության շուքին, որ լրացնում էին հավաքված հոծ բազմությունը, սրբազանների առատությունը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ԱՄՆ-ից ուղղված ուղերձը, գումարվում էին իջեւանցիների եւ ծեսն իրականացնող հոգեւորականների երբեմն ինքնաբուխ, երբեմն էլ ակամա պոռթկումները, որոնք աննկատ մնալ չէին կարող։ Քաղաքի իշխանություններն անակնկալներից խուսափելու համար ձեռք էին առել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, փողոցները լի էին ոստիկաններով, եկեղեցու մուտքի մոտ համբերատար հերթապահում էր շտապօգնության մեքենան։ Եվ միայն ներսում վառվող հարյուրավոր մոմերի առկայության պայմաններում բացակայում էին հրշեջները։ Օծման արարողությունը, որը պատարագի հետ մեկտեղ ձգվեց մի քանի ժամ, վարպետորեն ղեկավարվում էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի կողմից։ Միայն թե իջեւանցիներից ոմանք յուրովի էին արձագանքում այդ ամենին, հավանաբար առաջին անգամը լինելու պատճառով։ Հոգեւորականները ստիպված էին ներկաներին երբեմն-երբեմն տեղեկացնել սպասվող դեպքերի ընթացքի մասին։

16 սյուները օծելու պահին քահանաներից մեկը իրենց համառորեն հետապնդող թափորին հարկ համարեց զգուշացնել. «Մնացեք, հիմա հետ ենք գալու»։ Իսկ երբ աղոթքի ավարտին հավատացյալներից մեկը բարձրաձայն «ամեն» ասաց, սրահում ներկա գտնվողները շրջվեցին ու զարմացած նայեցին նրան։ Այն, որ հոգնած երեխաները ներսում պահմտոցի էին խաղում, իսկ մի երիտասարդ խաչակնքում էր՝ մի ձեռքը գրպանում, երեւի թե անսովորությունից էր։ Բոլոր դեպքերում, առանձին մարդկանց պահվածքը չխամրեցրեց օրվա հանդիսավորությունը, իսկ Սեպուհ սրբազանի ոգեշունչ քարոզը եւ դիտողությունն այն մասին, թե այս եկեղեցին կենցաղային օգտագործման վայր չէ, ամբողջացրեց օրվա խորհուրդը։

Եվ պաշտոնատար այլ անձինք

Միակ բանը, որ քիչ էր մնում փչացներ տոնական ողջ հմայքը, մեր ներկայությունն էր։ «Առավոտ» թերթի անվան հիշատակումը կարող էր ափերից հանել ներկա գտնվողներից նվազագույնը 3 հոգու։ Նրանցից մեկը որտեղից-որտեղ եկեղեցում հայտնված Ազգային ժողովի ՊՆ, ՆԳ եւ ԱԱ հարցերով հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանն էր, որը հավուր պատշաճի դիտողություններ շռայլելուց հետո մեր բոլոր լրագրողական հարցերն անպատասխան թողեց՝ տեղեկացնելով, թե անցել է «Առավոտի» հետ աշխատելու գրավոր ռեժիմի եւ հարցերն ընդունում է միայն այդ տեսքով։ Ի տարբերություն նրա, մարզպետ Պավլիկ Ասատրյանը մեզ որեւէ նախապայման չթելադրեց։ Տանտիրոջ իրավունքով հյուրերին գորգեր ու թանկարժեք նվերներ հանձնելուց հետո նա, նախ, համոզված պնդեց, թե «Առավոտը» միանշանակորեն պատվեր է կատարում վարկաբեկելու իր անձը եւ ինքը գիտի, թե դա որտեղից է գալիս, այնուհետեւ մեզ ցուցադրեց Իջեւանի գեղեցիկ շատրվաններն ու մարդաշատ սրճարանները, իբրեւ ապացույց այն բանի, որ քաղաքի կյանքն ամենեւին էլ մեռած չէ, ինչպես վերջերս գրել էր մի թղթակից։ Թե՛ նա եւ թե՛ առանձնակի բարեհաճությամբ աչքի ընկնող քաղաքապետ Ա. Ղուլարյանը «Առավոտի» թղթակիցներին հրավիրեցին Իջեւան՝ համոզված, որ միայն տեղում իրավիճակը տեսնելուց հետո կարելի է գնահատականներ հրապարակել մամուլում։

Շատ ավելի բարդ ընթացք ունեցավ հարաբերությունների պարզումը Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի հետ։ «Առավոտից» վիրավորված հոգեւորականը, նախ, ձայնագրիչի առաջ արտասանեց այս խորիմաստ նախադասությունը. «Աստված հեռու պահի չարից, փորձանքից եւ «Առավոտից», իսկ այնուհետեւ առանձնազրույց ունեցավ մեղավորիս հետ, որի մանրամասները, համաձայն կողմերի ասպետական պայմանավորվածության, հրապարակման ենթակա չեն։ Մինչ ժողովուրդը եկեղեցու բակում մոմեր, հոգեւոր գրականություն, «Բարի եկաք Էջմիածին» մակագրությամբ սրբիչներ ու շապիկներ գնելով էր զբաղված, իսկ երգչախումբը ներսում շարականներ էր կատարում, «Առավոտից» դժգոհելու առիթը բաց չթողեց նաեւ Էջմիածնի մամլո դիվանի ներկայացուցիչը։ Բոլոր կողմերից գրոհների արժանանալու աննախանձելի իրավիճակը եզրափակեց Գարեգին սրբազանը՝ կես-կատակ ակնարկելով, թե այսուհետ տեղ գնալիս թերթի թղթակիցներին միշտ իր հետ է վերցնելու, քանի որ այդպես ինքն ուշադրության կենտրոնում է։ Օրն ավարտվեց քաղաքամերձ խորտկարանում։

Սեւանի թերակղզում

Եթե առիթ եք ունեցել լսելու, թե ղեկի մոտ նստած հոգեւորականն անկանխատեսելի է, ապա կարող եք լիովին վստահել այդ ասույթին։ Իջեւանից Սեւան ճանապարհն անցանք աննկատ, եւ մեր մեքենան թեքվեց դեպի թերակղզի, ուր գտնվում է Վազգենյան դպրանոցը։ Լճի ներկայությունից բացի, ուշադրություն է հրավիրում այստեղ ընթացող շինարարությունը, որն իր ծավալներով, հավանաբար, աննախադեպ է։ Հսկա կառույցը, որ շինարարները խոստանում են ավարտել մեկ տարում, լինելու է կրթահամալիրի նոր մասնաշենքը՝ իր բոլոր հարկաբաժիններով, գրադարանով, եկեղեցով, ճեմասրահով։ Արարատյան թեմի առաջնորդին արժե տեսնել շինղեկի պարտականությունները յուրացնելիս՝ թերացումների հանդեպ անհանդուրժող կեցվածքով եւ մասնագիտական հմտություններին ճարտարապետներից ոչ պակաս տիրապետելով։ Քարերի վրա փռված գծագրերում եռահարկ կառույցն է, որը նախատեսված է 120 սաների համար։ Շենքը օղակի մեջ կառնի եկեղեցին՝ թերակղզու այս հատվածում, ի տարբերություն մյուս ափերի՝ վերածնելով ավանդական շունչը։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Իջեւան-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031