Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐ

Հուլիս 25,1998 00:00

Ամառը արձակուրդի շրջան է։ Հետխորհրդային մարդու համար արձակուրդ գնալը սովորույթի պես բան էր դարձել։ Բարձրագույն կրթությունը 24-օրյա արձակուրդ էր ապահովում։ Մտավորական համարվող ու անվանվող խավի համար՝ բանվորագյուղացիական պետության մեջ հեգեմոն համարվող դասակարգերի նկատմամբ։ Հիմա էլ, ինչպես տարիներ առաջ, կենցաղային զրույցների հիմնական թեման արձակուրդն է։ Ավելի ճիշտ՝ արձակուրդ գնալու անհրաժեշտությունը։ Այն ոչ ոք չի վիճարկում։ Քննարկումների ամենացավոտ մասը արձակուրդ կազմակերպելու հնարավորությունն է։ Զրույցի այս հատվածն է, որ քննարկմանն ի վերջո քաղաքական երանգ է տալիս։ Հանրապետության բնակչի՝ արձակուրդ գնալու սոցիալական խնդիրը վերջին տարիներին քաղաքականացնում են բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչեւ քաղաքական գործիչներն ու ղեկավարությունը։ Արդեն մի քանի ամիս է՝ իշխանական բոլոր շենքերում հայտարարությունների տախտակներին հրավերք-հայտարարություններ են։

Պետական ծառայողների դասը հրավիրվում է հանգստանալու նախկին «կառավարական» առողջարաններ ու հանգստյան տներ։ Այսօր դրանք կառավարական չեն։ Այսինքն՝ այդտեղ կարող են հանգստանալ ոչ միայն նոմենկլատուրային պաշտոնյաները, այլեւ՝ բոլորս։ Բայց այդ նույն հանգստյան տների գներն այսօր շատ են կառավարական, այսինքն՝ բարձր: Հրավերք-հայտարարությունները փակցվում են միայն իշխանական շենքերում։ Աղվերանի հանրահայտ կոտեջներում 1 օրվա հանգիստն առանց սննդի արժե 10-15 հազար դրամ։ Ընդհանրապես, քիչ թե շատ տանելի պայմաններ ունեցող հանգստյան տունը օրական նվազագույնը 5 հազար դրամ արժե։ Եվ այսպես՝ հանրապետության արձակուրդ ու հանգիստ անցկացնելու վայրերից, վերջին տարիներին, հիմնականում օգտվում են իշխանավորները։ Գնում են, օրինակ, Սեւան, տեսնում լեփ-լեցուն Սեւանը ու դատողություններ անում ժողովրդի կենսամակարդակի աճի մասին՝ քաղաքական քննարկումների ընթացքում այն օգտագործելով որպես փաստարկ։ Լրացուցիչ փաստարկի դեր է կատարում նաեւ պաշտոնական վիճակագրությունը։ Վերջինս պնդում է, որ տարեցտարի բնակչությունն ավելի շատ գումարներ է ծախսում։ Այսինքն՝ հարստանում է։ Հարստանում է, որովհետեւ աճ է արձանագրել տնտեսությունը։

Առայժմ ամփոփված է 1998թ. առաջին եռամսյակը։ Ամփոփված է տպավորիչ, եւ բարձր տրամադրություն է առաջացնում պաշտոնյաների դասի մոտ։ Համախառն ներքին արդյունքն աճել է 6,4 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 4,3 տոկոս։ Տնտեսության մեջ ամենաբարձր ցուցանիշ ապահովել է մեր բոլորի ամենասիրելի ոլորտը՝ էներգետիկան (6,7 տոկոս)։ Առաջին եռամսյակի ընթացքում արտահանվել է 56,7 մլն դոլարի արտադրանք, ներմուծվել՝ 201,1 մլն դոլարի։ Ճիշտ է, մի քիչ տխուր կամ վշտացնող է, որ ապրանքաշրջանառության հաշվեկշիռը բացասական է 144,4 մլն դոլարով։ Բայց ամռան շոգին տապն ավելի վշտացնող երեւույթ է, քան տնտեսական ցանկացած ցուցանիշ։ Շատ ավելի հաճելի է մեկնել հանգստյան գոտի, այնուհետե՝ւ գործընկերների ու լրագրողների ներկայությամբ արձանագրել, որ հանգստացողների թիվը շատ մեծ է։ Հետո խոսել, որ Երեւանում աճում է սրճարանների ու հաճախորդների քանակը: Ոչ ոք չի նկատում, որ սա հին մոլորություն է։

Նույն թեմայով ու նույն փաստարկներով նախընտրում էին խոսել նաեւ նախկին իշխանությունները։ 1996 թ. նախագահական ընտրությունների նախընտրական փուլում էլ նախկին նախագահը, ելնելով Գեղարքունիքի մարզպետի տվյալներից, նշեց, որ Սեւանում այդ տարի հանգստացել է 200 հազար մարդ։ Հայտարարությունը միանշանակ չընդունվեց։ Ամառվա ընթացքում մեկ-երկու օր Սեւան այցելելը տնտեսության զարգացման հիմք համարելու փաստարկ չէ։ Հատկապես՝ երբ նրա կողմից օրական ծախսվում է 10-20 դոլար։ Իսկ այս փաստը կենսամակարդակի աճի ցուցանիշ համարելը պարզապես նյարդայնացնում է։ Առավել նյարդայնացնում է այն, որ ամառվա ընթացքում մի քանի անգամ Սեւան այցելելով, միշտ տեսնում ես ցավեցնելու աստիճան ծանոթ դարձած նույն դեմքերը։ Դեմքեր, որ ծանոթ են հեռուստաեթերից, քաղաքային սրճարաններից։ Դեմքեր, որ գոտկատեղի ձախ մասում կամ ձեռքին անպայման հեռախոս ունեն։ Շոգն ամենքինս է՝ հավասար։ Հատկապես ամառվա շոգին բոլորս էլ հավասար իրավունք ունենք խոսել արձակուրդի մասին։ Այս իրավունքն ինչ-որ իմաստով սահմանադրական է։ Այսօրվա իշխանությունների կողմից այնքան էլ չսիրված Սահմանադրության 50 թե 51 հոդվածում հենց այդպես էլ գրված է. «Մարդն ունի հանգստի իրավունք»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031