Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՈՉ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ Է

Հուլիս 25,1998 01:23

Հաղորդագրություն, վրիպակ եւ վարկած

Երբ քաղաքում հառնեց Կենտրոնական բանկի ճերմակ շենքը՝ թանկարժեք վերանորոգումից հետո, քաղաքն անմիջապես տեղեկացավ 5 մլն դոլար վերանորոգման ծախսի մասին։ Կենտրոնական բանկն այդ ժամանակ ղեկավարում էր Բագրատ Ասատրյանը։

Կենտրոնական բանկի նախագահն այն քչերից էր, որոնք արտաքնապես եւ գործածած լեզվի կուլտուրայով միանշանակ կոչվում են բարեկիրթ, եւ չնայած նրա պաշտոնը «խոստումնալից» պաշտոններից մեկն էր՝ Բագրատ Ասատրյանի հանդեպ ձեւավորված ժողովրդական անբարեհաճություն չկար։ Բագրատ Ասատրյանը գիտեր ժամանակին օգտագործել «շնորհակալություն» բառը՝ ընդգծված քաղաքավարությամբ։ Նա «շնորհակալությամբ» թողեց ե՛ւ պատգամավորի իր աթոռը ԿԲ տեղափոխվելիս, ե՛ւ վարչակարգը փոխվելու ժամանակ ԿԲ-ից հեռանալիս։ Եվ դրամի վերանորոգված փառահեղ տաճարը մնաց ուրիշին, իսկ Բ. Ասատրյանին ամիսներ անց առեւանգեցին ու բաց թողեցին…

Հաղորդագրություն

Մի քանի օր առաջ, մինչ առեւանգման մասին պաշտոնական հաղորդագրությունը՝ «Առավոտ» օրաթերթը գրեց, թե Պուշկինի փողոցում երեք անձանց կողմից առեւանգվել է Բագրատ Ասատրյանը, ծեծվել եւ բաց է թողնվել։ Երեք անձանցից երկուսը նախկինում դատված են։ Տեղեկություն հայտնեց նաեւ «Ար» հեռուստաընկերությունը, եւ խոսվեց Բ. Ասատրյանի մոտ հայտնաբերված 1 մլն դոլարի մասին։
«Լրաբեր» ծրագիրը փորձեց տեղեկություն իմանալ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից եւ բանկերի ասոցիացիայից, բայց՝ ապարդյուն։ ՆԳ մամուլի ծառայությունից «Լրաբերին» պատասխանեցին, թե նման տեղեկություն չի ստացվել։ Բանկերի ասոցիացիայից պատասխանեցին, որ Բ. Ասատրյանը սովորականի նման գալիս է աշխատանքի։

Վրիպակ

Նույն օրը «Լրաբերով» հնչած ՆԳ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե երեք օր առաջ առեւանգվել է Բագրատ Ասատրյանը։ Եթե սա ՆԳ մամուլի ծառայության թույլ տված տեղեկատվական վրիպումն էր, տրամաբանորեն ենթադրվում է, որ ՆԳ նախարարությունը չէր ուզում կատարվածի մասին տեղեկացնել սկզբում։ Երկրորդ տարբերակն ավելի պարզ եւ ավելի քիչ հավանական է. ՆԳ նախարարությունը պարզապես տեղյակ չի եղել։

Վարկած

Երեւանի քաղաքական եւ պետական շրջանակներում մշուշոտ լուրերը շատ արագ սկսում են պտտվել իրականությանն ավելի մոտ տարբերակով։ Այսպես, երեւանյան խրոնիկայում ամրապնդվեց այն վարկածը, թե Բագրատ Ասատրյանի մոտ եղել են ինքնաթիռի տոմսեր իր եւ իր ընտանիքի անդամների համար եւ այն մեկ միլիոն դոլար գումարը, որ առեւանգողները պահանջել են իրենից։ Այս կապակցությամբ արդեն պտտվում է երկու ենթադրություն, կա՛մ առեւանգողները շատ տեղյակ մարդիկ են եւ ծանոթ են Բ. Ասատրյանի գործերին, կա՛մ առեւանգողների անվան տակ Բ. Ասատրյանին կանգնեցրել են պետական մարմինները։

Պատմությունն ամեն դեպքում ունի մութ կողմեր. մեկն այն է, որ Երեւանում մինչեւ վերջերս Բագրատ Ասատրյանի կշիռն ունեցող մարդիկ (օրինակ՝ Գ. Պողպատյան) ներկայանում էին ՆԳ նախարարություն, եւ նրանց հետ զբաղվում էին պետական մարմինները։ Ովքե՞ր էին երեք խուլիգանները, որ որոշեցին այդպիսի պատասխանատու գործով զբաղվել։ Իսկ մեկ միլիոն դոլարը պատահական թիվ չէ եւ «հանցագործների» հաշվարկը կապված է ԿԲ-ի շինարարական ծախսերի հետ։ Եթե ԿԲ-ի համար ծախսվել է 2,5 մլն դրամ, համաձայն խորհրդային ժամանակներից ձեւավորված ավանդույթի, պատվիրատուի յուրացումը կարող է կազմել 20 տոկոս։

Իրողությունն, ամեն դեպքում, քողարկվում է եւ սրանում ջանք է գործադրում պետությունը։ Գուցե ներկայիս ղեկավարները զղջացե՞լ են նախկինների պետական հանցագործությունների հանդեպ անզիջում լինելու խոստման համար եւ վստահ չլինելով վաղը նույն նախագծով մայր հայրենիքից իրենց հեռանալու հարցում՝ տատանվում են խիստ միջոցներ կիրառելուց առաջ։
Ինչեւէ, եթե վարկածները մոտ են իրականությանը, փողեր տեղափոխելու համար Երեւանում առայժմ հայտարարված է ոչ թռիչքային եղանակ։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031