Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետն իրեն գյուղի տեր է զգում

Հուլիս 25,1998 11:04

Շիրակի մարզի Սարատակի գյուղապետ Արտաշ Եղիկյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների մասին շատ է գրվել Շիրակի մարզպետարան։ Սակայն մարզպետարանն իր ընդունած որոշումներում նշել է միայն, որ դիմումևբողոքներում բերված փաստերը
համապատասխանում են իրականությանը եւ բավարարվել դրանով։

Գյուղապետն էլ, ըստ երեւույթին, օգտվելով մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատողների թողտվությունից եւ իր պաշտոնական լիազորությունների անսահմանությունից, միտումնավոր, իր բնավորությանը եւ վարքագծին համապատասխան, շարունակում է չարաշահումները, վարկաբեկելով համայնքի առանձին անդամներին եւ ղեկավարին ոչ վայել վարքագծով զբաղվում բացահայտ խառնակչությամբ։

Բանն այն է, որ գյուղապետը եւ իր տեղակալը մարզպետարանի գյուղբաժնի աշխատակից (այժմ՝ նախկին աշխատակից), Գուրգեն Եղոյանի անունով, առանց համայնքի ժողովի կամ ավագանու անդամների համաձայնության, վարձակալել են մոտ 30 հա հողատարածություն եւ ցանել աշնանացան ցորեն։ Մինչդեռ տասնյակ ընտանիքներ գրեթե հողազուրկ են, որի պատճառով էլ հեռացել են գյուղից եւ դեգերում են Ռուսաստանի Դաշնության քաղաքներում՝ իրենց գոյությունը մի կերպ պահելու համար։

Զարմանալին այն է, որ վերոհիշյալ անձնավորությունները ի՞նչ միջոցների տեր են, որ նույնքան հողատարածություն էլ ուրիշի անունով վարձակալել են մարզի Այգաբաց եւ գուցե էլի ուրիշ գյուղերում։ Միակ ցորենի սերմացուն, որը կառավարության կամ մարզպետարանի որոշմամբ հատկացվել էր գյուղացիությանը, օգտագործվել է միայն իրենց համար։

Մեզ անհասկանալի պատճառներով գյուղ չբերվեց նաեւ գարու սերմացուն։ Ինչ վերաբերում է դիզվառելիքին, որը գյուղացուն օգնելու նպատակով ապառիկ պետք է տրվեր գարնան գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար, չբաժանվեց, որի պատճառով էլ հեկտարներով գյուղացիական հողատարածություններ մնացին անմշակ։ Եվ միայն երկարատեւ բողոքներից հետո, մարզպետարանի միջնորդությամբ, բերքահավաքի նախօրյակին այն վաճառվեց գյուղացիությանը՝ կանխիկ գներով։ Իսկ իրականում դիզվառելանյութը ժամանակին գյուղացիությանը չտրվեց, քանի որ այդ ընթացքում գյուղապետի եղբայրը շուկայական գներով դիզվառելիք էր վաճառում։

Զայրացուցիչ էր նաեւ այն, որ գյուղապետը ինքնագլուխ քանդեց ցանված մեկ հեկտար աշնանացան ցորենը եւ ցանեց դարձյալ գյուղին տրամադրված կարտոֆիլի սերմացուն։ Գյուղապետի չարաշահումներն այնքան շատ են, որ չգիտես՝ որ մեկը նշես։ Ամիսներով գյուղը զրկված է էլեկտրաէներգիայից՝ իբր պարտքերը չմուծելու պատճառով, բայց ովքեր են չմուծողները. 1991ևից մինչեւ հիմա գյուղապետի եղբայրը աշխատեցրել է էլաղացը (դրաբիլկան), բայց մինչեւ այժմ ոչ էներգիայի վարձ է մուծել, ոչ էլ աղունավարձ։ Մինչդեռ նրա պատճառով տուժել եւ տուժում է ամբողջ գյուղը։

Թալանվել է նաեւ համայնքի ունեցվածքը։ Հայտնի չէ, թե ո՞ւմ է սեփականաշնորհվել կոմբայնը, ԿԱԴԷ տրակտորը, սերմնազտիչը, կամ ո՞ւր են անհետացել այն 50 պանելները, որ տեղադրված էին անասունների ջուր խմելու ծորակների տակ։ Թալանված է մշակույթի տան կաթսայատունը եւ այլն։

Սարատակի գյուղապետ Արտաշ Եղիկյանի աշխատանքային գործունեությունն այլեւս անհնար է հանդուրժել։ Այն հղի է բավականին լուրջ հանցավոր արարքներով։

Խնդրում ենք Ձեզ, հարգելի՛ խմբագրություն, միջնորդել համապատասխան մարմիններին՝ որ կասեցվի գյուղապետի գործունեությունը որպես համայնքի ղեկավարի։

Նամակի տակ կա յոթ ստորագրություն

Նամակի կրկնօրինակները գյուղացիներն ուղարկել են նաեւ ՀՀ վարչապետին եւ Շիրակի մարզպետարան։ Մարդիկ ակնկալում են թերթի աջակցությունը։ Կրկին հիշեցնենք մեր ընթերցողներին, որ 4-րդ իշխանության իր խնդիրը թերթը կարող է կատարել այսպես՝ ապահովելով տեղեկատվության հրապարակայնությունը։ Հնարավոր է, որ գյուղապետը դժգոհի այս հրապարակումից, սակայն այդ դժգոհությունը տեղին կլինի միայն այն դեպքում, եթե նա կարողանա համապատասխան փաստաթղթերով հերքել նամակում առկա փաստերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031