Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի ձերբակալությունից ի վեր եկեղեցին դեռ չի սթափվել անակնկալ ցնցումից։ Եվ խնդիրն այստեղ միայն բարձրաստիճան հոգեւորականի մեղավորևանմեղ լինելու հանգամանքը չէ։ Ըստ էության, կատարվածը լրջորեն սասանել է Հայ առաքելական եկեղեցու վարկը, աղճատել պարկեշտության, բարոյականության չափանիշ ներկայացող կրոնավորի կերպարը։ Թե ինչպես դա կընկալի հասարակությունը, մեծապես պայմանավորված կլինի եկեղեցու դիրքորոշմամբ։
Եկեղեցին իր հերթին չի շտապում վերաբերմունք արտահայտել։ Սա արդարացնելու համար կա հարմար պատրվակ. քանի դեռ գործի քննությունը չի ավարտվել եւ դատարանը վճիռ չի կայացրել, հարկ է ձեռնպահ մնալ գնահատականներից ու հապճեպ հետեւություններից։
Ինչ խոսք, օրինակելի դիրքորոշում է սա, եթե, իհարկե, եկեղեցին կարողանար իր սկզբունքային հետեւողականությանը հավատարիմ մնալ մինչեւ վերջ։ Բայց արի ու տես, որ հոգեւոր դասն այնքան էլ հակված չէ ստանձնել լուռ սպասողի դերակատարությունը։ Վիրավորված պատվախնդրությունի՞ց, թե՞ իրավապահների նկատմամբ անվստահությունից մղված, Մայր Աթոռի ներկայացուցիչներն արդեն մի քանի առիթներով ակնարկել են կատարվածին Ասողիկ սրբազանի մասնակցության չափի շուրջ իրենց տարակարծությունների մասին՝ համեմելով դրանք այնպիսի պատճառաբանություններով, որոնք պիտի դիտվեն իբրեւ «մեղմացուցիչ դեպք հանցանաց»։
Սա չէր կարող չհարուցել մյուս կողմի հակազդեցությունը։ Եթե վստահելու լինենք մի շարք տեղեկությունների ճշմարտացիությանը, ապա Ասողիկ սրբազանի պնդմամբ, ինքը վերցրել է 120 հազար դոլարը, սակայն պարտքով եւ չիմանալով, որ դա պաշտպանության նախարարությանն է։ Այժմ լուրեր կան այն մասին, որ հիշատակված չափով գումարի վնասը հատուցելու դեպքում սրբազանին հնարավորություն կտրվի մինչեւ դատավարություն ազատվել կալանքից։ Ինչ վերաբերում է Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հայտարարություններին, ապա վերջինս ասել է, թե իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել։
Եվս մեկ անգամ ասվածը շտկելու հնարավորությունը թողնելով Մայր Աթոռի դիվանապետին, եւ արձանագրելով, որ երկուստեք հնչած թափանցիկ ակնարկները դեռ դատավճիռ չեն, միեւնույն ժամանակ նկատենք, որ մինչ խնդրի հանգուցալուծումը որոշ ներքին խմորումներ արդեն իսկ ի հայտ են բերում բոլորովին նոր նրբերանգներ՝ վտանգելով ոչ միայն անաչառության մթնոլորտը, այլեւ երկպառակության վտանգ սերմանելով հենց եկեղեցու ներսում։
Կարդացեք նաև
Բանն այն է, որ հրապարակային ելույթներից բացի, Մայր Աթոռում օրեր առաջ բարձրաստիճան հոգեւորականների կողմից փակ դռների հետեւում լրջորեն քննարկվել է Ասողիկ եպիսկոպոսի ճակատագիրն ու եկեղեցու դիրքորոշումն այդ հարցում։ Խորհրդակցությունը, ի վերջո, վերածվել է սուր բանավեճի, ուր հնչել են ամենատարբեր ու ծայրահեղ կարծիքներ, կտրական պահանջներ՝ ուղղված ինչպես եկեղեցու ավագանուն, այնպես էլ երկրի իշխանություններին։ Վիճաբանությունը թեժացել է այն աստիճան, որ հոգեւորականներից մեկը հայտարարել է, թե Ասողիկ սրբազանի ազատ չարձակվելու դեպքում վայր կդնի իր վեղարը, ինչին ի պատասխան՝ մեկ այլ հոգեւորական պատրաստակամություն է հայտնել նույն քայլին դիմել, եթե Ասողիկն ազատ արձակվի։ Մի երրորդը եկեղեցուց պահանջել է իսկույն վճարել 120 հազար դոլար «փրկագինը»՝ հարուցելով նրանց զայրույթը, որոնց համար անհասկանալի է, թե ի՞նչ բարոյական իրավունքով ժողովրդի նվիրատվություններից ու հանգանակություններից կուտակված այդպիսի խոշոր միջոցներ պիտի օգտագործվեն մի հոգեւորականի անօրինական վատնումները քողարկելու համար։
Կարելի է դեռ երկար թվարկել ամենաբազմազան ելույթների բովանդակությունները։ Սակայն էությունը մեկն է. հոգեւոր դասի մի ստվար հատված չի ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ օրենքի առաջ ամենքն են հավասար, եւ պատվախնդրության շղարշը դեռեւս փրկություն չէ քողարկելու մինչեւ օրս անաղարտ նկատված մարմնի խոցերը։ Նրանք, ովքեր փորձում են ընդդիմանալ կամ իրերը կոչել իրենց անուններով, լրջորեն կարող են տուժել՝ աչքի առաջ ունենալով երամից վտարվելու վտանգը։ Ուրեմն, որտե՞ղ փնտրել ողջախոհությունը։
Ասողիկ սրբազանի հետ կատարվածն, ի վերջո, մի մասնավոր դեպք է, որ վաղ թե ուշ ստանալու է իր իրավական եւ բարոյական գնահատականը։ Բայց այդ առանձին դեպքն արդեն իսկ բացահայտում է այնպիսի շերտեր, որոնցից այն կողմ արված քայլը շատ ավելի լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ Եվ Աստված մի արասցե, եթե վաղն ինչ-որ մեկն իրեն իրավունք վերապահի ասելու. «Ձեր խորքում կղերապետության շունչ կա»։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ