Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ

Հուլիս 25,1998 00:53
txamard

Հեղաշրջման տեսություն

Այս թղթակցությունը, ամենայն անկեղծությամբ եմ ասում, մանավանդ նրանք, ովքեր ինձ չեն սիրում, կարող են համարել Հայաստանի Հանրապետության նախագահի պատվերը։ Առաջին հերթին հենց նրա հետաքրքրասիրությունը բավարարելու համար է, որ թեթեւակի մի շրջայց կատարեցի Հայաստանի կուսակցություններով՝ պարզելու, թե ով է այն տղամարդը Հայաստանում, որ կարող է հեղաշրջում անել: Անկեղծ ասեմ, որ նրանց մեջ կասկածյալներ չկան։

Այնուամենայնիվ, զրույցներիս շարքը սկսեցի հատկապես Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցչի հետ խոսակցությամբ, այն հիմքով, որ կուսակցությունը շուրջ երեք տարի առաջ նախորդ քաղաքական ռեժիմի կողմից ամբաստանվել էր հեղաշրջում կատարելու փորձի մեջ։ Մեր զրուցակիցը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Վարդան Պետրոսյանն էր. «Կարծում եմ, որ հարցը պետք չէ դնել այդ կտրվածքով։ Թեպետ նախագահի ներկայացման ձեւից կարող էր բխել նաեւ այդ հարցադրումը»։

Դաշնակցության ներկայացուցիչը խնդիրը ներկայացրեց այսպես. հարցն այն չէ՝ կա՞ այդպիսի տղամարդ, թե՝ ոչ։ Ավելի առարկայական է այն հարցադրումը, որ կա պետություն, կան օրենքներ, եւ մենք բոլորս պարտավոր ենք գործել այդ շրջանակներում։ Հենց այս զրույցով էլ սկիզբ դրվեց հայաստանյան կուսակցությունների՝ հեղաշրջումների մասին գիտատեսական դատողություններին։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը նախ արձանագրեց՝ 1997 եւ 98 թվականների սահմանագլխին Հայաստանում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ, դասական գնահատմամբ, «միայն հեղաշրջումը կարող էր փոխել դրությունը»։

Այսինքն՝ կուսակցությունները թուլացված էին, հասարակությունն՝ ապակողմնորոշված, հուսահատված, հուսալքված, եւ միայն ասպարեզում եղած որեւէ ուժ, տվյալ դեպքում՝ կոպիտ ուժ կարող էր փոխել իրավիճակը։ Հիմա իրավիճակն այդպիսին չէ. «Ուստի ճիշտ չեմ համարում խոսել հեղաշրջման մասին եւ մեկնաբանություններ անել»։

Հրանտ Խաչատրյանն արձանագրեց նաեւ, որ ՍԻՄ-ի կարծիքով, երբ գոյանում է մի վիճակ, ինչը հասարակության մեջ կազմակերպված ներուժին իրավիճակը փոխելու հնարավորություն է տալիս, այդ դեպքում հեղաշրջումը վատագույն տարբերակն է։ Կան այլ ձեւեր, որոնք ամբողջապես տեղավորվում են օրինականության շրջանակներում։ Ասենք, բավականին արդյունավետ են գործում հետեւողականորեն բարոյական ճնշումներ գործադրելու մեխանիզմները. «Հեղաշրջումները, իհարկե, փոփոխության հնարավորություն տալիս են։ Բայց այդ դեպքում դրական տեղաշարժերի հավանականությունը շատ փոքր է»։

Այս հիմքով էլ Հրանտ Խաչատրյանը հրաժարվեց եւ հեղաշրջում կանխատեսել, եւ թե գնահատել՝ ով է այդպիսի մտադրություն ունեցել, ունի կամ կունենա։ Այլ հարց է, որ վիճակն այնքան վատանա, որպեսզի ժողովրդական հուզումների, ապստամբության հիմքեր գոյանան, ինչպես եղավ 1996-ի սեպտեմբերին։ Հրանտ Խաչատրյանի գնահատմամբ, դրանք օրինաչափ երեւույթներ են, հեղաշրջումներն էլ են օրինաչափ, բայց. «զանգվածային, ազգային երեւույթներ չեն, դրանք իշխանական վերնախավի ինտրիգներն են, որ ժողովրդի հետ որեւէ կապ եւ ժողովրդի վիճակը բարելավելու նպատակ չունեն»։

Այսքանից հետո միայն Հրանտ Խաչատրյանն անդրադարձավ հարցադրմանը՝ թե ով է այն տղամարդը… Նա ասաց, որ դրա համար պետք է հասունացած վիճակ, որպեսզի հնարավոր լինի անվանել հեղաշրջման հիմնական հավակնորդին։ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն էլ նախընտրեց խորանալ հեղաշրջման տեսության մեջ։ «Թե ով է այն տղամարդը» հարցադրումը զրուցակիցս համարում է քաղաքական հարթությունից դուրս գտնվող թեմա. «Ճիշտն ասած, ես նման հարցադրումն անգամ համարում եմ անլուրջ»։

Պատճառաբանությունն ունի բազում շերտեր. «կային նաեւ այնպիսի մարդիկ, որոնք հենց նույն տարիներին պետական կառույցներում էին եւ լռում էին»։ Հասկացաք, չէ՞, ակնարկն ում է հասցեագրված։ Դրա կողքին կային մարդիկ, որ պայքարեցին եւ այդ ընթացքում դուրս մղվեցին պետական կառույցներից՝ հետագայում այնտեղից շարունակելով պայքարը։ Ալեքսանդր Աղամալյանն այն էլ ասաց, թե կային մարդիկ, որ հաշտվեցին ու մնացին վերոնշյալ կառույցներում։ Այս ամբողջ խորապատկերն արտացոլում է հարցադրման ոչ կոռեկտ լինելը. «Նման տղամարդ այսօրվա օրով չպիտի լինի։ Մեր երկրում չպիտի լինի։ Այդ է պատճառը, որ անլուրջ եմ համարում նման հարցադրումը»։

Պարույր Հայրիկյանը, պարզ ասած, հարցը «ցրեց». «Կարծում եմ, որ որեւէ լրագրող պետք է կարողանա տարբերել հռետորական հարցադրումը կոնկրետություն բովանդակող հարցադրումից»։ Իսկ երբ, այնուամենայնիվ, որեւէ տղամարդու անուն տալու հարցում շատ համառեցի, ասաց. «Ես բազմաթիվ կանանց անուններ կարող եմ տալ»։ Գոնե մեկին անվանելու մեր առաջարկը հետեւյալ պատասխանին արժանացավ. «Ձեր մերձավոր կանանց մեջ հարցրեք»։
Իհարկե, լուրջ խոհերի տեղիք է տալիս Պարույր Հայրիկյանի այն դիտարկումը, ըստ որի, նա Հայաստանի բոլոր տղամարդկանց իմ շրջապատի կանանց մեջ է տեսնում։ Բայց ոչինչ՝ կանցնի…

Ո՞վ է նա, ո՞վ է նա…

Այնուամենայնիվ, իմ հաջորդ զրուցակիցը կին էր, թեեւ՝ ոչ իմ շրջապատից եւ ոչ էլ ԻՄ շրջապատից։ «Շամիրամի» փոխնախագահ Մարիա Ներսիսյանն ասաց, որ իր համար հայտնության պես մի բան էր Ռոբերտ Քոչարյանի խոսքի մի հատվածը հատկապես. «Դու մի ասա, 1998 թ. փետրվարին հեղաշրջում է կատարվել Հայաստանում։ Բրավո, պարոն նախագահ, որ խոստովանեցիք, թե փետրվարին իսկապես հեղաշրջում է կատարվել։ Մենք, իհարկե, դրա մասին գիտեինք, բայց շատ անսպասելի էր, որ դա նախագահն ասաց»։

«Թե ո՞վ է այն տղամարդը» հարցին Մարիա Ներսիսյանը նախ հարկ համարեց անդրադառնալ փետրվարյան իրադարձությունների ֆոնին. «Շատ ներողություն, պրն նախագահ, այդ տղամարդը Դուք չէիք։ կարծում եմ՝ Հայաստանում գտնվեց այդ մեկը, բոլորս էլ գիտենք՝ ով է»։

– Ո՞վ է։

– Վազգեն Սարգսյանը, բնականաբար։ Այս պարագայում, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղից գալն այնքան էլ կարեւոր չէր»։

«Շամիրամի» փոխնախագահի գնահատականներն աստիճանաբար կոշտացան։ Նա ասաց, որ եթե մի երկրում հեղաշրջում է կատարվում, ու դրա մասին խոսում է նախագահը, ապա նա իր երկիրը. «Միանշանակորեն որակում է որպես հետամնաց, աֆրիկյան, որովհետեւ քաղաքակիրթ երկրներում հեղաշրջում չի կատարվում»։ Իսկ ինչ վերաբերում է նոր հեղաշրջմանը. «Հուսանք, որ նման բան տեղի չի ունենա»։ Եվ դա ոչ թե նրա համար, որ մենք 100 օրում ավելի քաղաքակիրթ դարձանք, այլ որ քաղաքական գործիչները հիմա ավելի սթափ են դատում, իսկ պատմությունն ու ժամանակը շատ արագ ամեն ինչ իրենց տեղերը կդնեն։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Պետրոս Մաքեյանն արդեն արտահայտվել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, քանզի կար հասարակական պահանջ։ Նրա դիտարկմամբ, նույնը ձեւավորվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այդ պարագայում. «Հայաստանում կգտնվեն շատ տղամարդիկ, այդ թվում նաեւ ես, որ իրեն կստիպենք հեռանալ»։ Ճիշտ է, Պետրոս Մաքեյանը համարում է, որ հեղաշրջումները ձեռնտու չեն Հայաստանի պետականությանը եւ հայ ժողովրդին. «բայց, եթե Ռոբերտ Քոչարյանի նմանները երկար մնան ու չհասկանան, որ աղետ են այս ժողովրդի գլխին, ապա տղամարդիկ շատ կգտնվեն, որոնց մեջ առաջիններից մեկը ես եմ»։

Իսկ գիտե՞, արդյոք, «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը, թե ով է այն տղամարդը. «Հա, գիտեմ, ոտքը ջարդել է մի քանի օր առաջ, պառկած է հիվանդանոցում հիմա»։ Բացահայտեմ առեղծվածը. խոսքը նույն Պետրոս Մաքեյանի մասին է, որը ոտքը ֆուտբոլային խաղի ժամանակ է կոտրել, եւ որին «Էրեբունի» հիվանդանոցում տեսակցության էր եկել Հովհաննես Թոքմաջյանը։ Չվախենաք…

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031