Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվեց մի աղավնու համար

Հուլիս 24,1998 00:00

Տասնութամյա պատանի Արտյոմն ակնդետ հետեւում էր ամառային եթերում գեղեցիկ սավառնող ճերմակաթույր աղավնուն՝ ըմբոշխնելով նրա սահուն թռիչքի պարգեւած բերկրանքը։ «Սա որտեղի՞ց հայտնվեց», մտածում էր պատանին՝ աչք չկտրելով աղավնուց։ Քա՞ղցն էր պատճառը, թե եղբոր հրացանը գործածելու, կրակելու գայթակղությունը, դժվար է ասել, բայց վայելչատես պատանին անմիջապես վերցրեց հրացանը եւ, փողն ուղղելով սավառնող աղավնուն՝ կրակեց… Աղավնին ցած ընկավ քարի կտորի պես։ Հաջորդ րոպեներին նա փետրահան արեց աղավնուն, թեթեւակի խորովեց եւ ըմբոշխնեց։ Ո՜վ գիտե, մտածե՞ց արդյոք, որ 500 դրամ արժեցող այդ աղավնու համար իր ջահել, գարուն կյանքով պիտի հատուցի։ Արտյոմը ե՛ւ գեղեցիկ էր, ե՛ւ լավ մարզված, եւ նրա ատլետիկ կազմվածքը վատ չէր կատարում ավտոմեքենա վերանորոգողի ոչ թեթեւ աշխատանքը։ Աղավնուն սպանելը ես բնավ չեմ համարում հանցանք, այլ՝ թեթեւ զանցանք եւ խորապես գնահատում եմ ռոբինհուդյան դիպուկությունը ոչ թե նետով, այլ հրացանի գնդակով։ Որքա՜ն մեծ ծառայություն կմատուցեր այդ պատանին մեր ազգային բանակին, եթե ընչաքաղց չարագործը կարողանար ներել Արտյոմին կամ գոնե կրկնակի գին պահանջեր։

Աղավնու տերն ապրում էր Խ. Աբովյանի (Քանաքեռ) տուն-թանգարանի մոտ։ Տասնյոթամյա պատանի աղավնապահն իր աղավնուն սպանելն ընդունեց իբր ծանր ողբերգություն, չարիք եւ իրեն հասցված ծանր անարգանք։ Երկու ընկերների հետ հայտնվում է Արտյոմի տան մոտ, բացատրություն պահանջելու կամ, ավելի ճիշտ՝ աղավնասպանին պատժելու։ Ընդհանուր լեզու չգտնելով՝ սկսվում է անխիղճ ու անմարդկային ծեծկռտուքը։ Ես մեղադրում եմ ուղտի ականջում քնած թաղային հսկիչ-ոստիկանին, պատանիների ծնողներին, որոնք չեն օգնել երիտասարդներին հաշտվելու եւ միմյանց ձեռք մեկնելու։ Արտյոմը ծեծում է երեք տղաներին, որոնք չէին ուզում ներել իր կատարած զանցանքը։

Ցավալի է մտածել, որ մարդ կարող է այնքան ագահ, անխիղճ եւ անզիջում լինել, որ աղավնու պատճառով ձգտի ոչնչացնել իր նման մեկին։ Ուղղակի քրիստոնեական ներողամտությունն է պակասում աղավնապահ պատանուն եւ նրա ընկերներին, որոնք նրան հանգստացնելու, ներման քարոզ ասելու փոխարեն՝ էլ ավելի են դրդել, հրահրել պատժելու աղավնուն սպանողին։ Մեղադրում եմ թե՛ Արտյոմին, թե՛ աղավնատիրոջ ընկերներին՝ անհեռատեսության մեջ։ Ծեծկռտուքը կրկնվում է՝ ավելի ու ավելի ահագնացող թափով։

1998 թ. հուլիսի 16-ին մի քանի երիտասարդներ հրավիրում են Արտյոմին նստելու իրենց ավտոմեքենան՝ «որոշ հարցեր պարզելու»։ Մեկնում են Զանգվի ձորը, այնտեղ, ուր Կորեայի մանկատունն է եղել։ Ավտոմեքենայից Արտյոմին իջեցնելուն պես՝ նրան շրջապատում են, ձեռքերը ոլորելով հետ տանում, որ չպաշտպանվի եւ աղավնատերը, թող նզովյալ լինի նա, դանակի շեշտակի հարվածներով սպանում է Արտյոմին՝ խողխողելով սիրտը։ Մարդասպանը փախուստի մեջ է, իսկ նրան օգնող, Արտյոմի ձեռքերը ոլորող մեղսակիցը ձերբակալված է։ Այն պատանիներն ու երիտասարդները, որոնք ձեռք են բարձրացնում իրենց հայրենակցի վրա՝ թուրք են, նզովված հայ ժողովրդից։ Այո՛, երկու-երեք ընկույզի համար մարդ սպանող քանաքեռցին աղավնու համար էլ մարդ կսպաներ։ Առաջարկում եմ Քանաքեռի թաղապետին նման ընտանիքներին վտարել Քանաքեռից, բնակեցնել սահմանամերձ վայրերում, ուր կարող են չափվել արյունռուշտ թշնամու հետ։ Քաղաքում ապրելու իրավունք չունեն այն ծնողները, որոնք ապագա մարդասպաններ են աճեցնում։

Ս. ՇԱԹԻՐՅԱՆ

Հ.Գ. Խորապես մեղավոր է Քանաքեռի ոստիկանությունը, որը հեռու չէ ծեծկռտուքի, տուրուդմբոցի վայրից։ Հաճախ սպասում են, որ լուրջ դեպք լինի, նոր միայն միջամտեն, կամ պարզապես սպասում են շահույթի։ Մի՞թե մի քանի անգամ կրկնվող ծեծը կարող է աննկատ մնալ։ Ինչո՞ւ զգոն չեն։ Արտյոմի մահը եւ մյուս զոհի՝ աղավնատիրոջ ողբերգությունը ոստիկանության վատ աշխատանքի հետեւանքն են։ Եթե ինձ հարցնեն, ապա պատանիներից ավելի մեծահասակներն են մեղավոր, որ նման դեպքերը չեն կանխարգելում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031