Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՐԺԵՔԸ

Հուլիս 24,1998 00:00
shuka

Միջազգային աճուրդները սկսվում են սովորական երեւույթ դառնալ։ Երկրիս ղեկավարությունը երեւի պարզել է, որ տեղացի սեփականատերերից «խեր» չկա։ Մյուս կողմից էլ արդեն վերանում է սեփականաշնորհման սերտիֆիկատների շրջանառություն մտցված խմբաքանակը։ Սեփականաշնորհումն այլեւս ընթանալու է «նաղդ» փողով։ Այս պարագայում կարեւորվում է միջազգային աճուրդներ կազմակերպելու պրակտիկան։ Այս ոլորտի որոշակի փորձ արդեն կա։ Մինչ այսօր օտարերկրյա գնորդներին առաջարկվել է 18 ձեռնարկություն։ Դրանցից 8-ի սեփականաշնորհումը դեռ ընթացքում է։ Մեր գործարաններն ու տարածքները արտասահմանում վաճառելը հեշտ բան չէ։ Առաջարկված հինգ ձեռնարկություն այդպես էլ գնորդ չգտավ (մեկը, ընդ որում, ապարդյուն աճուրդի է հանվել երկու անգամ)։ Միջազգային աճուրդով կայացել է 4 օբյեկտի սեփականաշնորհում։ Դրանցից մեկը հայտնի է իր քրեական հետեւանքներով, մյուսը՝ քաղաքական քննարկումների աղմուկով։ Այս աղմուկը հնարավոր է, որ որոշակի իրական հիմքեր ունի։

Առաջին անգամ

1994 թվականից սկսված սեփականաշնորհման պատմության մեջ առաջին անգամ ներսում ավելի քիչ ձեռնարկություն է ներկայացվել, քան միջազգային աճուրդի։ Աճուրդի կենտրոններում այսօր ընթանում է ընդամենը յոթ բաժնետիրական ընկերությունների բաժնեմասերի բաժանորդագրություն։ Դրանցից չորսն ընդամենը հուլիսի 21-ին է հանվել սեփականաշնորհման։ Այս ցուցակում ընդամենը մեկ «հանրաճանաչ» ձեռնարկություն կա՝ «Երեւանի ալրաղաց» պետական ՓԲԸ-ն։ Մյուսները համարյա անծանոթ, նույնիսկ անհայտ ու անհասկանալի ձեռնարկություններ են։ Սեփականատերն այդ ձեռնարկությունների «զբաղմունքի» մասին մոտավոր պատկերացում չի կարող կազմել անգամ ձեռնարկության ազդագրերի մանրամասն ընթերցումից հետո էլ։ Օրինակ, ապապետականացվողների թվում է Արմավիրի «Տարոն» ՓԲԸ-ն։ Ըստ ազդագրի, ձեռնարկությունը զբաղվում է կահույքի, մետաղյա իրերի արտադրությամբ, «մասնագիտացված այգեգործության աճեցումով, բնակչության պատվերով բնակարանների վերանորոգմամբ»։

Դժվար որեւէ մեկն ըմբռնի, թե ինչպես է աճեցվում մասնագիտական այգեգործությունը։ Կամ, ասենք, ինչու են բնակարանները վերանորոգվում միմիայն բնակչության պատվերով (կան, ասենք, կազմակերպություններ, որոնք նույն գործն անում են առանց բնակչության պատվերների)։ Այս բոլոր անհասկանալի բաները ապացուցում են, որ սեփականաշնորհման գործընթացի հույսը սովորական քաղաքացիները չեն։ Իսկ ոչ սովորականներից ամենաարտասովորները հարկավ արտասահմանյան քաղաքացիներն են։ Նրանց առաջարկվող օբյեկտներից ամենահրապուրիչները Երեւանի թիվ 1 եւ 2 շուկաներն են՝ Մաշտոցի պողոտայի եւ ԳՈՒՄ-ի հարեւանությամբ գտնվողների մասին է խոսքը։

Անցում կոլխոզից գյուղատնտեսություն

Նախկին կոլտնտեսային շուկաներն այսօր ավելի բարեհունչ անուն են կրում եւ աճուրդի են հանվել «գյուղատնտեսական մթերքների շուկա» անվան տակ։ Ենթադրվում է, որ այս աճուրդները եւս անաղմուկ չեն անցնի։ Նախ շուկաները աճուրդի են հանվել՝ առաջին հայացքից պատկառելի գումարով։ Մաշտոցի պողոտայի շուկայի նախնական գինը մոտ 2,8 մլն դոլար է, մյուսինը՝ մոտ 4,2 մլն դոլար։ Շուկաները սեփականաշնորհման ցուցակ են մտցվել տնօրենների բուռն դժգոհության պարագայում։ Նրանց կարծիքով տեղացիներն ի վիճակի չեն այդքան մեծ գումարներ մուծելու։ Նրանք նաեւ պնդում են, որ երկու շուկաները միասին մոտ 2 հազար աշխատատեղ են։ Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին շուկայում սեփական արտադրության պտուղբանջարեղեն վաճառող գյուղացի համարյա չկա, ապա այս աշխատատեղերը կարող ենք վերագրել երեւանաբնակներին։

Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ ապագա սեփականատերը աշխատատեղեր ապահովելու պայման չի ունենալու։ Իսկ այս պարագայում միանշանակ կարելի է ասել, որ շուկաների մրցույթի նախնական գները նվազեցված են. թիվ 1 շուկայի դեպքում մեկ քառակուսի մետրի արժեքը մոտ 400 դոլար է, թիվ 2-ի՝ 300 դոլար։ Այս թվերը հաշվարկողները հավանաբար հաշվի են առել անշարժ գույքի արժեքը քաղաքի կենտրոնում։ Կենտրոնում բնակելի տարածքների մեկ քառակուսի մետրը հենց այդքան էլ արժե։ Սակայն գրասենյակների եւ բիզնեսի համար պիտանի տարածքների արժեքը միանգամայն այլ է։ Այս պարագայում նվազագույն գինը մոտ 800 դոլար է։ Եթե վստահեինք միջազգային մրցույթ կոչվածին, ապա կարող էինք ասել, որ այն ինքը կորոշի շուկաների տարածքի իրական արժեքը։ Սակայն մեզանում ցանկացած ձեռնարկության աճուրդային գնի նախնական հաշվարկը կատարվում է գնորդի անձին եւ հնարավորություններին համապատասխան։ Իսկ այս պարագայում նույնիսկ շուկայական տնտեսության անվան տակ չեն կարող որոշվել շուկաների իրական՝ շուկայական արժեքը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031