Երեկ Ժուռնալիստի տանը Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց հայաստանյան մամուլի իր մոնիտորինգի արդյունքները։
Մամուլի այս դիտարկումը, որի նպատակն է «զբաղվածներիս» ծանոթացնել հայաստանյան մամուլի աշխատանքներին (թեպետ հետո կարծիք հայտնվեց, որ այն ամենից շատ պետք կգա Հայաստանի ազգային հեռուստատեսությանը) կատարվել է 1998 թ. մայիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Մամուլում նկատված դրական միտումներից ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նախ նշեց «քաղաքական նեյտրալության» փաստը, չեզոքությունը քաղաքական գործիչների նկատմամբ, երկրորդը՝ գովազդի ծավալի մեծացումը. «Օրինակ, «Իրավունք» թերթում գովազդը գրավում է թերթի տարածքի 19,84 տոկոսը։ Դա դրական միտում է, որովհետեւ եթե մենք ասում ենք, որ հայաստանյան մամուլը ինչ-որ տեղ պետք է միջազգային ստանդարտներին մոտենա, ապա նույնիսկ քաղաքական թերթերում (չեմ խոսում դեղին մամուլի մասին) առաջատար երկրներում 40-70 տոկոսը գրավում է գովազդը»։ Իհարկե, հաշվարկներում նկատի է առնվում նաեւ այն, որ մեր թերթերի ծավալները փոքր են։ Նաեւ ասենք, որ գովազդների շատանալու միտումը խոսում է այն մասին, որ բիզնեսից դեպի մամուլ «ինչ-որ ֆինանսներ են հոսում», եւ դա մամուլի անկախության գրավականներից մեկն է։
Թռուցիկ
Համառոտ այն մասին, թե որ թերթում որ թեման է ավելի շատ «տեղ զբաղեցնում»։
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետութուն» – առաջին տեղում (հատկացված ծավալի առումով) մշակույթն է (հասկանալի պատճառով), երկրորդում՝ գովազդը, երրորդում՝ տնտեսական թեմաները։
«Ռեսպուբլիկա Արմենիա» – առաջին տեղում տնտեսական թեմաներն են (այս թերթում, ինչպես պարզվեց, առաջատարները տնտեսական ոլորտի լրագրողներն են)։ Նշենք նաեւ, որ «ՌԱ»-ի կողմից ընթերցողին առաջարկվող տեղեկատվության «օգտակար գործողության գործակիցը» իջնում է սխալների, անճշտությունների, հերքումների առատությունից։ Այստեղ հաճախակի հանդիպող երեւույթ է նաեւ միեւնույն տեղեկատվության կրկնությունը։
«Երկիր» – չնայած իր կուսակցական կարգավիճակին՝ մեծ ուշադրություն է դարձվել տնտեսական թեմային (ներքին քաղաքականությանն առնչվող թեմաներից 2 անգամ ավելի)։
«Ազգ» – առաջին տեղում սոցիալական թեմատիկան է (այս առումով միակ թերթն է)։
«Առավոտ» – ամենից շատ մակերես է տրամադրվել միջազգային կյանքին, երկրորդ տեղում ներքին քաղաքականությունն է, երրորդում՝ գովազդը։
«Հայոց աշխարհ» – այստեղ, միջազգային կյանքից հետո՝ երկրորդ տեղում սպորտն է (պատճառը, թերեւս, հակվածությունն է բասկետբոլի նկատմամբ)։
«Գոլոս Արմենիի» – այս թերթի մասին նշվում է, որ աչքի է ընկնում հրապարակումների՝ իշխանությունների նկատմամբ խիստ քննադատական ուղղվածությամբ։
«Հայք» – առաջին տեղում գովազդն է (սա բնորոշ չէ կուսակցական հրատարակությանը)։
«Իրավունք» – ինչպես հատուկ է կուսակցական մամուլին, առաջին տեղում է ներքին քաղաքականությունը։
«Այժմ» – ամենաքաղաքականացված շաբաթաթերթն է։ Էլեկտրոնային մամուլից վերցվել է մեկ պետական եւ մեկ մասնավոր հեռուստահաղորդում։
«Լրաբեր» – ամենաշատ ժամանակը տրամադրվել է տնտեսությանը, մշակույթին, գովազդին, այնուհետեւ՝ արտաքին քաղաքականությանը։ Այստեղ հիշատակումների առումով քաղաքական գործիչներից առաջին տեղում է Արմեն Դարբինյանը, երկրորդ տեղում՝ Ռոբերտ Քոչարյանը, երրորդում՝ Խոսրով Հարությունյանն ու Վարդան Օսկանյանը։
«Այբ-Ֆե» – առաջին եռյակում են իրավունք-իրավապահպանություն-պաշտպանություն- անվտանգությունը, մշակույթը եւ արտաքին քաղաքականությունը։ Հաղորդման առանձնահատուկ գծերն են՝ դինամիզմը եւ ստուդիական տեսագրությունների բացակայությունը։
«Լուրեր» (ՀԱՌ) – առաջին տեղում է տնտեսական թեման, հետո մշակույթը եւ արտաքին քաղաքականությունը։
Բուլվարային ոճը փրկում է
Պարոն Նավասարդյանի հավաստմամբ Հայաստանում նույնիսկ լուրջ մամուլը գնում է բուլվարային ուղիով։ Սա բացատրվեց նախեւառաջ ռուսական մամուլի ազդեցությամբ. «Ռուսական մամուլում վերջին 2-3 տարվա ընթացքում իշխում է ծաղրանքը, եւ այլն, եւ այլն (չնայած՝ բարձր որակի)։ … Սակայն մեզ մոտ հաճախ ոճը վերցվում է, բայց որակը՝ ոչ»։ Երկրորդ՝ լրագրողն այս ոճն օգտագործելով առավել մեծ ուշադրություն է գրավում։ Եվ հետո՝ «դա ավելի հեշտ է»։
Ինչքան որ մաղձ կա մեր սրտում, բոլորը՝ քեզ
Բուլվարային մամուլի կոնկրետ օրինակ պահանջելով՝ լրագրողների մեծ մասը (համոզված եմ, քանզի հետո չէին էլ թաքցնում) «Առավոտն» ի նկատի ուներ։ «Քանի որ այսօր ժուռնալիստիկայի ոճ ստեղծող հիմնական թերթը «Առավոտն» է, բնական է՝ նա առաջատար է։ Պրոֆեսիոնալ առումով՝ եթե ոչ առաջին, ապա առաջին եռյակի մեջ գտնվող թերթն է, չնայած՝ «Առավոտն» ինքը շատ բացահայտ ասում է, որ «դա է մեր ոճը», բայց բուլվարային է, թե ոչ (գուցե ինքը այդպես չի համարում), դա այլ հարց է. միջազգային ստանդարտներով, այո՛, բուլվարային է։ Նույն «Առավոտը» մնալով առաջատար, երբ որ ժուռնալիստիկայի լուրջ պահանջ լինի նույնպես առաջատար կլինի եւ առաջինը կկարողանա կիրառել ժուռնալիստիկայի ողջ սկզբունքները»,- ասաց պրն Նավասարդյանը։ «Առավոտի» հանդեպ իր բողոքն ու զայրույթն արտահայտեց «Երկիր» թերթի թղթակիցը՝ հատկապես դժգոհելով «քֆուր», «քյաստըմ» եւ նմանատիպ «բենզինային» բառապաշարից։ Այնուհետեւ ավելացրեց, որ «Առավոտ» կարդալն իր համար հավասար է «արեւածաղիկ չրթելուն»։ Խոսք եղավ այն մասին, որ եթե «Առավոտում» գրվում է Աննա Իսրայելյանի՝ Վազգեն Սարգսյանի գլխին ջուր լցնելու մասին, դրակա՞ն է գնահատվում, թե՞ ոչ (հարցը տվեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը)։ Ակումբի անդամները նախ հիշյալ «քայլը» դրական գնահատեցին (քանի որ Վարդավառի տոնին էր դեպքը կատարվել) եւ բացատրեցին, որ ընդհանրապես գնահատման ժամանակ հաշվի չի առնվում տողատակը…
Շեղում
Ակումբի անդամները դժգոհեցին «Առավոտի» «Վարկած» խորագրի հատկապես վերնագրերից։ Շարունակելով վերնագրերի թեման, ավելացրին. «Արմենպրեսի» չեզոք ինֆորմացիայի վրա մի այնպիսի վերնագիր են դնում, որ ուղղությունն ամբողջովին փոխվում է»։ «Առավոտի» ոսկորները լվանալու պահին «Արմենպրեսի» թղթակիցն ականջիս «Marlboro»-ի պատմությունը պատմեց. «Երբ սիգարեթի բոլոր ֆիրմաներն սկսում են իրենց գովել, «Marlboro»-ն ոչ մի ձայն չի հանում, բայց հետո պարզվում է, որ բոլորի գրպանում «Marlboro» է։ Հիմա բոլորը քննադատում են «Առավոտին», բայց հենց մոտենում են կրպակին, առաջինը «Առավոտ» են վերցնում…»։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ