Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի «ո՞վ է այն տղամարդը» արտահայտությանը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասաց. «Երբ որ մեկն իր տղամարդ լինելու մասին շատ է խոսում, դա միշտ կասկածներ է առաջացնում»։ Իսկ թե ո՞վ է այդ տղամարդը եւ ով ում մեջ է նրան տեսնում, նկատի ունենք կուսակցությունները, կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։ ՀՅԴ-Ն ԿԻՋՆԻ ՔԱՂԱՔ «Առավոտը» թեպետ արձանագրել էր, որ դաշնակցության հայաստանյան մարմնի հուլիսի 10-ին սկսված Գերագույն ժողովը տեղից տեղ չի քոչելու, սակայն, ըստ էության, սխալվել էր։ Կառավարության նիստերի դահլիճում սկսված ՀՅԴ ԳԺ-ն այնուհետեւ տեղափոխվեց կապի նախարարության շենք, իսկ հիմա մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում է հանգրվանել։ Այս ամենը, սակայն, այլեւս քաղաքական հալածանքների հետեւանք չէ, այլ՝ շոգի։ Ինչեւիցե, շաբաթ օրը դաշնակցականները Ծիծեռնակաբերդի բարձունքից նորից կիջնեն քաղաք, որովհետեւ համալիրի նշյալ դահլիճում անցկացվելու է հարսանյաց հանդես։ ԴԻՊՈՒԿ ԶՈՒԳԱՀԵՌ Ինչպես հիշեցրեց «Արմենպրեսի» թղթակիցը «Առավոտի» թղթակցին, «երբ սիգարետի բոլոր ֆիրմաներն սկսում են իրենց գովել, «Marlboro»-ն ոչ մի ձայն չի հանում, բայց հետո պարզվում է, որ բոլորի գրպանում «Marlboro» է»։ Թե ինչին էր վերաբերում մեր գործընկերոջ այդ համեմատությունը, կարդացեք 5-րդ էջում։