Ապրանքի իրացման խնդիրը
Գյուղատնտեսության նախարարությունը, ըստ գյուղնախարար Վլ. Մովսիսյանի, ունի երեք կարեւոր խնդիր՝ կապված գյուղմթերքների հետ։ Առաջինը սպասարկումների խնդիրն է՝ վարը, ցանքսը, վառելանյութը եւ այլն։ Երկրորդը վարկավորման ու ապահովագրության հարցն է, եւ երրորդը՝ ապրանքի իրացման խնդիրը։ Եթե գյուղացին չկարողանա իրացնել ամիսների իր չարչարանքի արդյունքը, ապա մյուս տարի չի ուզենա կատարել նույն սիզիփոսյան աշխատանքն ու կասի Համո Սահյանի բառերով.
Ես տքնեցի համառ, ես տքնեցի անդուլ,
Բայց իմ տքնությունը զուր անցկացավ։
Ապրանքի իրացման խնդիրն այսօր հիմնահարց է. երկաթգիծը չի աշխատում, որ մթերքը արտահանվի հյուսիս, ինչպես Սովետական Միության տարիներին, գործարանները նախորդ մի քանի տարիներին իրենց ընդունած խաղողի, ծիրանի, պոմիդորի պարտքերը դեռ չեն մարել, եւ «խաբված ավանդատուները» գերադասում են, իրենց բառերով ասած, «մթերքը 30 դրամով թափել բիրիքնոցում», քան հանձնել գործարան։ Դա չէ՞ պատճառը, որ ամառվա կեսն է, բայց պոմիդորի արժեքը 150-200 դրամ է։ 30 դրամով բերք ծախելով ի՞նչ օգուտ կունենա հողագործը։
Կարդացեք նաև
«Ծախեմ, որ ի՞նչ առնեմ»
Այսպես մտածելով, մարդիկ, հատկապես Արարատյան դաշտավայրում, սկսեցին համատարած ցորեն ցանել, որ գոնե «հացը տնից լինի»։ Անցած տարի իրենց ավելցուկ ցորենը գործարան հանձնած հողագործները գոհ էին. գործարանն ընդունում էր կիլոգրամը 100և107 դրամով, եւ, որ շատ կարեւոր է, կանխիկ գումարով։ Այս տարի ցորենի մթերման գործում լուրջ խոչընդոտ կա։ Պարզաբանում է նախարարը.
– Այս տարի սպասվում է հացահատիկի շուրջ 350.000 տոննա բերք, անցած տարվա 258.000 տոննայի փոխարեն։ Անցած տարի մթերվել է շուրջ 27.000 տոննա ցորեն, որից 7000-ը՝ Ղարաբաղից։ Այս տարի նախատեսվում է ընդունել 30.000 տոննա։ Ձեր նշած բարդությունը առաջացել է այն պատճառով, որ հանրապետություն է ներկրվել ավելի շատ ալյուր, եւ այստեղ աղացած ալյուրը չի վաճառվում։ Տեսեք, եթե անցած ամբողջ տարվա ընթացքում ներմուծվել էր 100.000 տոննա ալյուր, այս տարի արդեն՝ 90.000 տոննա։ Ավելի շահավետ է ալյուր վաճառելը, քան՝ ստանալը, ցորեն բերելը, էներգիա ծախսելն ու աղալը ավելի թանկ գործ է։ Շուկայում ներկրված ալյուրը էժան է, մեր աղացածը՝ թանկ։
Հերթը հասավ ցորենի՞ն
Պարոն Մովսիսյանը համաձայն չէ իմ այն մտահոգությանը, որ խաղողից, ծիրանից, պոմիդորից հետո հերթը հասել է ցորենին, եւ այս մի մշակաբույսի աճեցնելն էլ է դառնում անօգուտ։ Նախարարությունը այս հարցը շտկելու համար աշխատել է երկու ուղղությամբ. մաքսային վարչության հետ պայմանավորվել, որ բարձրացվեն ալյուրի մաքսային հսկիչ գները, եւ, մյուս կողմից, պատրաստում են առաջարկություն, համաձայն որի ցորենի իրացման ամբողջ շղթան պիտի ազատվի ավելացած արժեքի հարկից. այս խնդրով աշնանը «մտնելու» են խորհրդարան։ Աշնա՞նը… Լա՛վ։ Իսկ մինչ այդ հողագործը չգիտի ինչ անի ավելցուկ ցորենը. հանապազօրյա հացից բացի նաեւ «հանապազօրյա» հարկեր, վարձեր ունի եւ բարեխղճորեն «մուծվում» է։
Նախարարի լավատեսությունը հուսադրող է.
– Իմ ասած միջոցառումները կբերեն ցորենի շուկայի կայունացման՝ 95և100 դրամը այսօրվա ամենաօպտիմալ գինն է։ Գործարաններն իրենց ալյուրը կծախեն եւ կսկսեն ցորեն գնել։ Հետո, գործազրկության խնդիրը կթեթեւանա. Երեւանի ալրաղացում միայն 327 մարդ է աշխատում։
«Հավ, խոզ պահեք»
Ցորենի 25% ավելցուկի, թեփի հաշվով պարզվեց հետեւյալը. անցած տարի թեփի արժեքը 30 դրամից իջավ մինչեւ 27 դրամի, եւ էլի չէր վաճառվում։ Նախարարն ասաց, որ իրենց հաշվարկներով գինը 57 դրամից չի անցնելու։ Իմ այն դիտարկման առիթով, թե դա կխթանի անասնապահությունը, պրն Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց, որ իրեն «անասնապահություն եմ բացատրում»։ Ես էլ շնորհակալություն եմ հայտնում «Գյուղական հորիզոնների» ընթերցողներին ու տեղեկացնում, որ շարունակաբար անդրադառնալու ենք ե՛ւ ցորենի, ե՛ւ կարտոֆիլի մթերման խնդիրներին, թե որքանով արդյունավետ՝ դատեք ինքներդ։
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ