Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ԵՎ ՆԱ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Հուլիս 24,1998 17:45
soc

ՀՀ վարչապետ պարոն Ա. Դարբինյանին
ՀՀ սոցիալական ապահովության նախարար
պարոն Գ. Եգանյանին
Ձեզ ենք դիմում՝ հույսով, որ լռության չեք մատնի մի ամբողջ կոլեկտիվի խնդրանքը։
Մեր կենտրոնի տնօրեն Գուրգեն Խալաթյանին ազատեցին աշխատանքից իբրեւ վատ աշխատելու համար՝ կանոնադրական պարտականությունները չկատարելու համար։ Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք նրան ճանաչում ենք որպես բանիմաց, աշխատասեր, պատասխանատվության զգացումով ղեկավարի։
Սոցիալական ապահովության նախարարությունը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի մասնագետների հետ, հանրապետությունում առաջինը Շենգավիթի սոցապ բաժնում 94 թվից ձեռնամուխ եղան համակարգիչների ներդրմանը։ Մենք աշխատել ենք ծանրաբեռնված, արտաժամ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ հարգելով Խալաթյանին, տեսնելով, թե ինչպես է նա ցավում գործի համար։ Երբեք ոչինչ չի պարտադրվել ղեկավարի հրամայող կեցվածքով։
Նա սկզբունքային մարդ է եւ միշտ գործել է օրենքի սահմաններում։ Դա կհաստատեն ե՛ւ տարածքի թոշակառուները, ե՛ւ գործատուները, ե՛ւ ղեկավարությունը։
Ակնհայտ է, որ այսպիսի մարդիկ ոչ բոլորի համար են հանդուրժելի։ Այսօր մեր ողջ կոլեկտիվը հուսախաբ է, քանի որ աշխատանքից ազատում են մի մարդու, որը ե՛ւ ազնիվ է, ե՛ւ մասնագիտական բարձր մակարդակ ունի, որի մասին բազմիցս ղեկավարությունն էլ է արտահայտվել։
Մենք որոշել էինք, ի նշան բողոքի, վաղվանից չաշխատել, սակայն պարոն Խալաթյանը կանխեց՝ ասելով, որ աշխատում ենք թոշակառուների համար, ոչ թե հիմնադրամի, որ պետք չէ նրանց դնել դժվար կացության մեջ։ Խնդրում ենք խնդիրը հասարակ չհամարել եւ աջակցել մեր տնօրենին՝ իր պաշտոնում վերականգնվելու համար։
Նամակը ստորագրել են
կոլեկտիվի 28 անդամներ
Բաց նամակ բաց նամակի հետեւից հասցեագրվում են ՀՀ նախագահին, վարչապետին, նախարարներին, այլեւայլ պաշտոնյաների։ Գրեթե բոլոր նամակագիրները համոզված են, որ թերթի միջոցով իրենց ասածը ազդեցություն պիտի ունենա։ Սպասված ազդեցությունը, սակայն, որպես կանոն, այդ նամակները չեն ունենում. դրանց մի մասը խորիմաստ լռության է մատնվում, իսկ մյուս մասն էլ արժանանում է առնվազն տարօրինակ
պատասխանի (ինչպես, օրինակ, սոցապ նախարար պարոն Եգանյանի՝ այս էջի «նկուղում» հրապարակված պատասխանն է)։ Այսուհանդերձ՝ չենք կարծում, թե կենսաթոշակներին առնչվող հարցին, որից բազում ենթահարցեր են ճյուղավորվում, վերջակետ է դրված։ Խոսակցությունը կարծես թե նոր է սկսվում։
ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության
հիմնադրամի նախագահ պարոն Զ. Սարգսյանին
Դուք ինձ ազատեցիք աշխատանքից իմ ներդրումը կենսաթոշակային հիմնադրամում անբավարար համարելով։ Այդ գնահատականը հեռու է արդարացի լինելուց։
Իրականությունն այն է, որ Դուք առաջնորդվում եք այլ չափանիշներով, քան պետության եւ թոշակառուի շահերը։
Ի սկզբանե, իմ նշանակումը կենտրոնի տնօրենի պաշտոնում, Ձեզ համար անցանկալի էր, եւ բոլոր միջոցներով աշխատել եք ապացուցել, որ պիտանի չեմ այս աշխատանքի համար։ Ձեզ համար գնահատելի են անձնական նվիրվածությունը (ավելին՝ ազգական լինելը), լռելու, գլուխ խոնարհելու, սեփական կարծիքը խորքի գրպանում պահելու հատկանիշները։ Ձեզ շրջապատող աշխատակիցները գերադասում են լռել՝ հասկանալով, թե ինչ հետեւանքներ կունենա առարկելը։ Իրենց մտահղացումները, առաջարկները չեն համարձակվում ներկայացնել՝ ծաղրում եք։ Ձեր գործելակերպը եւս արատավոր է՝ խորհուրդ եք տալիս բաժնում «լրտես» ունենալ. առանց անհարմար զգալու առաջին իսկ ընդհանուր ժողովում ասացիք՝ որ ասեմ անօրինականություն մի արեք, «միեւնույն է՝ անելու եք, այնպես արեք, որ աղմուկ չլինի»։ Սա այն առիթով, երբ Գյումրիի կենտրոնի տնօրեն նշանակված Ձեր ընկերը բռնվեց կաշառք վերցնելու գործով, նշանակման առաջին շաբաթում։ Մինչդեռ, հենց Ձեր գործունեության սկզբում, երբ դեռ չկար սոցապ բաժինևկենսաթոշակային հիմնադրամ հիբրիդը, գործատուներին տրվող հաշվետվության բլանկները Ձեր ղեկավարած բաժինները վաճառում էին 1000 դրամով։ Նույնը վերսկսել է իմ տեղում նշանակված նոր տնօրենը։
Նման բաներ թույլ չէի տալիս, բնականաբար, պետք է ազատվեիք ինձնից։ Ձեր աշխատակազմը կրկնակի ավելացրել եք բաժիններում պարբերաբար կրճատումներ անելու հաշվին։ Գործատուները շրջանցում են տարածքային բաժինը, պայմանավորվածություններ ձեռք բերում վարչության հետ բարտերային եւ այլ գործարքների մասին, ի չիք դարձնելով բաժնի ջանքերը։ Վարչությունն իրար կրկնող բազմաթիվ հաշվետվություններ է պահանջում, որի իմաստը պետք է լինեին վերլուծությունները, աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Սակայն, ցավոք, որեւէ վերլուծական աշխատանք չի արվել։ Այլապես ինչպես բացատրել, որ բոլորովին հաշվի չեն առնվել Շենգավիթի տարածքի առանձնահատկությունները՝ խոշոր արդյունաբերական օբյեկտներ, որոնց նկատմամբ կառավարությունը անհատական մոտեցում է ցուցաբերում։ Այս մասին ես Ձեզ ծավալուն զեկուցագիր եմ տվել, որն արժանացել է բազմաթիվ այլ նամակների բախտին՝ անուշադրության, քանզի Ձեզ համար կարեւոր է ոչ թե աշխատանքը, այլ՝ սեփական փառասիրությունը։ Եթե վերլուծենք գումարների մուտքերի չափը 97 թվի հունվարից առայսօր, կտեսնենք, որ դրանք գրեթե չեն տատանվում եւ պարզորոշ ուրվագծում տարածքում խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վիճակը, իսկ որոշ ամիսների կտրուկ աճերը կապված են կառավարական որոշումների հետ, այսպես՝
1. 97 թվի առաջին եռամսյակի աճը կապված է կառավարության թիվ 394 որոշման հետ, որով պարտապան կազմակերպություններին ներվել են տույժերը՝ պարտքերը մուծելու պայմանով։
2. 98 թվի հունիս-հուլիսի աճը կապված է վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ դատախազ Հենրիկ Խաչատրյանի տված հրամանի հետ. աջակցել կենսաթոշակային հիմնադրամի աշխատակիցներին գումարների հավաքագրման հարցում։ Սխալ է այս աճը վերագրել առանձին անհատների։ Ես սոցիալական ապահովության համակարգում աշխատում եմ 91 թվից, եւ դեռ չի եղել որեւէ հարց, որի մասին խուսափեի արտահայտել կարծիքս։ Սոցապ բաժինների՝ կենսաթոշակային հիմնադրամի ենթակայության տակ անցնելուց հետո աշխատանքը բոլորովին անտեսվել է։ Մեթոդական ցուցումները ստանում էինք ամիսներով. նամակը նամակի հետեւից ուղարկելուց հետո։ Կենսաթոշակային վճարումները ստուգելու եւ բարելավելու նպատակով Ձեր կազմակերպած միջոցառումները արդյունք չէին կարող տալ, եւ Ձեր զեկույցը, թե 30 հազարով պակասել է թոշակառուների թիվը, չի համապատասխանում իրականությանը։ Թոշակառուների թիվը պակասել է կենսաթոշակային նոր օրենքով կենսաթոշակային տարիքի բարձր ցենզ սահմանելու արդյունքում։
Անգամ լավ նախաձեռնությունները վերածվում են թոշակառուների համար հոգսի, եթե գործի կազմակերպիչները այլ նպատակներ են հետապնդում։ Ձեր ստեղծած վճարման խմբերը լիովին կրկնում են փոստատան աշխատանքը ե՛ւ դրական, ե՛ւ արատավոր գործելակերպի առումով, միայն այն տարբերությամբ, որ իրենք իրենց վերահսկիչներն են։ Այս միջոցառումն այնքանով է վստահեցնում, որ վճարման խախտումները կվերանան, ինչքանով բարոն Մյունհաուզենը հավատացնում էր, որ ինքն իր մազերից բռնելով, ինքն իրեն դուրս կքաշի ճահճից։ Թոշակի չնչին լինելու մասին խոսում եք ցավակցական տոնով, չխոսելով Ձեր դերի մասին։ Դուք մեծ ջանքեր գործադրեցիք, օգտագործելով Ձեր բոլոր կապերը, տապալելու համար Ազգային ժողովի որոշումը կենսաթոշակի գումարները գանձել նույնատիպ ֆունկցիա իրականացնող հարկային տեսչության միջոցով (որը ճիշտ որոշում կլիներ, տես իմ նամակը 1995 թ. պարոն Շիրինյանին)։ Մեկնաբանություններն ավելորդ են։

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԼԱԹՅԱՆ
Կենսաթոշակային ապահովագրության
Շենգավիթի տարածքային կենտրոնի նախկին տնօրեն
Վստահ ենք, որ կենսաթոշակային հիմնադրամի նախագահն ասելիք կունենա նամակի կապակցությամբ։ Թերթը պատրաստ է տպագրել նրա պատասխան խոսքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031