Լրահոս
Օրվա լրահոսը

100 ՕՐՎԱ ՀԱԼՎԱՆ ՈՒ ՊՂՊԵՂԸ

Հուլիս 24,1998 16:14

Համախոհներն անգամ քննադատում են
Միանշանակ չեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ո՛չ առաջին 100 օրվա գնահատականները, որոնք այս կամ այն չափով հնչել են արդեն, ո՛չ էլ վերաբերմունքն այդ իրադարձության կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում նրա արտահայտած մտքերի նկատմամբ։

Մեր զրուցակիցների թվում են ինչպես Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած, այնպես էլ նրա դեմ հանդես եկած կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ու յուրաքանչյուրն էլ, ըստ հայեցողության, խոսակցության ժամանակ իր նախընտրելի ուղղությունն էր առաջ տանում՝ ասուլիսից խոսել, թե՝ 100 օրից։
Մեր առաջին զրուցակիցը ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն էր։ Նա ասաց, թե ՍԻՄ-ը որեւէ կասկած չունի, որ իսկապես առկա է տնտեսական աճ։ Սակայն դրական զարգացումների մասին Հրանտ Խաչատրյանն իր խոսքն այսքանով էլ սահմանափակեց, ասելով, թե իրենց պաշտպանած թեկնածուին կուսակցության ցուցաբերելիք լավագույն օգնությունը քննադատությունը կարող է լինել։ Մեծ դժգոհություն կա էլեկտրաէներգիայի սակագներից, ավտոմեքենաների պետհամարանիշների փոփոխության բարձր դրույքաչափերից եւ այլն։ Հետադարձ հայացքն էլ արձանագրում է, թե ինչ սպասելիքներ կային Ռոբերտ Քոչարյանից կես տարի առաջ։ Դրա մասին վերջինս քիչ խոսեց իր հաշվետվության մեջ. «Խոսքը վերաբերում է նախորդ ռեժիմի քաղաքական գնահատականին, նախորդ ռեժիմի օրոք հանցանքներ, զանցանքներ կատարած մարդկանց պատասխանատվության կանչելուն, եւ այս ամենն ընդհանրացնելով՝ հանրապետությունում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը»։
Այս ուղղությամբ առկա են մեծ բացթողումներ։ Քաղաքական խորհրդի ստեղծումը եւ անցյալում ընդդիմադիր գործիչների ներգրավումը իշխանության մեջ չի հակակշռում անբարենպաստ տպավորությանը եւ ժողովուրդն էլ հեշտ է տրվում այն սադրանքին, թե «նախկին ընդդիմադիրները, որոնք ներգրավվել են իշխանության օղակներում, նույնպես լծվելու են Տեր-Պետրոսյանի ռեժիմի ստեղծած սայլին։ Համակարգային փոքր փոփոխությունների դեպքում դժվար է լինելու որեւէ մեկին համոզել, թե նախկինում ընդդիմադիր ծրագիրն է իրականացվում»։
Համառոտ խոսք կամ ի՞նչն է
պակասում
Սա ՍԻՄ-ի տեսակետն էր, իսկ ԻՄ-ի դիրքորոշումը Պարույր Հայրիկյանը մի քանի բառով ներկայացրեց. «Բնական համարեցի այդ ասուլիսը»։  Հավելյալ բացատրություններ չհետեւեցին, որովհետեւ նա տեղ էր շտապում։

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի տեսակետն էլ էր մեկ նախադասության մեջ խտանում. «Իմաստ չունի, որ մանրամասն քննարկեմ այս 100 օրը։ Կարծում եմ՝ առիթներ դեռ կլինեն։ Ուղղակի երբ դիտեցի մամուլի ասուլիսի տեսագրությունը, մտածեցի՝ ընդամենը մեկ բան է պակասում՝ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դրոշի վրա գրել՝ «Մեկ զարկեմ, ջարդեմ 1000»։

«Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանն էլ իր հիմնական ասելիքն ամփոփեց մեկ, հավանաբար, բարդ համաենթաստորադասական նախադասության մեջ. «Եթե երկար ժամանակ բացակայած լինեի Հայաստանից եւ դրսում դիտած լինեի ասուլիսը, տպավորություն կստանայի, թե Հայաստանն, իսկապես, հսկայական քայլերով առաջ է գնում, սակայն, զգալով թե՛ մեր տնտեսության, եւ թե՛ քաղաքական զարգացումների զարկերակը, եւ հետեւելով բոլոր գործընթացներին, պիտի ասեմ՝ անընդհատ հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։
Մինչդեռ, չկա ո՛չ քաղաքական, եւ ո՛չ էլ տնտեսական առաջընթաց։ Նույնն է վիճակը նաեւ գիտության եւ մտավոր ներուժի պահպանման առումներով։ Հովհաննես Թոքմաջյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը տվյալներ ներկայացնելով, իր բարի ցանկությունների մասին էր խոսում։

Ընդդիմախոսություն
Մեր հաջորդ զրուցակիցը Մարիա Ներսիսյանն էր՝ «Շամիրամի» փոխնախագահը։ Իբրեւ ճանաչողական գիտելիք ասեմ, որ նա թոռնուհին է հայ մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանի։ Նա ասաց, որ ժողովրդի մեծամասնության հետ անհամբեր սպասում էր այս ասուլիսին։ Ենթադրելի էին նաեւ մատուցումները դրական տեղաշարժերի մասին, ինչը «բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Այդպե՞ս չէ, պարոն նախագահ»։
Իսկ Էդվարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ Պետրոս Մաքեյանի գնահատականներն ամենակոշտն էին։ Նա ասաց. «Հիասթափված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, որը «ազգի ընտրյալն» է, մեր պետությունը եւ ազգը պետք է ներկայացնի թաղի տղի մակարդակով, ինչին ինքը իջավ մամուլի ասուլիսի ժամանակ, 1995 թվականին ինքը եկավ Ղարաբաղից, այսպես ասած Ռոբիկը, ինչպես իրեն այնտեղ են կոչում, եւ հեղաշրջում կատարեց։ Բայց ինքը չի հասկանում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ձեւավորվել էր հեռանալու հասարակական պատվեր։ Նա հասկացավ դա, եւ հեռացավ առանց աղմուկի ու արյունի» (եթե կան այն սահմանագիծն անցնող արտահայտություններ, որոնք Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, քաղաքավարության շեմն են մատնանշում, ապա հիշեցնենք, որ դրանք արտաբերողը քաղաքական գործիչներն են, ոչ թե մամուլը- Ա. Զ.)։
Հայրենասեր ժողովրդավարների ներկայացուցչի խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ էլ է նույն պատվերը ձեւավորվում՝ երկրաչափական պրոգրեսիայով։

Մերձավորների ամբիոն
ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը ներկայացնելով իրենց կազմակերպության տեսակետները, ասաց, թե դրանք զգալիորեն տարբեր են կուսակցության անդամ Աղասի Արշակյանի դիրքորոշումներից։
Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միության ներկայացուցիչները մի կողմից դրական տեղաշարժեր են արձանագրել, իսկ մյուս կողմից էլ դժգոհ են, որ դա չունի ընդհանրական ազդեցության անգամ փոքրիկ գործակից։
ԳիԱրՔՄի-ն դժգոհություն չունի արտաքին քաղաքականությունից, գնահատում է ներքին քաղաքականության մեջ արձանագրվող դրական միտումները, որոնք արտահայտվում են սահմանադրական փոփոխությունների ոլորտում եւ Քաղաքական խորհրդի կազմավորմամբ։ Սակայն այդ ամբողջը դեռ ձեւային մակարդակում է՝ չկա բովանդակություն, չի գործում որեւէ լծակ։
Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին. «Կարեւոր չեն այդ էֆիմեր տոկոսները։ Կան, թե չկան՝ մեզ համար էական չէ։ Կարեւորն այն է, որ որակական տեղաշարժ լինի։ Մենք դա չենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ տնտեսության մեջ եւ սեփականաշնորհման ոլորտում նույն հին մեխանիզմներն են գործում»։
Առանձին ոլորտների նկատմամբ եւս ԳիԱրՔՄի-ն դիրքորոշումներ է մշակել։ Ալեքսանդր Աղամալյանը մասնավորապես փաստեց, թե էներգետիկայի ու քաղաքացիական օդագնացության բնագավառներում կոպտորեն ոտնահարվում է պետության շահը։
Մեր վերջին զրուցակիցը Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Վարդան Պետրոսյանն էր։ Նրա գնահատմամբ. «Այսօրվա հրատապ հարցերին եւ առհասարակ հասարակականևքաղաքական կյանքում առկա հարցադրումներին հիմնականում պատասխան տվող ասուլիս էր դա՝ այսպես ասած, 100 օրվա կտրվածքով։ Որպես այդպիսին, տպավորությունս, անշուշտ, լավ է»։
Վարդան Պետրոսյանի խոսքերով՝ այն, ինչի անդրադարձավ, եւ այն ամենը, ինչ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը. «100 օրվա համար բավարարող աշխատանք է, ինչպես նաեւ հուսադրող, որ կլինի առաջընթաց»։
ՀՅԴ ներկայացուցիչն ամփոփեց ասելով, որ ասուլիսից ընդհանուր տպավորությունը գոհացուցիչ է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031