Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ՝ «ՉԵՂԱԾ ՏԵՂԻՑ»

Հուլիս 24,1998 16:08

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող չուգունի արտադրությամբ Խորհրդային Միությունն աշխարհում առաջինն էր։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող տնտեսական զարգացման ծրագրերի թվով առաջինն, իհարկե, Հայաստանն է։ Բայց խնդիրը միայն ծրագրերի առատությունը չէ։ Դեռեւս Բագրատյանի կառավարության ժամանակներից Հայաստանում նկատվում է զարմանալի մի երեւույթ. որքան տնտեսական ցուցանիշներն աճում են, այնքան բնակչության կենսամակարդակը նվազում է։

Այդ օրինաչափությունը չխախտվեց նաեւ այս անգամ։ Պաշտոնավարման հարյուր օրվա առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսությանը վերաբերող բազմաթիվ թվեր։ Բոլոր ցուցանիշներն անշեղորեն աճում են՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եվ դեռ էլի են աճելու, քանի որ այս տարվա գյուղատնտեսական բերքը լավն է։ Այդ ամենը տրամաբանական է եւ հասկանալի, անկախ նրանից, որ առ այսօր շուկայում վարունգը վաճառվում է այնպիսի գնով, կարծես կորիզները պլատինից լինեն։ Անհասկանալին ահա թե որն է. ըստ նախագահի ներկայացրած թվերի, արդյունաբերության աճը կազմել է 3 %-ից մի փոքր ավելի, արտահանման աճը՝ 30%։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ենք արտահանել, եթե արդյունաբերությունը չի աճել։ Գոյություն ունեն պատասխանի մի քանի տարբերակներ։

Առաջին։ Այն, ինչ նախկինում սպառվում էր տեղում, հիմա արտահանվում է։ Այս դեպքում կամ ներքին սպառումն է պակասել 30%-ով, կամ փոխարենը դրսից է ներմուծվում։ Օրինակ, եթե ենթադրենք, որ հայ ժողովուրդը հագնում է նույնքան կոշիկ, որքան անցյալ տարի, ապա մնում է կարծել, որ այս տարի մենք ավելացրել ենք կոշկեղենի ե՛ւ ներմուծումը, ե՛ւ արտահանումը։

Երկրորդ։ Մենք նախկինում արտադրում էինք, բայց այդ արտադրանքը ոչ մեկին պետք չէր։ Հիմա պետք է։ Դրա համար էլ արտադրության ծավալները չեն փոխվել, բայց արտահանումն ավելացել է։

Երրորդ։ Մենք արտասահմանից որեւէ ապրանք ենք ներմուծում, մի քիչ մեզ մոտ պահում եւ արտահանում։ Այս տարբերակը բավականին պատվաբեր է, որովհետեւ վկայում է, որ մեզ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կարելի է վստահել։

Չորրորդ։ Արտահանվող ապրանքների արտադրության ծավալներն աճել են, իսկ հանրապետության ներսում սպառվողներինը՝ պակասել։ Արդյունքում արտադրության ընդհանուր ծավալները նույնն են մնացել, բայց արտահանումն ավելացել է։ Օրինակ, մենք որակյալ (իբր թե) տոմատն ուղարկում ենք արտասահման, ինքներս օգտագործում պարսկականը։ Այս դեպքում հարց է առաջանում. մեզ ի՞նչ օգուտ տեղական տոմատի արտահանման աճից։

Հինգերորդ։ Մենք, այնուամենայնիվ, մետաղի ջարդոն ենք արտահանում։ Դա միակ բանն է, որ կարելի է արտահանել՝ առանց արտադրելու։ Բայց նախագահը պնդում է, որ մետաղի ջարդոնի արտահանումը նվազել է։ Մենք եւս այդ կարծիքին ենք, նախ՝ որովհետեւ հավատում ենք նախագահին, եւ երկրորդ՝ որովհետեւ մետաղի ջարդոնը վերջանալու վրա է։

Մի խոսքով, տարբերակները շատ են։ Բայց պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ եթե Բուրկինա Ֆասոյում բանանի բերքատվությունը նույնն է մնացել, բնակչության թիվը եւ ախորժակը նույնն է մնացել, բայց բանանի արտահանումը 30 %-ով աճել է, ուրեմն այդ մարդիկ պարզապես ավելի քիչ են բանան ուտում։ Մեզ մոտ այս տրամաբանությունն, իհարկե, չի կարող գործել, որովհետեւ մենք բանանային հանրապետություն չենք։ Ուրեմն ինչպիսի՞ տրամաբանություն է գործում Հայաստանում։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031