Կան հարցեր, որոնց այս կամ այն թերթը փորձում է հետամուտ լինել երկար ժամանակահատվածի ընթացքում: Մեզ համար այդպիսի հարց է Հայաստան մտած եւ անհետացած գումարների ճակատագիրը, որի մասին ավելի քան մեկ տարի առաջ խոսել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Խոսքը, հիշեցնենք, դատաիրավական բարեփոխումների համար ստացած 1 մլն 600 հազար դոլարի, ազատ մամուլի զարգացմանը հատկացված 1 մլն 800 հազար դոլարի եւ ինչ-ինչ հասարակական կազմակերպություններին հասցեագրված 1 մլն 400 հազար դոլարի մասին է:
Իր վերջին ասուլիսի ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ նշված գումարները Հայաստանը իբրեւ պետություն չի ստացել եւ, հետեւաբար, կառավարությունը դրանց նկատմամբ ոչ մի պարտավորություն չունի: Ի դեպ, «Առավոտ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերի հարցերը եւ պատասխանները ասուլիսի հեռուստատեսային տարբերակում մոնտաժվել էին, հավանաբար այն պատճառով, որ Ազգային հեռուստատեսությունը դրանք համարեց ասուլիսի առավել անհետաքրքիր եւ անիմաստ դրվագները: Քանի որ Հայաստանի թե’ նախկին եւ թե’ ներկա նախագահները մեր հարցին տվեցին փաստորեն խուսափողական պատասխաններ, մեզ մնում է առայժմ ենթադրություններ անել:
Ենթադրություն թիվ 1. Գագիկ Հարությունյանը սխալվում էր կամ էլ միտումնաբար թյուրիմացության մեջ էր գցում հասարակայնությանը: Այդ դեպքում հարցերը հանվում են, եւ բոլորը (բացի ՍԴ նախագահից) կարող են հանգիստ շունչ քաշել:
Ենթադրություն թիվ 2. Գագիկ Հարությունյանը սխալվում էր (կամ խաբում էր), պնդելով, որ նշված գումարները ստացվել էին պետության կողմից վարկերի տեսքով: Այդ միլիոնները պարզապես գրանտներ են, որոնց համար պետությունը պատասխանատու չէ, ինչպես իր ասուլիսում նշեց հանրապետության նախագահը: Այսինքն, ինչ-որ միջազգային կազմակերպություն ճամպրուկով միլիոն դոլար է բերում դատաիրավական բարեփոխումներ անցկացնող մասնավոր անձ Պողոս Պողոսյանին (այդ բարեփոխումները նա, հավանաբար, իր տանն է անցկացնում կամ բաղում) կամ, ասենք, «Գինեկոլոգներ առանց սահմանի» հասարակական կազմակերպությանը եւ ասում է. «Վերցրեք, սիրելիներս, վայելեք»: Պետությունը ոչ մի կերպ չի ֆիքսում այդ փաստը եւ ոչ մի հարկ չի պահանջում:
Կարդացեք նաև
Ենթադրություն թիվ 3. Գագիկ Հարությունյանը չէր սխալվում եւ չէր խաբում: Անձամբ Ռոբերտ Քոչարյանը այդ վարկերի համար, բնականաբար, ոչ մի պատասխանատվություն չի կրում, որովհետեւ դրանք ստացվել են այն ժամանակ, երբ ինքը ոչ Հայաստանի նախագահ էր, ոչ էլ վարչապետ: Այնուամենայնիվ, վատ չէր լինի, որ իրավասու մարմիններն այդ վարկերով զբաղվեին: Գուցե այդ հինգ միլիոն դոլարը մի տեղ գցած է, եւ մենք պարզապես տե՞ղը չգիտենք:
Ա. Աբրահամյան