Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորի՞ց «խաղ չկա»

Հուլիս 24,1998 00:15

Վերջին տարիների ընթացքում «հեղաշրջում» բառը հաստատորեն մտել է մեր քաղաքական բառապաշարի մեջ: Դաշնակները մեղադրվում էին զինված հեղաշրջման կոչեր արտասանելու մեջ, 95 եւ 96 թվականների ընտրությունները ընդդիմությունը հեղաշրջում էր անվանում, եւ նույնիսկ սեպտեմբերի 25-ի անկարգությունները նախորդ դատախազը սկզբից որակեց որպես պետական հեղաշրջման փորձ: Բնական է, որ իշխանության վերջին փոփոխությունից դժգոհ մարդիկ դա էլ են կոչում հեղաշրջում: Այդ բոլոր պնդումները, ըստ երեւույթին, կեղծ են, եւ հեղաշրջում չէին նաեւ այս տարվա սկզբի իրադարձությունները: Ի՞նչ է, Խրուշչովին Բրեժնեւով փոխարինելը հեղաշրջո՞ւմ էր: Ամենեւին: Պարզապես գալիս է մի պահ, երբ պոլիտբյուրոն տրոհվում է, եւ կառավարման այդ բարձրագույն մարմնի ազդեցիկ անդամները /սովորաբար դրանց թվում են ուժային նախարարները/ որոշում են, որ այս մի «գենսեկն» իրենց ձեռնտու չէ եւ պիտի փոխարինվի մեկ այլ «գենսեկով»: Մնացածը /կոչվի դա Կենտկոմի պլենում, թե ընտրություններ/ տեխնիկայի գործ է: Այդ ամենն, իհարկե, համեմվում է ժողովրդի կամքի մասին խոսակցություններով, բայց իրադարձությունների բուն «ֆաբուլայի» վրա չի ազդում:

Ցանկացած նորմալ քաղաքացու համար անչափ ցանկալի է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի «պոլիտբյուրոն» այլեւս չտրոհվի, որ նախագահը, խորհրդարանը, տեղական ինքնակառավարման մարմիններն աշխատեն օրենքով նախատեսված ժամկետում: Բայց հեղաշրջման հետ դա բացարձակապես ոչ մի կապ չունի: Այդպիսի բան Հայաստանում չի եղել, չի էլ լինելու, եւ դա բոլորը շատ լավ հասկանում են:

Ինչո՞վ է այդ դեպքում բացատրվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ագրեսիվ «պասսաժը» հեղաշրջման մասին, որը չափազանց հիշեցնում էր նախորդ իշխանավորների՝ «մեր դեմ խաղ չկա» չարչրկված արտահայտությունը: Շատ պարզ: Մեր ներկա եւ նախորդ ղեկավարներին թվում է. որքան կարծր է, անզիջում եւ ինքնավստահ իրենց դիրքորոշումն ու, համապատասխանաբար, բառապաշարը, այնքան ուժեղ է իշխանությունն ու պետությունը, եւ այնքան հեշտ է երկիր ղեկավարել: Դա ցավալի մոլորություն է: Հակառակն ապացուցող օրինակը աչքներիս առաջ է. խորհրդային կայսրությունը հիմնված էր ուժի, սպառնալիքների եւ վախի վրա: Սակայն այդ կայսրության աղետալի փլուզման սարսափելի հետեւանքներն իրենց մաշկի վրա են զգալու նույնիսկ մեր թոռները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031