Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՏՈՒՆ ԿԱՆՉԻՐ

Հուլիս 23,1998 00:00
erexa

Թափառող եւ մուրացիկ երեխաների մասին այնքան է խոսվել ու գրվել, որ դժվար է նոր բան ասել այս թեմայի շուրջ։ Իրենց խելքը գլխին համարողները, իմանալով, թե ինչի մասին է խոսքը, շարունակ փնթփնթում են, թե «էդ քրջոտների մասին խոսելով՝ խենթացրիք»։ Սակայն հայտնի է, որ կաթիլն էլ է ժայռ ծակում, ուստի մենք հակված ենք խոսել եւ գրել այնքան, մինչեւ «համապատասխան ատյանների համպատասխան պաշտոնյաները» իրենց փափուկ բազմոցների մեջ կբարեհաճեն մի կողմից մյուս կողմ շուռ գալ եւ նայել այս հանրապետությանը առանց վարդագույն ակնոցների։

Թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների խնդիրը հանրապետության թիվ մեկ խնդիրներից է։ Բազմիցս առիթ ունեցել ենք ասել, որ այս երեխաներով հարկ է լրջորեն զբաղվել։ Վաղը նրանք ծնելու են իրենց նմաններին, եւ արդյունքում ունենալու ենք առավել հիվանդ հասարակություն եւ առավել խեղված երկիր։ Ժամանակին հինգ պատկառելի նախարարություններ (ՆԳ եւ ԱԱ, սոցապ, առողջապահության, կրթության, ֆինանսների) շլացուցիչ աղմուկ բարձրացրին, նախարարով- բանով՝ իրենցից գոհ հայտարարեցին, թե որոշել են լրջորեն զբաղվել թափառաշրջիկներով։ Եվ իսկապես, ցուցադրաբար մի քանի «պտիչկա» դնելու համար գովազդը տեղը միջոցառումներ կազմակերպեցին։

Հետո՞… հետո ի՞նչ, ջահերը հանգցրին, ծնծղաները թաքցրին եւ անցան իրենց հոգսերին։ Իսկ թափառաշրջիկությունը եւ մուրացկանությունը ծաղկում է անարգել։

Փողոցում մի աղջիկ էր ընկել

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ, Սունդուկյան փողոցի սկզբում, երեկ առավոտ, ժամը 11-ի սահմաններում մի աղջիկ էր ընկել։ Ներկաներից մի քանիսն ասում էին, թե աղջիկը էպիլեպսիկ հիվանդ էր։ Մյուս մասը այն կարծիքին էր, թե աղջիկը սովից է թուլացել, երրորդներն էլ վստահ էին, որ աղջկան ծեծել են։ Աղջիկն այսպես անօգնական դեռ երկար կմնար, եթե մի կին չկռահեր, որ հարկավոր է շտապօգնություն կանչել։

Իսկ շտապօգնության մեքենան ուշացավ

Կինը զանգահարեց շտապօգնություն, ասաց թե ինչ է կատարվել եւ խնդրեց, որ շտապ գան։ Սակայն ո՞ր շտապօգնության մեքենան է ժամանակին հասնում։ Այս մեկն էլ ուշացավ։ Ինչո՞ւ շտապեին, եթե խոսքն անտեր, անտիրական մի աղջկա մասին էր։ Ներկաներից մի քանիսը վկայեցին, թե շտապօգնության մեքենան դեպքի վայր հասավ գրեթե 1 ժամ ուշացումով։ Զանգահարող կինը ասաց, թե ահազանգել է Արաբկիրի շրջանի շտապօգնություն։ Այսինքն՝ անցնելիք ճանապարհը շատ կարճ պիտի լիներ։ Գալուց հետո էլ՝ փոխանակ իրենց բուն գործին անցնեն, վայ բուժաշխատողները չէին մոտենում երեխային եւ աջուձախ բղավում էին. «Էս բազարը վերջացրեք»։ Բժիշկների այս պահվածքից ժողովուրդն ավելի էր վրդովվում, եւ «էդ բազարը» գնալով աղմկոտ էր դառնում։ Ժողովրդի ցասումը անկանխատեսելի էր դառնում. «Փոխանակ էս երեխային օգնեն, մեզ են խրատ տալիս»։ Ի վերջո, ներկաներից վախենալով, թե, վերջապես հիշելով իրենց կոչումը, բուժաշխատողները երեխային տեղափոխեցին հիվանդանոց։

Ի՞նչ էր կատարվել իրականում

Իրականում (այդ տարածքում թափառաշրջիկության եւ մուրացկանությամբ զբաղվող երեխաների վկայությամբ) ՆԳ աշխատակիցները երեկ առավոտ հանկարծ հիշել էին, որ ժամանակին մի գործ էլ էին անում, այն է՝ թափառող երեխաներ էին հավաքում։ Քրիստինեն (փողոցում անօգնական ընկած աղջիկը), նրա եղբայրը, ընկերուհին (որն համառորեն ուզում էր ինձ համոզել, թե ինքը Քրիստինեի քույրիկն է) գիշերում էին այս կամ այն շենքի մուտքում, անտուն, անընտանիք։ Ու հենց որ զգում էին, թե սկսվել է իրենց նմանների հավաքը, իրար իմաց էին տալիս ու փախչում։

Ինչո՞ւ եք փախչում,- հարցնում եմ,- թող տանեն մանկատուն, գիշերօթիկ, ավելի լավ չի՞, քան փողոցը։

– Ոչ մի մանկատուն էլ չեն տանում, տանում են բաժին, ծեծում են, մի քանի օր պահում են ու բաց թողնում։

– Ես գիշերօթիկ գնում եմ, հիմա արձակուրդ ա, եկել եմ փողոց։

– Տուն չունե՞ս։

– Ունեմ, բայց տանը ի՞նչ կա, փողոցում ուրախ ա։

Ներկաների վկայությունները

Գրեթե բոլոր զրուցակիցներս էլ իրենց անունները չէին ուզում հայտնել, սակայն վկայություն տալ ուզում էին։ Մեկն ասաց, թե ինքն է օճառ-բան տալիս եւ պատվիրում, որ էդ «անտեր երեխեքը» իջնեն Հրազդանի ձորում լողանան-մաքրվեն։ Մյուսն էլ ասաց, թե էդ ուշաթափված եւ թեւերը վնասած աղջիկը ամեն տեղ հայտարարում է, թե ինքը «պուտանկա» է։ Իսկ աղջիկը 12 տարեկան է, մայրը մահացել է, հայրը ամուսնացել է կրկին ու երեխաներին լքել։ Մինչ մենք զրուցում էինք, Զոյան (մյուս թափառաշրջիկ աղջիկը) խնձոր ծախող կնոջից մի երկու խնձոր թռցրեց)։ Ասաց, թե քրոջ մոտ հիվանդանոց է ուզում գնալ եւ «ուտելիք, բան-ման է հավաքում», որ տանի։ Իսկ խնձոր ծախողը ձայնը գլուխն էր գցել, հարայ-հրոցը կապել է, թե էս ի՞նչ օրենք է, էս ի՞նչ բան է, էդ երեխան ի՞նչ իրավունքով իր խնձորը տարավ, ինքը «հո նրա նոքյարը չի՞»։

Գոռգոռացող կնոջը մոտեցան օրենքի երկու պահապաններ եւ զգուշացրին, թե պետք չէ աղմուկ բարձրացնել։

Երեխաներին հավաքելու ժամանակը

Պետություն կոչվածն այս պարագայում մի անդեմ, անձեւ եւ չեղած գոյ է։ Այն թվում է թե կա, երբ խոսքը ավելի «ազնվական բաների» մասին է։ Ասենք՝ սեփականաշնորհման, կոնյակի վաճառքի, պայմանագրերի ստորագրման, «Ինտերնետով» հաղորդակցվող երեխաների։ Պետություն կոչվածը չկա, երբ խոսքը վերաբերում է երեխաների (ընդհանրապես երեխաների) նկատմամբ պետական հոգածությանը, սոցիալական խնդիրների լուծմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն։

Մեր օրերի ամոթ-2

Մի առիթով, մեր օրերի ամոթ էինք համարել պատկառելի մի կառույցի պահվածքը, կոնկրետ մի հարցի նկատմամբ։ Այն ժամանակ տվյալ կառույցը խիստ վիրավորված պատասխաններ եւ բացատրություններ ուղարկեց խմբագրություն։ Այսօր թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների նկատմամբ անուշադրությունը ում երեսին էլ շպրտենք, հետ է գալու, որովհետեւ այս անտեր երեխաների հոգսը ոչ մեկը իրենը չի համարում։ Մանկատներից փախչում են, որովհետեւ այնտեղ ծեծում են, վիրավորում եւ ստրկացնում։ Տնից փախչում են, որովհետեւ մայրն անբարոյական է, հայրը՝ հարբեցող։ Ու մեծանում է մի սերունդ, որը դառնալու է վաղվա տերը։ Հասարակությունը առանց մութ ուժերի թերեւս ինքն իրեն չի պատկերացնում եւ այդ պատճառով է սնում ու պահպանում այս թշվառությունը։

Իսկ երեխային տարել էին թիվ 3 մանկական հիվանդանոց

Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով զանգահարեցի հիվանդանոց։ Հիվանդանոցի տնօրեն պրն Դալլաքյանը ասաց, թե լուրջ վնասվածք չկա, առայժմ պարզվում է իրադրությունը։ Իսկ իրադրությունը պարզել, նշանակում է հետեւյալը՝ «տեր-մեր» ունի, թե՝ ոչ։ Մեր այն հարցին, թե սպասում են տերերի այցին, ո՞ր հետո միայն բժշկական օգնություն ցույց տան, պարոն Դալլաքյանը վիրավորված պատասխանեց, որ իրենք արել են ինչ-որ պետք է, պարզապես ուզում են ճշտել մինչ այդ պահը երեխայի առողջական վիճակը, արդյո՞ք որեւէ լուրջ հիվանդություն չունի։ Երեխան վերակենդանացման բաժնից տեղափոխվել է տրավմատոլոգիայի բաժին։ Մեր այն հարցին, թե մարմնի ո՞ր մասերում նա կոտրվածք ունի, պատասխանվեց՝ թե կոտրվածք չկա, կան թեթեւ քերծվածքներ։ Ի վերջո, մեր զանգի իմաստը չհասկանալով, պրն տնօրենը հարցրեց, թե ի՞նչ նպատակով ենք հետաքրքրվում՝ «քննիչները գալիս-գնում են, եւ ինչ-որ պետք է կարվի»։

Փորձե՞նք լավատես լինել եւ մտածել, որ իսկապես ինչ-որ պետք է կարվի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031