Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ ՄԻ ՏԵՂ, ՈՒՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ

Հուլիս 23,1998 00:00
Hovik Charxchyan

Մասնագետներն այս մասին նպատակահարմար են գտնում չխոսել։ Կարելի է, իհարկե, ընդհանուր դրույթներով շարադրել բուն էությունը, բայց ոչ ավելին։ Մի քանի կետեր ընդհանրապես հրապարակման ենթակա չեն։ Բոլոր դեպքերում, շրջանցելով պայմանականությունները՝ համաձայնեցինք խոսել այն չափով, որքանով կարելի է։

Հայաստանի տարաբնակեցման գլխավոր ուղղությունների ծրագիրն արժանի էր նման ուշադրության։ Մտահղացումը կար վաղուց։ Բայց եղավ մի պահ, երբ մարդիկ հասկացան, որ ժամանակն է, ու եթե հիմա դա չարվի, 7-8 տարի անց երկիրը ստիպված կլինի դիմել միջազգային էքսպերտների օգնությանը՝ վճարելով հարյուրապատիկ ավելին, քան սեփական մասնագետներին։ Ծրագիրը կազմելու պարտավորությունը ստանձնեց «Հայնախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Ըստ էության, դա պետպատվեր էր ի դեմս քաղաքաշինության նախարարության։ Նախապատրաստումներն սկսեցին 1995 թ., բուն աշխատանքը մեկնարկեց մեկ տարի անց։

Ամեն քառակուսի մետրը հաշվի մեջ է

Տարաբնակեցում հասկացությունը ոչ մասնագիտորեն ձեւակերպելով՝ կարելի է ներկայացնել այսպես. ազգաբնակչության մտածված, պլանավորված զանգվածային տեղավորումներ՝ օգտագործելով երկրի բոլոր տարածքները։ Այլ խոսքով, ծրագրի նպատակն է Հայաստանը տեսնել լավագույնս ինվենտարիզացված տարածք, ուր ամեն մի քառակուսի մետրի մասին կլինի առանձնակի պատկերացում, կգնահատվի այդ տարածքն իր բնական ռեսուրսներով, աշխարհագրական հնարավորություններով, աշխատուժ տեղավորելու կարողությամբ։ Առավել հասկանալի լինելու համար «Հայնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Լեւոն Խաչատրյանը այսպես է բացատրում. «Վերցնենք, օրինակ, այսօրվա ամենակորած-մոլորված անկյունը՝ Ամասիայի հյուսիս- արեւմտյան հատվածը, որը պիտանի չէ ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ արդյունաբերության, ո՛չ բնակեցման համար։ Բայց եթե պարզենք, որ նա իր դիրքով այսօրվա աշխարհաքաղաքական կառուցվածքով ինչ-որ նշանակություն է ստանում, ապա իրավունք չունենք այդ հողի նկատմամբ անտարբեր լինել։ Այսինքն՝ մեր բոլոր ծրագրերում նա իր տեղը պիտի ունենա»։

Թեեւ ամեն ինչ նախեւառաջ պայմանավորված է հողով, սակայն բաղադրիչները նույնպես անկարեւոր չեն։ Ըստ հողի պիտանելիության աստիճանի, ծրագիրը կնախանշի՝ հետեւյալ տարածքում ճանապարհներն ինչպես պիտի երկարեն կամ ձգվեն, կապի մյուս մայրուղիներն ինչպես պիտի ստեղծվեն, ինչ էներգետիկ ուղղվածություն կունենա եւ այլն։ Իսկ Հայաստանի դեպքում, երբ 29 հազար քառակուսի կիլոմետրը միայն թիվ չէ, ստրատեգիան շատ ավելի կտրական է. մենք չպիտի ունենանք անօգտագործելի հողեր։

Սխալները շտկելու ժամանակը

Հանրապետության տարաբնակեցման գլխավոր ուղղությունների ծրագրի հեղինակները երկիրն ընկալել են իբրեւ մի կենդանի օրգանիզմ, որը նաեւ իր թույլ կետերն ունի։ Դրանցից մեկն էլ այն է, որ Հայաստանը ժամանակին տարաբնակեցվել է ոչ ճիշտ։ Ստեղծելով հզոր մայրաքաղաք՝ հզոր արդյունաբերությամբ, որն իր ծավալներով կբավարարեր ոչ միայն ռեգիոնին, այլեւ ավելի մեծ տարածքի, անուշադրության է մատնվել գյուղատնտեսությունը։ Եվ այսօր աշխատանքները տարվելու են հին սխալները շտկելուն զուգընթաց։ Կառավարությունն է, որ պիտի ընդունի հարցերի առաջադրման եւ լուծման ստրատեգիական ուղղությունները։ Ամեն նախարարություն իր զարգացման ծրագիրը կունենա։

Ի դեպ, թեեւ ծրագիրը չի նախատեսում Հայաստանի նոր վարչատարածքային բաժանում, սակայն արդեն կարծիքներ կան, որ որոշ դեպքերում ներքին սահմանները վերանայման կարիք ունեն։ «Որովհետեւ ստեղծվել են արհեստական բարդություններ,- ասում է Լեւոն Խաչատրյանը։ – Դրանք ոչ միայն աշխարհագրական պատճառներով են։ Օրինակ, «Այրում» կայարանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում այն պատճառով, որ կայարանն իր մի քանի բնակելի տներով այսօր գտնվում է Լոռու, իսկ քաղաքը՝ Տավուշի մարզերում։ Ստացվում է, որ դա մի օրգանիզմ չէ։ Եվ ինձ թվում է, որ անխուսափելի է մարզային սահմանների վերանայումը»։

Մեկ անգամ եւ ընդմիշտ

Նախագծողները շտապեցին օր առաջ իրենց աշխատանքների մասին տեղյակ պահել վարչապետին, գտնելով, որ ծրագրային բնույթ ունեցող այս կարգի աշխատանքներում համատեղությունը պետք է տեսնել։ Հանդիպումը կայացավ։ Ներկա էին քաղաքաշինության, արդյունաբերության, տարածքային կառավարման, սեփականաշնորհման նախարարները։ Ներկայացվեց ծրագիրն իր հիմնական դրույթներով։ «Ուրախ էինք, որ նա լավ ընդունեց։ Մեր պրոֆեսիոնալ լեզուն շատ բարդ է, մենք տերմիններ ենք օգտագործում, որոնց շարքում «տարաբնակեցում» բառն ամենապարզն է, բայց վարչապետն այնպիսի պարզությամբ ընկալեց, որ զարմանալի էր»,- ասում է Լ. Խաչատրյանը։ Վարչապետը հանձնարարեց արագ վերջացնել աշխատանքները, քանի որ դեռ պահանջվելու է իրականացման մեխանիզմները մշակել։ Ակնհայտորեն աշխատանքը շատ երկար է լինելու, եւ սա դեռ առաջին քայլն է։

Հաջորդը Հայաստանի տարածքների զարգացման նախագիծն է լինելու։ Հեղինակներն ինքնատիպ ուղի են գտել։ Ամենայն հավանականությամբ, սկզբնական շրջանում այն կիրագործվի մեկ առանձին վերցրած մարզում, որը կծառայի իբրեւ մոդել։ «Հայնախագիծ»-ում շեշտում են, որ այս հարցում ընդդիմադիրներ չունեն։ «Այսօր մեր արածը պետք է լինի մեկ անգամ եւ ընդմիշտ, այլ կերպ անելու իրավունք չունենք, եւ դա թող լինի դանդաղ, բայց հիմնավոր»։

Մեր այն հարցին, թե ապագայի Հայաստանն ինչպիսի՞ն է լինելու. ուրբանիզացված երկի՞ր, թե՞ նախապատվությունը կտրվի գյուղատնտեսությանը, հեղինակները պատասխանեցին, որ իրենք քաղաքը չեն դիտում իբրեւ ամբողջությամբ ձեւավորված ինչ-որ քաղաքաշինական միավոր։ «Այն, ինչ-որ կա, արդեն ունենք։ Ոչ մի անգամ, ոչ մի նախագծով, ոչ մի կառավարություն չի կարող ստիպել, ասենք, Ախուրյան քաղաքին վերածվել գյուղի։ Դա կարող է տեղի ունենալ միայն հողերի շնորհիվ»։

Ծրագիր ունենք, աշխարհը չունի

Տարաբնակեցման ուղղությունների ծրագրում չէր կարող հաշվի չառնվել նաեւ բնակչության աճը։ Վիճակագրությունը պնդում է, որ մեր աճը տարեկան 50 հազար է։ Նախագծողներն իրենց հերթին որդեգրում են այն սկզբունքը, ըստ որի իրենց աշխատանքներում չկան արտագաղթածներ, եւ նրանք միշտ հաշվի մեջ են։ Իսկ այն պնդումները, թե ծրագիրը նախատեսված է 5-6 միլիոն բնակչի համար, այստեղ չհաստատվեցին. «Դա շատ երկարատեւ պրոցես կլինի։ Իսկ, առհասարակ, մենք այդ թեման չենք շոշափում»։ Պակաս կարեւոր չի դիտվում ազգային մենթալիտետի դերը, ինչը եթե նույնիսկ ծրագրի հեղինակներն էլ հաշվի չառնեին, շուկան վաղ թե ուշ մղելու էր դրան։ Հավասարապես զգալի է նախագծողների սուր անհանգստությունն աշխատատեղեր ստեղծելու առնչությամբ։ Հաշվի են առնված բոլոր հնարավոր բնական պաշարները, կլիմայական պայմանները, տնտեսական հարաբերությունների զարգացման աստիճանը։ Մի խոսքով, որքան էլ խուսափենք բարձրագոչ որակումներից, այնուհանդերձ, երեւույթներն իրենց անունով կոչելու պահանջը թելադրում է ասել, որ սա միայն համապետական ծրագիր չէ։ Սա բոլոր առումներով մեր հանրապետության հիմնական տնտեսական ծրագիրն է։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031