Երկուշաբթի Թեհրանից վերադարձավ Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ օպերատիվ հարցերի նախարար Շահեն Կարամանուկյանի գլխավորությամբ։ «Առավոտի» թղթակցի խնդրանքով պրն Կարամանուկյանը պատմում է այցի արդյունքների մասին։
– 1997-98 թվականներին հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններում նկատվում են որոշ լճացման երեւույթներ։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ հարաբերություններում գերակշռողն առ այսօր պարզ առեւտուրն էր, ապրանքափոխանակությունը, որն իրեն լիովին արդարացնում էր 90-ականների սկզբին եւ կեսերին, բայց այսօր, իմ կարծիքով, իրեն սպառել է։ Ժամանակն է արդեն մշակել լուրջ համատեղ տնտեսական ծրագրեր, ավելի արդյունավետ օգտագործելով մեր երկրների ներուժը՝ հեռանկարային, ինտեգրացիոն կապեր հաստատելով մեր երկրների միջեւ։
Հուլիսի 18-20-ը Թեհրանում կայացավ հայ-իրանական տնտեսական կապերի կոորդինացման հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում էի ես, Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը՝ ԻԻՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար պարոն Նամազին։
Կոորդինացիոն հանձնաժողովների համատեղ նիստի անցկացման օրերին մեր պատվիրակությունը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Խաթամիի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ պարոն Հաբիբիի, շինարարական ջիհադի նախարար պարոն Սաիդի Քիայի, Մոսթազաֆան եւ Ջանբազան հիմնադրամի նախագահ պարոն Ռաֆիղդուստի, արտասահմանյան կապիտալ ներդրումների կազմակերպության նախագահ պարոն Նավաբի հետ, ինչպես նաեւ հանդիպեց եւ բանակցություններ վարեց ԻԻՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար դոկտոր Նամազիի, ճանապարհի եւ փոխադրումների նախարար պարոն Հոջաթիի, էներգետիկայի նախարար պարոն Բիթարաֆի, քաղաքաշինության նախարար պարոն Ադբուլալիզադեի եւ փոստի, հեռագրակապի ու հեռախոսի նախարար պարոն Արեֆի հետ։ Մեր պատվիրակության կազմում էին նախարարներ Մարտիրոսյանը, Վարդանյանը, Զախարյանը, փոխնախարարներ Ասլիկյանը, Մանասարյանը եւ Թոփուզյանը։
Կարդացեք նաև
– Հեռանկարային ինտեգրացիոն կապեր հաստատելու համար անհրաժեշտ չէ՞ տնտեսական համակարգերի որոշակի համապատասխանություն։
– Մեր տնտեսական համակարգերը տարբեր են, բայց մենք լավ հնարավորություններ ունենք իրար լրացնելու, մասնավորապես, կարող ենք ավելի լիարժեքորեն օգտագործել մեր երկրների տարածքները եւ ճանապարհները՝ որպես տրանզիտ՝ այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Մեր այցելության եւ բանակցությունների ժամանակ որոշ առաջընթաց արձանագրվեց մի շարք կոնկրետ ծրագրերում։ Օրինակ, կապի բնագավառում մենք քննարկում ենք Իրան-Հայաստան-Վրաստան նոր մալուխային գծի անցկացման հարցը, որը հնարավորություն կտա ոչ միայն Իրանի եւ մեր կապը դարձնել ավելի կայուն, այլեւ մի յուրահատուկ կամուրջ դառնալ Եվրոպայի եւ Ասիայի երկրների միջեւ։ Այս գծի Մեղրի-Երեւան մասը հիմնականում արդեն պատրաստ է: Մեղրի-Մարանդ եւ Երեւան- Թբիլիսի-Փոթի գծի տեղադրման ուղղությամբ այժմ աշխատանք է տարվում, որում շահագրգռված էին նաեւ մի շարք արտասահմանյան ընկերություններ։
Տրանսպորտի բնագավառում մենք ձգտում ենք, որ իրանական կողմն ակտիվ մասնակցություն ունենա Քաջարանի թունելի շինարարությանը։ Բանակցություններն այս հարցում բավականին երկար են ընթանում, եւ այս փուլում մենք մոտենում ենք լուծումներին, որոնք ավելի իրագործելի են, քան նախորդ առաջարկները։ Էներգետիկայում մենք ունենք երեք խոշոր հիմնահարց։ Առաջինը՝ Մեղրիի նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումն է, որը պետք է ունենա 200 մեգավատ հզորություն։ Քանի որ Արաքս գետը սահմանային է, այդ կայանը պետք է կառուցվի իրանական կողմի մասնակցությամբ։ Մեր կողմից տեխնիկական-նախագծային աշխատանքները, փաստորեն, ավարտված են, եւ այժմ պետք է սկսվի այդ աշխատանքի համատեղ փուլը։ Երկրորդ խնդիրն է այսօր մեր երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը։ Հարցն այն է, որ ոչ մենք, ոչ էլ Իրանն այժմ էլեկտրաէներգիա ներմուծելու կարիքը չունենք։ Սակայն ատոմակայանի առկայության պայմաններում առանց էլեկտրաէներգիա ներկրելու եւ արտահանելու աշխատելը դժվար է։ Ուստի, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ որոշակի ժամերին կամ տարվա եղանակներին այդ էներգիան ներկրելու եւ արտահանելու մասին։ Երրորդ խոշոր ծրագիրն է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը։ Էներգետիկ ու, խոշոր հաշվով նաեւ՝ ազգային անվտանգության տեսակետից շատ կարեւոր է, որ երկիրն ունենա գազի սնուցման մի քանի տարբերակ։
Այս գազատարի շուրջ դեռ 95 թվականին կնքվել էր մի պայմանագիր, որն ուներ թերի կողմեր։ Մասնավորապես, այս պայմանագրով գազ պետք է մատակարարվեր մարտից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ամբողջ գազատարը պետք է կառուցվեր միայն հայկական կողմի միջոցներով։ Այս անգամ մենք պայմանավորվեցինք, որ այդ գազամուղը կառուցելու համար կստեղծվի միջազգային կոնսորցիում, որին, բացի Հայաստանից եւ Իրանից, կմասնակցեն այլ երկրների խոշոր գազային ընկերություններ։ Այժմ կատարվում են տեխնիկատնտեսական հաշվարկներ, որպեսզի ներդրողների համար դա շահավետ գործարք լինի։ Պատվիրակության մեջ էին մի շարք արդյունաբերական եւ գիտական հաստատությունների ղեկավարներ, Սյունիքի մարզպետը, որոնք նաեւ իրենց բնագավառներում կարեւոր հեռանկարային պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ոլորտների թվարկման մեջ նշեմ նաեւ գյուղատնտեսությունն ու քաղաքաշինությունը։ Շատ հավանական է, որ մոտ ժամանակներս մեր մի շարք շինարարական ընկերություններ Իրանում սկսեն սեյսմակայուն շինարարություն իրականացնել։
– Համաձա՞յն եք, որ Իրանի հետ բանակցությունները երկար են ընթանում եւ պայմանավորվածությունները դժվար են ձեռք բերվում։
– Ոչ, համաձայն չեմ։ Այն փաստը, որ ըստ էության զրոյական վիճակից մի քանի տարվա ընթացքում Իրանը դարձավ մեր երկրորդ առեւտրական պարտնյորը, որի հետ առեւտրաշրջանառությունը կազմում է մոտ 140 մլն դոլար, ինքնին ապացուցում է, որ երկու պետությունները մեծապես նպաստել են փոխշահավետ համագործակցությանը։ Այստեղ մեծ վաստակ ունի հայ-իրանական տնտեսական համագործակցության հանձնաժողովը, որը մեր կողմից մի քանի տարի ղեկավարում էր այն ժամանակ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը։
– Հնարավո՞ր է, որ արեւմտյան երկրների հետ հարաբերությունները բարելավմանը զուգահեռ մենք այլեւս չհետաքրքրենք Իրանին որպես գործընկեր։
– Չեմ կարծում։ Իրանի մասին այդ պատկերացումները թերի են։ Այդ երկիրն այսօր ունի չափազանց շահավետ տնտեսական հարաբերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրների, մասնավորապես Եվրամիության պետությունների եւ Ճապոնիայի հետ, իհարկե, նաեւ հարեւանների հետ։ Եվ մեր համագործակցությունը պետք է դիտել որպես այդ քաղաքականության մի մաս, որպես հարեւանների փոխշահավետ համագործակցություն։ Լուսանկարում՝ Շահեն Կարամանուկյանը եւ դոկտոր Նամազին ստորագրում են փոխըմբռնման հուշագիրը: