Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ 100 ՕՐԸ

Հուլիս 23,1998 00:00
Robert Qocharyan

Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը մամլո ասուլիս է տալիս մեծ լսարանի առջեւ։ Այս անգամ, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերյան ասուլիսի, նկատելի էին մի քանի նոր իրողություններ։ Նախագահի աշխատակազմն ասուլիսին պատրաստվել էր շատ ավելի լուրջ, քան ենթադրվում էր։ Լրագրողներին բաժանվեցին փաստաթղթերի փաթեթներ, որոնք հետաքրքիր տեղեկություններ էին բովանդակում տարբեր ոլորտների վերաբերյալ։ Ասուլիսն ավելի ազատ ռեժիմով անցկացվեց, եւ գոնե ենթահարցեր տալու հնարավորություն լրագրողները ստացան։

Միով բանիվ, անցնենք ասուլիսի բովանդակությանը։ Ըստ էության այն ոչ թե 100 օրվա, այլ կիսամյակային հաշվետվություն էր։ Նախագահը թվարկեց այն բոլոր հարցերի շրջանակը, որոնք անմիջականորեն առնչվում են իրականացվող քաղաքականությանը։ Դրանք են՝ տնտեսական զարգացման առաջնահերթությունների հստակ ձեւակերպումը, ակտիվ ներդրումային քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը եւ արագ քայլերը դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ։ Ռ. Քոչարյանն ասաց, որ լավ է հիշում իր նախընտրական խոստումներն ու ծրագիրը, եւ հիմնական քայլերը դրանց իրականացման ուղղությամբ էլ իրականացվում են։ Ստեղծվել են բազմաթիվ հանձնաժողովներ, որոնցում համագործակցության հնարավորություն կա պետական կառույցներն առավելագույնս կատարելագործելու համար։ Հստակ դիրքորոշում է մշակվել արտաքին քաղաքականության հարցերի շրջանակի վերաբերյալ։ Հայաստանն այլեւս ունի սեփական մոտեցումները ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ, լայնածավալ հարաբերություններ է իրականացնում սփյուռքում եւ ակտիվացնում է գործունեությունը եվրոպական կառույցներում։ Տնտեսական ոլորտում եւս գոհացուցիչ արդյունքներ կան, սակայն, քանի որ փոքր էին բազային ռեսուրսները, ուստի զարգացման տեմպերը եւս շոշափելի չեն։

Շատ կարեւոր մի ընդգծում էլ արեց Ռոբերտ Քոչարյանը. ինքն, առաջին հերթին, ժողովրդի վստահության եւ ներհանրապետական կայունության կարիք ունի։ Թվարկվեցին նաեւ տնտեսական զարգացման հեռանկարներ ունեցող ոլորտները։ Դա ավիացիան է, ոսկու արտադրությունը, ադամանդի վերամշակումը եւ այլն։ Իր նախնական խոսքի ավարտին նախագահը ներկայացրեց, թե ինչպիսին է սեփական աշխատանքային ռեժիմը։ 1992 թ. սկսած, ինքն աշխատում է մոտ 14-ժամյա ռեժիմով։ Իհարկե, որոշակի հոգնածություն այս ամենի արդյունքում զգացվում է, սակայն, որպեսզի հնարավոր լինի դիմանալ 5 տարվա ծանրաբեռնվածությանը, նախագահը շաբաթը երեք օր զբաղվում է սպորտով։ Այնուհետեւ հաջորդեց հարցուպատասխանի մասը։

Հետաքրքիր էր հատկապես հասարակության լայն շերտերում շրջանառվող այն հարցի պատասխանը, որի բովանդակության համաձայն՝ աշնանը նախագահը պետք է հրաժարական տա։ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը բավականին կոշտ էր. «Ով որ հրաժարականի մասին է խոսում, մի քիչ լավ չի ճանաչում ինձ, ուրեմն։ Նույնիսկ հեղաշրջումից են չէ՞, խոսում։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞վ է այն տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում։ Տվեք այդ հարցը՝ տեսնենք ո՞վ է։ Եվ եթե այդպիսի տղամարդիկ կային, ինչո՞վ էին նրանք զբաղված 1995 թվականից այս կողմ, երբ նույնիսկ հեռուստատեսությամբ 1 րոպե խոսելու հնարավորություն չունեին, երբ նրանց մի մասը ձերբակալված, իսկ մյուս մասն էլ նկուղներում թաքնված էր ապրում։ Թող անեին հեղաշրջում։ Ինչո՞ւ չեն արել, սպասել են Քոչարյան Ռոբերտը Ղարաբաղից գա՞։ Չեմ տեսնում էն տղամարդուն, որ ի վիճակի է նման բանի։ Սա առաջին, եւ երկրորդը՝ ուղղակի վերլուծեք՝ ի՞նչ պայմաններում են լինում նման հեղաշրջումներ, նման հեղափոխություններ։ Մի երկրում, ուր չկան քաղբանտարկյալներ, չկան արգելված կուսակցություններ… Ի՞նչը պետք է հիմք լինի նման քայլերի համար։ Բայց ես հասկանում եմ, թե ինչի համար է դա ասվում։ Որովհետեւ երկրի զարգացման համար կայունություն է պետք։ Երբ տեսնում են, որ դրական միտումներ կան, իհարկե, ամեն օր պետք է խոսեն հեղաշրջման մասին, որպեսզի ներդրողները, նաեւ՝ ներսի ներդրողները, որոնք գումարներ ունեն, զուսպ մնան, շատ ակտիվ չլինեն։ Որովհետեւ՝ արդյունքները կբերեն Ռոբերտ Քոչարյանի, որպես նախագահի, իշխանության ամրապնդմանը։ Այդ պատճառով անընդհատ խոսելու են այդ բաների մասին»։

Հետաքրքիր էր նաեւ «Արմենպրեսի» թղթակից Շաքե Ավոյանի հարցը. հանրապետական-երկրապահական ընդհանրությամբ կուսակցությունը կդառնա՞, արդյոք, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը։ Նախագահը նշեց, որ այս պահին պատրաստ չէ այդ հարցին պատասխանել, սակայն նրանց ծրագրին ծանոթանալուց հետո, եթե ընդհանուր եզրեր լինեն, իսկ այդպիսիք, անշուշտ, կլինեն, հնարավոր կլինի նաեւ համագործակցել։ Խոսելով Արցախի հարցի վերաբերյալ՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե, ըստ էության, Հայաստանի դիրքորոշումն ավելի կարծր չէ, քան Ադրբեջանինը։ Նախագահի գնահատմամբ՝ Հայաստանը կառուցողական եւ տրամաբանական մոտեցում է որդեգրել։ Հավարտ՝ Քոչարյանն անդրադարձավ նաեւ մամուլին, նշելով, որ կան հրապարակումներ, որոնք անցնում են քաղաքավարության սահմանները։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031