Բոլորը հիշում են, որ արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի մամլո հարցերի պատասխանատուն «Երեւան» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Աղվան Վարդանյանն էր։ Սակայն հուլիսի 22-ին տեղի ունեցած նախագահի մամլո ասուլիսին «Երեւան» կենտրոնի թղթակիցներին չէին հրավիրել։ Վերջիններիցս մեկն ասուլիսից առաջ ներկայացել էր նախագահի աշխատակազմ, սակայն նա այդպես էլ նախագահին տեսնելու բախտավորությունը չունեցավ։
ԳԱՐԱԺ
ԱԺ-ի մեքենաների հավաքակայանում կա 45-50 մեքենա, որոնցից ամենահինը ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին սպասարկող մեքենան է։ Նախկինում «Վոլգա ԳԱԶ-31» այդ մեքենան սպասարկել է Կարեն Դեմիրճյանին։ Պրն Հարությունյանի մեքենան թեեւ արտաքուստ փայլում է եւ տեսքն էլ, կարծես վատ չէ, սակայն տիրոջից գաղտնի այն պարբերաբար վերանորոգվում է։
ՈՒՐ ԿՈՐԱՎ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ
Կարդացեք նաև
Շախմատասերներին, անշուշտ, հետաքրքիր է իմանալ, թե գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ինչ պատճառով չի մասնակցել Հայաստանի բարձրագույն խմբի 58-րդ առաջնությանը։ «Առավոտին» վստահելի աղբյուրից հաջողվեց պարզել, որ հայ շախմատիստը ներկայումս գտնվում է Իսպանիայում, որտեղ մարզում է Շախմատի համաշխարհային խորհրդի վարկածով աշխարհի չեմպիոնության համար Գարրի Կասպարովի հետ վճռորոշ մրցամարտին նախապատրաստվող Ալեքսեյ Շիրովին։