Երեկվանից ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանի հանձնարարությամբ լայնածավալ ստուգումներ են սկսվել Կենտրոն թաղապետարանում։ Չստուգված լուրերի համաձայն՝ Կենտրոնի թաղապետ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանին նախապես չի առաջարկվել հրաժարական տալ, ի տարբերություն ՀՀՇ վարչության անդամ, Շենգավիթի նախկին թաղապետ Բագրատ Անդրեասյանի։
ՔԽ-Ի ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն «Առավոտին» ասաց, թե նպատակահարմար է արդեն հաջորդ շաբաթ գումարել Ռոբերտ Քոչարյանի կազմավորած Քաղաքական խորհրդի առաջին նիստը։ Այդ շտապողականության պատճառը, ըստ Աղամալյանի, հանրապետությունում կուտակված բազմաթիվ խնդիրներն են։
Ո՞ՒՐ ԵՔ, ՏՂԱՆԵ՛Ր
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթավերջին տեղի ունեցած ՔԴՄ արտահերթ համագումարին ներկա չէին այդ կուսակցության անդամ ԱԺ պատգամավորներից եւ ոչ մեկը։ Այս առումով Ազատ Արշակյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանն ավելի քան մեկ տարի է, չի այցելում կուսակցություն։ Պատգամավոր Մհեր Սեդրակյանի վերաբերյալ էլ Ազատ Արշակյանն ասաց, թե նախորդ օրը հանդիպել է վերջինիս, իսկ ընդհանուր առմամբ՝ Թոխմախի Մհերին ավելի շատ լավ տղա, քան քաղաքական գործիչ է համարում։